Մոսկվան և Մինսկն արգելափակել են Էստոնիայի ներկայացուցչի ընտրությունը ԵԱՀԿ նախագահի պաշտոնում

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության դրոշները Վիեննայում

Ռուսաստանը և Բելառուսը վետո են կիրառել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ 2024 թվականի նախագահի պաշտոնում Էստոնիայի ներկայացուցչի ընտրության ժամանակ՝ նոյեմբերի 21-ին Վիեննայում կայացած կազմակերպության նիստում։ Էստոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, Տալինն էր Եվրամիության երկրների ընդհանուր թեկնածուն։

ԵԱՀԿ կանոնադրության համաձայն, կազմակերպությունում նախագահող երկրները պետք է փոխվեն յուրաքանչյուր տարի՝ ԵԱՀԿ անդամ բոլոր 57 երկրների համաձայնությամբ։ Մոսկվան անմիջապես հայտարարեց, թե անընդունելի է համարում Էստոնիայի թեկնածությունը: Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը դեռ մայիսին ասել էր, որ Մոսկվան բալթյան երկրները համարում է թշնամական պետություններ, որոնք չեն կարող հաշվի առնել ԵԱՀԿ բոլոր անդամների շահերը։

Իր հերթին՝ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն գարնանը հայտարարել էր, որ եթե 2024 թվականին ԵԱՀԿ-ում նախագահ չընտրվի, կազմակերպությունը կարող է փլուզվել։ 2025 թվականի նախագահության համար հայտ է ներկայացրել Հելսինկին։

ԵԱՀԿ-ն ստեղծվել է 1975 թվականին՝ նպատակ ունենալով նվազեցնել ռազմա-քաղաքական լարվածությունը Եվրոպայում և ամրապնդել երկարամասի անվտանգությունը։

2022 թվականին՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր Ռուսաստանը արգելափակել է կազմակերպության մի շարք որոշումներ։ Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում կայացած կազմակերպության նիստերին ռուսաստնայան պատվիրակության մասնակցությունը արգելելուց հետո, Մոսկվան հրաժարվեց անդամավճար մուծել։ «The Times of Malta»-ն նոյեմբերի սկզբին հաղորդել էր, որ Մալթան ստացել է ոչ պաշտոնական առաջարկ՝ դառնալ 2024 թվականի ԵԱՀԿ նախագահող-երկիր՝ որպես փոխզիջումային թեկնածու: Տեղելությունը պաշտոնապես չի հաստատվել։