Սերբիայի բազմթիվ քաղաքացիներ կիրակի ընտրատեղամասերում էին՝ քվեարկելու նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ անցած ամիս հայտարարած արտահերթ խորհրդարանական և 65 համայնքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ՏԻՄ ընտրություններում։
«Ipsos»-ի նախորդ հարցման համաձայն, Վուչիչի գլխավորած աջակողմյան Սերբական առաջադիմական կուսակցությունը համարվում է հաղթելու ամենից մեծ հանարավորությոնն ունեցող քաղաքական ուժը։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերի կոալիցիան կարող է լուրջ մարտահրավեր նետել Սերբիայում վեցուկես տարի նախագահող Ալեքսանդր Վուչիչին։
Ընդդիմադիր ուժերի կոալիցիայի հիմքերը դրվեցին այս տարվա մայիսին՝ Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ 13-ամյա պատանու կողմից հրազենի կիրառման հետևանքով սպանվեցին դպրոցի ինը սաներն ու անվտանգության աշխատակիցը։ Հաջորդ օրը՝ մայիսի 4-ին Սերբիայի կենտրոնական շրջաններից մեկում 20-ամյա մի երիտասարդ դարձյալ հրազենից սպանեց ինը հոգու։
Արյունահեղությունները հարյուր հազարավոր մարդկանց դուրս բերեց փողոց։ Հանրահավաքները վերաճեցին հակակառավարական ցույցերի, որոնք տևեցին մի քանի ամիս։ Սերբիան այն երկրների շարքում է, ուր քաղաքացիական բնակչությունը՝ օրինական ճանապարհով մեծապես զինված է։
Բելգրադում՝ ընտրատեղամասերում երեկ առավոտյան ժամը 7-ին արդեն հերթեր էին։ Հարյուրավոր սերբեր Կոսովոյից անցել էին Սերբիա՝ քվեարկելու:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունենրին նպաստող հաջորդ հանգամանքը իրավիճակի սրվելն էր Կոսովոյում։ Այս սեպտեմբեր-հոկտեմբերին, հիշեցնենք, անհանգիստ էր Հյուսիսային Կոսովոյում։ Վաշինգտոնն անգամ հրապարակավ մտահոգություն հչեցրեց, երբ սեպտեմբերի 24-ին տեղի ոստիկանության և ազգությամբ սերբ զինյալների միջև փոխհրաձգության հետևանքով չորս մարդ սպանվեց Բանսկա վանքի տարածքում։
Այս հուլիսին ԱՄՆ պատժամիջոցներ էր սահմանել Սերբիայի հատուկ ծառայության՝ Անվտանգության և տեղեկատվության գործակալության (BIA) ղեկավար Ալեքսանդր Վուլինի նկատմամբ։ Վաշինգտոնը Վուլինին մեղադրում է պաշտոնական դիրքի չարաշահմամբ Կրեմլին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև զենքի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ:
Ընտրությունները Սերբիայում անցան տնտեսական խնդիրների, մասնավորապես՝ բարձր գնաճի պայմաննեիում։ Քվեարկությանն ընդառաջ՝ թանկացումները մեղմելու համար նախագահ Վուչիչն ընդլայնեց կառավարության սոցիալական ծրագրերը՝ բարձրացնելով կենսաթոշակները ու տարեցների համար նախատեսված այլ վճարները: Ի հավելումն՝ խոստացավ՝ առաջիկա տարիներին կրկնապատկել միջին ամսական աշխատավարձը ու վեստին բարձրացնել կենսաթոշակները։
Ավելի քան 10 տարի զբաղեցնելով իշխանական բարձր պաշտոններ՝ Ալեքսանդր Վուչիչը կարողացել է ընդլայնել իր ազդեցությունը նաև իշխանական համակարգից դուրս, այդ թվում՝ լրատվամիջոցների նկատմամբ։
Ներկայիս արտահերթ խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններն անցան Սերբիայի նախորդ համապետական ընտրություններից շատ չանցած։ 2022 թվականի ապրիլին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վուչիչը և նրա կուսակցությունը ամրապնդել էին իշխանությունը։
Այս ամենի ֆոնին՝ ամսվա սկզբին Սերբիան ավարտեց Բուլղարիային կապող գազատարի կառուցումը, ինչը թույլ կտա Բելգրադին դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները և նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Եվրահանձնաժողովը 49․6 միլիոն եվրո էր հատկացրել խողովակի կառուցմանը, ևս 25 միլիոն եվրո ստացվել էր վարկի տեսքով՝ Եվրոպական ներդրումային բանկից։ Սերբիայի կառավարությունը տրամադրել էր 22․5 միլիոնը։