Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հրապարակել է, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալ» հանդիսացող Ռուսաստանի չորս քաղաքացիների անձնական տվյալները, այդ թվում՝ նրանց տան հասցեները։
Այս մասին երեքշաբթի հայտնել են մի քանի լրատվամիջոցներ՝ հղում կատարելով գերատեսչության պաշտոնական կայքին։
Հանրայնացվել են բլոգեր Նիկոլայ Սոբոլևի, «Գոլոս» շարժման ակտիվիստ Սերգեյ Պիսկունովի, լրագրողներ Եկատերինա Լուշնիկովայի և Դենիս Կոնստանտինովի տվյալները։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում մի շարք իրավապաշտպաններ ու փաստաբաններ պնդեցին՝ արդարադատության նախարարության նման քայլը կոպտորեն խախտում է երկրի օրենսդրությունը, որի համար հասնում է մինչև 4 տարի ազատազրկում, սակայն կարծել, թե Ռուսաստանի պետական գերատեսչության ներկայացուցիչներն այս պարագայում պատասխանատվության կենթարկվեն, միամտություն է։
Նման՝ «սև ցուցակներում» ընդգրկված որևէ քաղաքացու նկատմամբ մեկ տարվա ընթացքում կազմված երեք արձանագրությունները թույլ են տալիս նրա դեմ քրեական գործ հարուցել՝ «օտարերկրյա գործակալի պարտականություններից խուսափելու» մեղադրանքով, ինչը ենթադրում է մինչև երկու տարի ազատազրկում։ Ռուսաստանյան լրատվամիջոցները ահազանգում են՝ արդարադատության նախարարությունում սկսել են նախապատրաստվել նման սցենարի։
Իրավապաշտպան, լրագրող Օլեգ Էլանչիկն ընդգծում է՝ անշուշտ, Ռուսաստանի իշխանութունների նման գործելաոճը նորություն չէ․ «Այս դաշտում ամեն ինչ հակասական է, և հակասության մեջ է անգամ Սահմանադրության հետ։ Կրեմլին հավատարիմ պաշտոնյաների, լրատվամիջոցների կողմից օրենքի խախտումները գործնականում ոչ մի արձագանք չեն ստանում, հատկապես՝ երբ խոսքը վերաբերում է ռեժիմի «թշնամիների» դեմ խախտումներին։ Հրապարակել «օտարերկրյա գործակալների» տան հասցեները՝ նշանակում է խրախուսել նրանց հետապնդումը, և ուղղակի վտանգի ենթարկել այդ մարդկանց: Միաժամանակ, եթե [«օտարերկրյա գործակալների»] անձնական տվյալները այլևս հանրային են, ապա իշխանությունները, կարծես, իրենք իրենց ազատում են պատասխանատվությունից, երբ ինչ-որ մեկը վատ բան անի այդ մարդկանց հետ: Մի բան է, երբ միայն իրավապահ մարմինները գիտեն քո հասցեն, այլ բան, երբ բոլորը գիտեն»:
Իրավապաշտպանը շարունակում է, թե այժմ Կրեմլի հիմնական մտահոգությունը գալիք նախագահական ընտրություններն են․ «Նրանք տեսնում են, որ հանրության ներսում և՛ բողոքի ներուժ կա, և՛ մեծ դժգոհություն՝ գումարած պարզ ռուսաստանցիների մոտ ի հայտ եկած հոգնածությունը։ Ուստի, [իշխանությունները] վախենում են որևէ ընդդիմադիր շարժից և, իհարկե, առաջին հերթին նրանցից, ովքեր պիտակավորվել են «օտարերկրյա գործակալներ»՝ իրենց գործունեության ու սկզբունքային դիրքորոշման պատճառով»։
Օլեգ Էլանչիկն այստեղ նաև պատմական օրինաչափություն է տեսնում, թե ռուսաստանյան պետությունը նախևառաջ դիմում է ահաբեկման․ «Եթե այն չի աշխատում, նոր արգելքներ են մտցնում, խստացնում օրենքները։ Օրինակ, ընտրությունների մասին «օտարերկրյա գործակալների» հնչեցրած ցանկացած տեղեկություն կարող են հակաօրիանական համարել։ Կտրուկ կավելացնեն «օտարերկրյա գործակալների» թիվը՝ արտաքին միջամտությանը հակազդելու մասին օրենքի փոփոխությունների միջոցով»։
«Առաջին բաժին» իրավապաշտպան խմբի անդամ Մաքսիմ Օլենիչևը հիշեցնում է՝ «Օտարերկրյա գործակալների մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի վերջին, թույլ է տվել Ռուսաստանի արդարադատության նախարարությանը քաղաքացիների պլանային և չպլանավորված «ստուգումներ» անցկացնել․ «Հաջորդ տարվանից կանցկացվեն ֆիզիկական անձանց պլանային առաջին «ստուգումները»։ «Ստուգումներ» անցկացնելու ձևը [տակավին] հաստատված չէ, բայց նման իրավիճակը իրավունք չի տալիս արդարադատության նախարարությանը հրապարակել քաղաքացիների բնակության հասցեները։ Սա կամայականություն է։ Այդ պաշտոնատար անձանց գործողությունները քրեական օրենսգրքով կարող են որակվել որպես «առանց անձի համաձայնության՝ նրա անձնական կյանքի մասին, անձնական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածում», ինչը պատժվում է 200 հազար ռուբլի տուգանքից մինչև երկու տարի ազատազրկմամբ, իսկ եթե նման խախտումը կատարվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ապա օրենքը նախատեսում է մինչև չորս տարվա ազատազրկում։ Բայց այս ամենը տեսականորեն է»:
Օլենիչևը եզրափակեց՝ տուժած քաղաքացիներն իրավունք ունեն ոչ միայն պահանջել Ռուսաստանի քննչական կոմիտեից քրեական գործ հարուցել, այլև ինքնուրույն դիմեն դատարան՝ առնվազն պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում․ «Միայն դատարանը կարող է որոշել՝ արդյո՞ք արդարադատության նախարարության աշխատակիցների գործողությունները դիտավորյալ են եղել։ Ցավոք, նման պայմաններում իրավապահ մարմինները չափազանց հազվադեպ են հարուցում քրեական գործեր՝ էական չհամարելով նման խախտումները»։