Ռուսաստանցի քաղբանտարկյալների կյանքը վտանգված է

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնի

Իրավապաշտպանների խոսքով, քաղաքական հայացքների համար Ռուսաստանում անազատության մեջ գտնվողները անտանելի պայմաններում են։

Նախօրեին պաշտոնական Վաշինգտոնն իր մտահոգությունն է հնչեցրել ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակի վերաբերյալ։

Երկուշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նշել է, որ Միացյալ Նահանգները տեղեկություն չունի Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի գտնվելու վայրի մասին։

Ավելի վաղ՝ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Մելեխովո քաղաքի «ИК-6» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փողոցում սպասող Նավալնիի փաստաբանին տեղեկացրել են, որ ընդդիմադիր գործիչն «այլևս ընդգրկված չէ» բանտարկյալների ցանկում, և հրաժարվել են հայտնել, թե ուր է տեղափոխվել Նավալնին։

«Այն բանից հետո, երբ նրա փաստաբաններն ասացին, որ գրեթե մեկ շաբաթ է չեն կարողացել կապվել Նավալնիի հետ, ու երբ նա այսօր չներկայացավ դատարան, ինչպես նախատեսված էր, խորապես անհանգստացած ենք Նավալնիի ճակատագրով։ Ռուսաստանի կառավարությանը հասկացրել ենք, որ պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Նավալնիի հետ, քանի դեռ նա անազատության մեջ է, և որ [որևէ խնդրի պարագայում] պատասխանատվության կենթարկվեն միջազգային հանրության կողմից»,- ասել է Միլլերը՝ հավելելով․ «Բազմիցս ենք հանդես եկել Նավալնիի ընտանիքի, նրա գործընկերների և ողջ աշխարհում համախոհների հետ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել [Ալեքսեյ Նավալնիին]՝ առանց նախապայմանների, և դադարեցնել Ռուսաստանում [անկախ մտածող] մարդկանց նկատմամբ ճնշումները, որոնք հետապնդվում են [սոսկ] մարդու իրավունքներն իրացնելու համար։ Կշարունակենք հետևել Ռուսաստանում ապօրինի ձերբակալված բոլոր անձանց գործերին»։

Երկուշաբթի օրը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ևս մտահոգություն է հայտնել Նավալնիի շուրջ զարգացումների վերաբերյալ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործչին։

Հիշեցնենք, Նավալնիի համախոհները օրեր շարունակ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ, իսկ փաստաբաններին թույլ չեն տվել դեկտեմբերի 6-ին տեսակցել նրան։ Ավելի վաղ՝ լրատվամիջոցները հայտնել էին, թե ընդդիմադիրը բանտախցում ուշագնաց է եղել։

Ոչ պակաս մտահոգիչ լուրեր են հասնում մեկ այլ քաղբանտարկյալ՝ 62-ամյա Ալեքսեյ Գորինովի մասին։ 2022 թվականին Գորինովը դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ ռուսական զինված ուժերի վերաբերյալ «կեղծ լուրերի» գործով, իսկ հետո նրա դեմ քրեական գործ հարուցվեց «ահաբեկչությունն արդարացնելու համար»։

Գորինովին այցելած փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չէր կարողանում անգամ աթոռին նստել ու խոսել։ Հայտնի է, որ Գորինովն ունի քրոնիկ հիվանդությունների մի ողջ փունջ, հաճախ՝ անազատության մեջ է ցուրտ պայմաններում, իսկ դրսից փոխանցված դեղերը՝ խլել են։

Մի խումբ ռուսաստանցի բժիշկներ հանդես են եկել բաց նամակով՝ պահանջելով անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել Գորինովին կալանավայրում, քանզի նրա կյանքին վտանգ է սպառնում։

«Telegram»-յան ալիքներից մեկում մեկնաբանելով Նավալնիի և Գորինովի հետ կապված իրավիճակը՝ իրավապաշտպան Լև Պոնոմարևը չի բացառել, որ իշխանությունները կարող են դիմել «ամեն տեսակի ստորության», ուստի պետք է ուշադիր լինել այն մարդկանց ճակատագրի նկատմամբ, ովքեր «խոշտանգողների ձեռքում են»։

Պոնոմարևն ասել, թե Ալեքսեյ Գորինովին «իրոք սպանում են»՝ կոչ անելով ավելի շատ խոսել քաղբանտարկյալների վիճակի մասին․ «[Խնդիրների] բարձրաձայնումը [քաղբանտարկյալների] փրկության միակ հույսն է, երբ երկրում չեն գործում օրենքները կամ սահմանադրությունը։ Միգուցե, այդ ժամանակ հնարավոր լինի տապալել սրիկաների ծրագրերը»։

Պակաս հոռետես չեն «Ամերիկայի ձայնի» զրուցակից Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Օրինակ, փաստաբան և իրավապաշտպան Իլյա Շաբլինսկու խոսքով, քաղբանտարկյալների նկատմամբ իշխանությունների անմարդկային և անօրինական գործողությունները հանգեցրել են մի իրավիճակի, երբ նրանց կյանքին իրական վտանգ է սպառնում։ Նա պնդում է՝ որևէ հիմք չկա հավատալու կալանավայրի վարչակազմի պաշտոնական վարկածին, թե իբր տեսակապի միջոցով չի կարող ապահովել Ալեքսեյ Նավալնու ներկայությունը դատարանում՝ էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով:

«Պաշտոնական վարկածը խեղկատակություն է։ Այն, որ Ալեքսեյը հերթական անգամ չի կարողացել կապվել դատարանի հետ տեսակապի միջոցով, հանգեցնում է վատ հետևությունների։ Ըստ ամենայնի, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Միանգամայն հնարավոր է, որ գործ ունենք «Новичок»-ով թունավորման հետևանքների հետ։ Գիտեմ, որ այդ չափազանց թունավոր նյութը մշակողներից մեկը պատահաբար կլանել է դրա փոքր չափաբաժինը, հետո երկար ժամանակ կոմայի մեջ է եղել, և մի քանի տարի անց մահացել»։

Շաբլինսկու ներկայացմամբ, Ալեքսեյ Գորինովը նաև վիրահատության է ենթարկվել. թոքախտի պատճառով հեռացրել են նրա թոքի մի մասը. «Այս վիճակում նրան պատժախուց ուղարկելը, ուր անընդհատ ցուրտ է, և նա չի կարող պառկել, պարզապես ծաղր է: Սա մահացու է նրա համար։ Չգիտեմ՝ այս մասին մտածո՞ւմ են նրանք, ովքեր եռանդով կատարում են վերևից եկող պատվերներ։ Միգուցե, այն սովորական անտարբերություն է բանտարկյալների ճակատագրի նկատմամբ։ Բայց հետևանքները կարող են շատ տխուր լինել»։

Փաստաբանի համոզմամբ, Կրեմլը անխնա հաշիվներ է մաքրում քաղաքական հակառակորդների հետ․ «Ամենավատ կանխատեսումներն են մտքումս, բայց հուսով եմ, որ քաղբանտարկյալների մահն այսօր չի բխում Կրեմլի շահերից»:

Իր հերթին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ և իրավապաշտպան Նատալյա Պելևինան «Ամերիկայի ձայնին» փոխանցել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն բավարարվում, որ պուտինյան ռեժիմի դեմ հանդես եկող մարդիկ հայտնվեն բանտում, և այդպիսի մարդկանց համար Մոկսվայում ձգտում են ստեղծել ծանրագույն պայմանները․ «Այն, որ որոշ դեպքերում նման պայմանները հանգեցնում են իրական սպառնալիքի՝ բանտարկյալների կյանքի համար, վերևներում որևէ մեկին չի մտահոգում։ Ողբերգություն է տեղի ունենում Ալեքսեյ Գորինովի հետ, ում վաղուց եմ ճանաչում։ Պարկեշտ, ազնիվ մարդ է, ով լուրջ առողջական խնդիրներ ունի։ Եվ հիմա՝ բանտում պարզապես ուզում են նրան սպանել։ Անհնար է սրա ականատեսը լինել առանց ցավի»։

«Հասկանալի է, ռուսաստանցի իրավապաշտպանները փորձում են անել հնարավորը՝ խնդրին սևեռելով միջազգային հանրության ուշադրությունը։ Բայց ջանքերը բավարար չեն։ Ռուսաստանցի քաղբանտարկյալները բացարձակապես անպաշտպան են իշխանությունների առջև։ Վախենում եմ, որ երկուսի՝ [Նավալնու ու Գորինովի] դեպքում էլ կյանքին սպառնացող վտանգ կա։ Իսկ եթե նրանց հետ ճակատագրական բան պատահի, այն, ավաղ, բողոքի ալիք չի բարձրացնի։ Ցավոք սրտի, սա է այսօրվա իրականությունը»,- եզրափակել է Նատալյա Պելևինան: