Ռմբակոծությունների պատճառով հայրենի քաղաքը հարկադրաբար լքած բելգորոդցիների խնդիրների պատճառն, անշուշտ, Ուկրաինայի դեմ Կրեմլի նախաձեռնած պատերազմն է։
«Ամերիկայի ձայնի» զրուցակիցներն այս հանգամանքի վրա են ուշադրություն դարձնում՝ ընդգծելով, որ իրավիճակը նկարագրելու ռուսաստանյան պետական լրատվամիջոցների ջանքերը, սոսկ, քարոզչական փորձեր են։
Հղում կատարելով նահանգապետ Ալեքսանդր Գուսևին՝ լրատվամիջոցները գրեցին, որ Ուկրաինայի սահմանին համեմատաբար մոտ գտնվող Բելգորոդ քաղաքի ավելի քան հարյուր բնակիչներ օրերս հարկադրաբար տարհանվել են Ստարի Օսկոլ և Գուբկին բնակավայրեր։ Էլ ավելի վաղ՝ Բելգորոդում բնակվող մի քանի ընտանիքներ լքել էին իրենց տները և տեղափոխվել Վորոնեժի մարզ։
Այս ամենին նախորդել էր անցած տարվա դեկտեմբերի 30-ին Բելգորոդի հրետակոծությունը, ինչի հետևանքով զոհվել էին 25 հոգի, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։ Ներկայացնելով ուկրաինական հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկությունները՝ որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե ուկրաինական ռազմուժը գրոհել էր բացառապես ռուսական ռազմական օբյեկտները, սակայն, հավանաբար, ռուսական հակաօդային պաշտպանության գործողությունների պատճառով՝ հրթիռների բեկորները ընկել էին քաղաքի կենտրոնում։
Դեկտեմբերի 29-ին Բելգորոդի վրա հարձակումը հետևեց ուկրաինական տարածքի աննախադեպ հրետակոծությանը ռուսական ուժերի կողմից:, ինչի հետևանքով սպանվեցին առնվազն 40 քաղաքացիական անձինք երկրի տարբեր բնակավայրերում, ներառյալ՝ մայրաքաղաք Կիևում: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում մեծ թվով զոհերը բացատրեց Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի գործողությամբ։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում լրագրող և բլոգեր Իգոր Յակովենկոն փաստում է՝ պատերազմը մուտք է գործել Ռուսաստանի տարածք, բայց քանի որ թիրախում է երկրի, այսպես ասած, ծայրամասային նահագներից մեկը, Ռուսաստանում արձագանքը զուսպ է․ «Չեմ կարծում, որ ռուսաստանյան հանրային գիտակցությանը կհասնի, թե Պուտինն ուր է տարել երկիրը իր ամբոխահաճո կարգախոսներով։ Այն, ինչ կատարվում է Բելգորոդում, լայն արձագանք չի ստանում երկրում: Դժբախտաբար, արդեն սովոր ենք դրան: Բելգորոդը հարվածի տակ է, բայց ոչ Մոսկվան, ուր մերկ երեկույթներ են: Սանկտ Պետերբուրգն էլ իր բոհեմական կյանքով է ապրում»։
Յակովենկոյի խոսքով, որևէ նահանգի խնդիրները, կարծես, չեն հուզում Ռուսաստանի այլ շրջանների մարդկանց․ «Կարծում եմ, այսօր Ռուսաստանի քաղաքացիներին ավելի շատ մտահոգում է խանութներից հավի մսի անհետացումը և, օրինակ, Մոսկվայի շրջանի բնակիչների ցրտահարությունը, երբ մարդիկ մինուս քսանի պայմաններում զրկվել էին ջեռուցումից, որովհետև ռումբերն առայժմ թափվում են միայն Ուկրաինային սահմանակից քաղաքներում: Քաղաքացիների շահերը պաշտպանելու գործում իշխանությունները պարզապես անօգուտ են։ Թեև այս ամենը պատերազմի հետ կապելու փորձերն տեղին չեն, սակայն սրանք նույն կարգի բաներ են»։
Մոսկվայի նահանգի Պոդոլսկի շրջանի Կլիմովսկի միկրոշրջանում կաթսայատան վթարից հետո, միայն հինգ օր անց հնարավոր եղավ այն վերականգնել և ջեռուցում ապահովել բազմաբնակարան շենքերի 174 բնակարաններ։ Ամանորին նմանատիպ խնդիրներ առաջացան նաև Բալաշիխայում, Խիմկիում և Լյուբերցիում։
Իր հերթին՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հրապարակախոս Գրիգորի Ամնուելը պնում է՝ Բելգորոդի բնակիչների տարհանման պատճառը նրանց անվտանգության ապահովումը չէ, որովհետև եթե Կրեմլն, իրոք, հոգ տաներ երկրի քաղաքացիների մասին, ագրեսիվ պատերազմ չէր սկսի հարևան երկրի դեմ. «Սա ավելի շուտ վկայում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշել է օգտագործել քաղաքի ռմբակոծումը քարոզչական նպատակներով։ Եթե պատմական զուգահեռներ անցկացնենք, ապա Երրորդ ռեյխն ու Խորհրդային Միությունը գործել են մոտավորապես նույն կերպ․ այսինքն՝ իբր Ռուսաստանը ստիպված է պաշտպանվել, քանի որ հարձակման է ենթարկվում։ Ոչինչ չի ասվում, որ ուկրաինական զինված ուժերը պատասխան հարված են հասցրել։ Սա է ամբողջ խաղը»:
Ամնուելի ներկայացմամբ, վերոհիշյալը նաև վկայում է Կրեմլի անզորության մասին, որն ի վիճակի չէ պաշտպանել երկրի քաղաքացիներին․ «Երբ մարտագլխիկը հարվածում է քո կամ հարևանի տանը, մարդկանց գլխում պետք է շատ բան փոխվի։ Առավել ևս՝ եթե ձեր հարազատներից կամ ծանոթներից մեկը սպանվում է։ Այդ դեպքում, սովորաբար, քարոզչության շղարշը ընկնում է մեր աչքերից։ Բայց, ցավոք, Ռուսաստանում այդ տարածված երևույթ չէ։ Իսկ քարոզչական հաղորդումներում, իհարկե, անվերջ կրկնելու են՝ տեսեք, մեզ ռմբակոծում են։ Ուստի, իրավունք ունենք դրանց ջնջել երկրի երեսից։ Երկրում գերիշխում է այն միտքը, թե թելադրողը ուժն է, ինչը դարձյալ քարոզչության աևդյունք է»։
Հետևաբար, ըստ հրապարակախոսի, տեղի ունեցածը չի ազդի Պուտինի վարկանիշի վրա՝ գալիք ընտրություններին ընդառաջ․ «Կարծում եմ, այն մարդիկ, ովքեր տարհանվել են, կազմակերպված ձևով կբերվեն ընտրատեղամաս, և նրանք միաձայն կքվեարկեն ինչպես հարկն է, ինչն էլ կներկայացվի լուրերով»։
Կարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Անդրեյ Կոլեսնիկովի կարծիքով, դեռ որևէ նշան չկա, թե Բելգորոդում տեղի ունեցածը ընկալվում է որպես պատերազմ Ռուսաստանի տարածքում, կամ Պուտինի ձախողում․ «Սակայն ավելի ակնհայտ են դառնում նոր տրամադրությունները՝ հօգուտ խաղաղ բանակցությունների, խաղաղություն, [հօգուտ նրա, որ] ռազմակաճակատից մարդիկ վերադառնան։ Սա Կրեմլի համար անհանգստացնող գործոն է, և այն կարող է ապագայում իր դերն ունենալ։ Ընդհանուր վիճակը վատթարանում է նաև մի շարք խոշոր քաղաքների խանութների դարակներից ձվի և հավի մսի անհետացմամբ, ինչպես նաև այն, որ Մոսկվայի մարզում սաստիկ ցրտերի ժամանակ առանց ջեռուցման մարդիկ էին մնացել։ Բայց առայժմ այս ամենը ներվում է Պուտինին»։
Փորձագետն եզրափակեց, թե դժվար է ասել՝ արդյո՞ք այս խնդիրների հանրագումարն ապագայում իր ազդեցությունը կունենա Ռուսաստանում։