Ի՞նչ է սպասվում Գազային ռազմական գործողություններից հետո

Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբաոծման հետևանքով տեղահանված պաղեստինցի կինը՝ Ռաֆահում իր ավերված տան առջև, 2023 թվականի դեկտեմբերի 27

Գազայում ծանր մարտերին զուգահեռ` իսրայելցիների ու պաղեստինցիների շրջանում չեն դադարում մտորումները, թե ինչ ապագա է սպասվում շրջանին ռազմական գործողությունների ավարտից հետո։ Պաղեստինի ինքնավարության իշխանությունները հայտարարել են, թե պատրաստ են ստանձնել իշխանությունը Գազայում: Իսրայելը, սակայն, դեմ է

Մինչ Գազայում Իսրայելի և «Համասի» միջև ծանր մարտերը շարունակվում են և զոհերի թիվն աճում է՝ միջազգային հանրությունն ուժեղացնում է ճնշումը հրադադարի ձեռքբերման ուղղությամբ։ Սակայն գլխավոր հարցը բաց է մնում՝ ո՞վ է, ի վերջո, վերահսկելու Գազայի հատվածը՝ աղքատության բարձր մակարդակ ունեցող 2,2 միլիոն բնակչությամբ:

«Ինձ չի թվում, որ ԱՄՆ-ի, Իսրայելի, արաբական երկրների և միջազգային հանրության միջև փոխհամաձայնություն կա, թե ինչ անել Գազայի հետ պատերազմից հետո: Ո՞վ է կառավարելու Գազայի հատվածը»,- հարց է բարձրացնում Գազայի Ալ-Ազհար համալսարանի ներկայացուցիչ Մխայմեր Աբու Սադայը:

Your browser doesn’t support HTML5

Ո՞վ է վերահսկելու Գազայի հատվածը ռազմական գործողություններից հետո

Հայտնի է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը, թե ցանկալի է, որ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Պաղեստինի ինքնավարության իշխանությունները ստանձնեն Գազայի հատվածի վերահսկողությունը: Սակայն, ըստ հարցումների, պաղեստինցիների 80%-90%-ը չեն վստահում Պաղեստինի ինքնավարության ղեկավարությանը՝ 88-ամյա նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ:

Արևմտյան ափին գործող պաղեստինյան վարչակազմը շատերի կողմից ընկալվում է որպես կոռումպացված, անարդյունավետ, որը պարզապես ի վիճակի չէ կառավարել Գազան:

Այդուհանդերձ, Պաղեստինի ինքնավարության որոշ պաշտոնյաներ պնդում են, թե պատրաստ են Գազայում ստանձնել իշխանությունը՝ 16 տարի անց, երբ «Համասը» դուրս մղեց նրանց այնտեղից՝ արյունալի հեղաշրջման հետևանքով:

«Պաղեստինի ազատագրման կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության իրավունքն է վերադառնալ Գազայի հատված: Ես վերադառնում եմ իմ երկիր և իմ ժողովուրդի մոտ, այլ ոչ թե օտար երկիր։ Եթե նույնիսկ այն կործանվի, ե՛ս կլինեմ պատասխանատու: Սակայն նման վերադարձը հնարավոր է համապարփակ քաղաքական տեսլականի ներքո, որն աջակցություն կստանա տարածաշրջանային և միջազգային մակարդակում»,- ասում է Արևմտյան ափի պաղեստինյան տարածքներում իշխող Պաղեստինի ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխը։

Պաղեստինցի վերլուծաբանների խոքսքով, նախորդ խորհրդարանական ընտրություններից 17 տարի անց, պաղեստինցիները պետք է ընտրեն ավելի որակյալ ղեկավարություն, որը կարող է միավորել ազգը։

«Ստիպում եք միջազգային հանրությանը այնպիսի վարչակազմ գտնել, որը կարող է ապահովել տեխնոկրատական կառավարում, օրինակ, առողջապահության, կրթության ոլորտներում: Բայց սա անտեսում է այն, որ պաղեստինցիները ցանկանում են ունենալ լեգիտիմ առաջնորդներ: Նրանք ցանկանում են մի իշխանությունն, որը կարող է պաշտպանել իրենց: Սա իսպառ բացակայում է այս քննարկումներում»,- ասում է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Թահանի Մուստաֆան։

Վերջերս Եգիպտոսը առաջ քաշեց եռափուլ խաղաղության ծրագիր, որի սկիզբը պետք է լինի երկշաբաթյա հրադադարը և 40 իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ Այնուհետև, Գազայում կայանալու են ընտրություններ՝ պաղեստինյան նոր, տեխնոկրատական կառավարության ձևավորման նպատակով։ Վերջապես, երրորդ փուլում հաստատվելու է տևական զինադադար՝ իսրայելցի բոլոր պատանդների և պաղեստինցի բոլոր բանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև Գազայից իսրայելական զինուժի ամբողջական դուրսբերման պայմաններում:

Սակայն Եգիպտական առաջարկը «մոռացության» է մատնում «Համասը», ինչը, ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, անընդունելի է: Մյուս կողմից, իսրայելցի որոշ վերլուծաբաններ անիրատեսական են համարում «Համասի» ոչնչացումը:

«Համասը» առաջին հերթին գաղափար է։ «Համասը» չի վերանա։ Նույնիսկ եթե պատերազմի ժամանակ սպանվեն «Համասի» հազարավոր ահաբեկիչներ և քաղաքական առաջնորդներ, նրանք դեռ տասնյակ հազարավոր աջակիցներ կունենան Գազայում և, իհարկե, Հորդանան գետի Արևմտյան ափին»,- ասու է Թել Ավիվի համալսարանի Դայան կենտրոնի ներկայացուցիչ Մայքլ Միլշտեյնը:

Այս ամենի ֆոնին՝ Նեթանյահուն պնդում է, որ ո՛չ «Համասը», ո՛չ Պաղեստինի ինքնավարության իշխանությունները չեն կարող որևէ դերակատարում ունենալ Գազայի հատվածում՝ չներկայացնելով, սակայն, Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ իր տեսլականը: