Շուտով կլրանա ուկրաինական պատերազմի երկրորդ տարին, ռազմական հեղաշրջումները ապակայունացրել են աֆրիկյան մի շարք երկրներ, նոր պատերազմներ են բռնկվել Սուդանում և Մերձավոր Արևելքում։
Սակայն այս ամենի ֆոնին՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հեռու է լուրջ ձեռքբերումներից՝ արյունահեղությունը դադարեցնելու գործում:
«Դժվար գործ է, քանի որ այն հակամարտությունները, որոնց բախվեց ՄԱԿ-ը վերջին մեկ տարվա ընթացքում, այնպիսին են, որոնց կազմակերպությունը ամենաքիչն է պատրաստ դիմակայել: Գործ ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող տերությունների միջև ընթացող հակամարտությունների հետ։ Այս պարագայում ՄԱԿ-ի գործիքակազմը սահմանափակ է»,- ասում է Անջալի Դայալը՝ Ֆորդհեմի համալսարանից:
Your browser doesn’t support HTML5
Հմնական խնդիրն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են օգտագործել վետոյի իրենց իրավունքը՝ արգելափակելու պատժամիջոցները և այլ քայլերը, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է նախաձեռնել խաղաղության ու անվտանգության համար։
Գաղտնիք չէ, որ տերությունների միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունները սրվել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի, մերձավորարևելյան հակամարտության բռնկման պատճառներով։
«[ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդում մթնոլորտն այժմ թունավոր է»,- ասում է Ռիչարդ Գոուանը՝ Միջազգային ճգնաժամային խմբից:
Չնայած ջանքերին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չկարողացավ հասնել հաջողության` հրադադար հաստատել Իսրայելի ու «Համասի» միջև, որն էլ ճանապարհ կհարթեր Գազայի հատված մարդասիրական մեծածավալ օգնության առաքմանը։ Միացյալ Նահանգները վետո կիրառեց, իսկ Իսրայելը կոչ արեց Գուտերեշին հրաժարական տալ:
Հաջողությունները տպավորիչ չեն նաև ՄԱԿ-ի խաղաղապահ այլ նախաձեռնություններում։
Կազմակերպության խաղաղապահ զորախումբը՝ «կապույտ սաղավարտներն» այս տարի նշեցին գործունեության 75-ամյակը։ Սակայն տարեդարձը մի իրավիճակում է, երբ, օրինակ, Մալին և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը պահանջում են ՄԱԿ-ի ուժերից հեռանալ, իսկ Հայիթին կոչ է անում միջազգային հանրությանը, բայց ոչ ՄԱԿ-ին՝ օգնության հասնել՝ երկրում իրավիճակը կայունացնելու համար։ Աֆրիկյան երկրները ավելի հաճախ են դիմում տարածաշրջանային դերակատարներին՝ տարբեր ճգնաժամներին լուծում տալու համար։
Այս ամենը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի՝ ավելի քան 6 միլիարդ դոլար կազմող բյուջեի պայմաններում է, և նշվածը հարցեր է առաջացնում նրանց արդյունավետության ու անհրաժեշտության վերաբերյալ:
«Կարծում եմ, պետք է աշխատենք [ՄԱԿ-ի] անդամ երկրների հետ, որպեսզի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունները կարողանան հասնել իրենց նպատակին»,- նշում է խաղաղապահ գործողությունների գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան:
Անշուշտ, հուսադրող էր Դուբայում կայացած «COP28»՝ կլիմայի փոփոխության գծով ՄԱԿ-ի համաժողովը: Կարևոր ձեռքբերում էր պատվիրակների համաձայնությունը՝ սահմանափակել հանածո էներգակիրների արդյունահանումը, որոնց կիրառումը համաշխարհային ջերմացման հիմնական պատճառն է: Հայտնի է, որ կլիմայի փոփոխությունն իր հետ բերում է նոր բնական աղետներ, հակամարտություններ և այլ գլոբալ ցնցումներ։
Նախորդ տասնամյակներին շատերն են կոչ արել բարեփոխումների ենթարկել ՄԱԿ-ը՝ ընդլայնելով Անվտանգության խորհրդի կազմը:
«ՄԱԿ-ը կաթվածահար էր Սառը պատերազմի ժամանակ: Այն փաստը, որ այն կրկին ճգնաժամի մեջ է, չի նշանակում, թե մահացած է: Կարծում եմ, անհրաժեշտ է մտածել ՄԱԿ-ում փոփոխություններ իրականացնելու մասին»,- ասում է Ռիչարդ Գոուանը:
Դիտորդների խոսքով, գլխավոր խնդիրն այն է, որ կառույցի բարեփոխումների հարցում տակավին չկա փոխհամաձանություն՝ այն ավելի արդյունավետ դարձնելու համար: