ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթի շարունակվող գործընթացի պայմաններում՝ Ներկայացուցիչների տան հանրապետականներն այս շաբաթ հանդես եկան երկրի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ:
«Նախարար Մայորկասը բազմիցս ստել է ամերիկացի ժողովրդին և Միացյալ Նահանգների Կոնգրեսին: Մեր հետաքննությունը բացահայտել է ավելի քան 100 դեպք, երբ Մայորկասը մոլորեցրել է հանրությանը»,- ասում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան Ներքին անվտանգության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մարկ Գրինը:
Հանրապետականների այս՝ շատերի համար անսպասելի նախաձեռնությունը արժանացել է դեմոկրատների քննադատությանը, որոնց ներկայացմամբ՝ նախարարը չի որոշում քաղաքականությունը, ուստի՝ նա չի կարող պաշտոնանկ արվել նման քաղաքականություն վարելու համար:
Your browser doesn’t support HTML5
«Սա լեգիտիմ նախաձեռնություն չէ: Հանրապետականները ցանկանում են ոգևորել իրենց կողմնակիցներին և բարձր պահել նրանց ոգին: Նրանք տեսնում են, որ իրենց աջակցությունը նվազում է»,- նշում է դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմսոնը:
Այս շաբաթվա սկզբին խոսելով Մեքսիկայի հետ սահմանին ստեղծված իրավիճակի մասին՝ Մայորկասը հայտարարել էր, թե պատճառը նաև միգրացիայի աննախադեպ մակարդակն է․ «Անհրաժեշտ է, որ Կոնգրեսը կատարի իր պարտականությունը և գործի: Մեր ներգաղթի համակարգը հնացած է, թերի և տասնամյակներ է, ինչ բարեփոխման կարիք ունի»:
Սենատի երկկուսակցական խումբը շաբաթներ շարունակ բանակցություններ է վարում ԱՄՆ ներգաղթի համակարգում փոփոխություններ կատարելու նպատակով, ինչի դիմաց հանրապետականները խոստանում են կողմ քվեարկել Ուկրաինային լրացուցիչ՝ ավելի քան 60 միլիարդ դոլար օգնության հատկացմանը: Հանրապետականների խոսքով, իրենց համար առաջնայինը ԱՄՆ սահմանների ապահովությունն է, և ուկրաինական հարցում որևէ առաջըթնաց չի լինի՝ առանց ներգաղթի խնդիրների շուրջ պայմանավորվածության:
«Ինչո՞ւ նրանք չեն կարողանում հասկանալ ինչպես ապահովել [մեր] հարավային սահմանների [անվտանգությունը]։ Նախարար Մայորկասը հիմա կկանգնի ձեր առջև ու կասի, որ սահմանն անվտանգ է։ [Բայց] գիտենք, որ այդպես չէ»,- ասում է հանրապետական սենատոր Մարշա Բլեքբըրնը:
Թեև Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը սահմանին իրավիճակը կոչեց «ճգնաժամային», նաև հորդորել է օրենսդիրներին շարունակել աշխատանքը՝ միջազգային անվտանգությանը սպառնալիքներին արձագանքելու համար․ «Մեր պետությունը բախվում է ազգային անվտանգության լրջագույն մարտահրավերների՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, և Սենատը, որը պատասխանատվություն ունի այս հարցում, դեռևս չի [կարողացել] արձագանքել»:
Ըստ Պենտագոնի, Կիևի համար նախատեսված վերջին օժանդակությունը Վաշինգտոնը հատկացրել է նախորդ ամսվա՝ դեկտեմբերի վերջին, և ուկրաինական աջակցության լրացուցիչ փաթեթից զատ, կասեցված են նաև Իսրայելին հասցեագրված մոտ 14 միլիարդ դոլար օգնությունն ու Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական ազդեցության դեմ պայքարի ֆինանսավորումը, մինչև ներգաղթի շուրջ ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության կայացումը:
«Լրացուցիչ փաթեթի ընդունումը [կդիտարկվի որպես] աշխարհին հղված Ամերիկայի ազդանշան, որ մենք պահում ենք [մեր] ուղեգիծը»,- ասում է Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը:
Ինչևէ, Մայորկասին պաշտոնանկ անելու նախագիծն եթե անգամ ստանա Ներկայացուցիչների տան հավանությունը, դժվար թե անցնի Սենատում: