Ռուսաստանում հազարավոր հանցագործներ են ներում ստացել՝ մեկնելով ռազմաճակատ

Ռուսական թերթ

Իրավապաշտպաններն ու իրավաբանները խոսում են կամայական որոշումների մասին։

«Новой газета»-ի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության կազմակերպմանը դեր ուենցած Սերգեյ Հաջիկուրբանովը, որը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, վաղաժամկետ ազատ է արձակվել և կռվում է Ուկրաինայում՝ հայտնում են լրատվամիջոցները։

Նախկին միլիցիոներ Հաջիկուրբանովի պատժաչափը լրանալու էր 2034 թվականին, սակայն դեռ անցած տարվա վերջից նա հայտնվել է ռազմաճակատում։

Հանցագործին ներում շնորհելու կապակցությամբ «Новой газета»-ի կայքում հրապարակվել է Վերա և Իլյա Պոլիտկովսկիների, ինչպես նաև խմբագրության հայտարարությունը։

«[Տեղի ունեցածը] անարդարության և կամայականության հրեշավոր փաստ է, անարգանք մի մարդու հիշատակի նկատմամբ, ով սպանվել է իր համոզմունքների և մասնագիտական պարտքը կատարելու համար»,- նշված է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակների կարծիքով, այս պարագայում արդարություն փնտրելն անիմաստ է, քանի որ «այն փակված է պատժախցում՝ իշխանություններին վարկաբեկելու համար»։ «Իսկ մարդասպանները կանեն այն, ինչ սովոր են՝ ծաղրելով զոհերին, նրանց հարազատներին ու ընկերներին, վկաներին, դատարանը, օրենքն ու պետությունը, որն այնքան թույլ է, որ դիմել է նրանց՝ օգնության համար»։

Լրագրողի սպանության պատվիրատուները տակավին չեն հայտնաբերվել։

Բնավ առաջին դեպքը չէ, երբ դաժան սպանությունների համար դատապարտվածներին ու այլ հանցագործներին Ռուսաստանում ներում են շնորհում՝ Ուկրաինա՝ պատերազմ ուղարկելու նպատակով՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանության «Մեմորիալ» կենտրոնի իրավաբան Վիոլետա Ֆիցները։

«Ակնհայտ է, որ իշխանությունները չեն հարգում մարդու իրավունքները, նույնիսկ այնպիսի անօտարելի իրավունքը, ինչպիսին կյանքի իրավունքն է։ Ռուսաստանը իրավական պետություն է միայն թղթի վրա և Սահմանադրությամբ, որը երկրում վաղուց չի պահպանվում։ Այս դեպքը իշխող շրջանակների կամայականության ու դեգրադացիայի հերթական պատկերավոր ապացույցն է»,- հավելել է նա։

Ըստ իրավաբանի, Կրեմլի համար այժմ ամենակարևորը Ուկրաինայի դեմ ագրեսիան շարունակելն է, և այդ նպատակների համար նրանք ոչինչ չեն խնայում․ «Հետևաբար, իսկական մարդասպաններին բաց են թողնում և ուղարկում պատերազմ՝ սպանելու, իսկ խաղաղության կողմնակիցներին ու պատերազմը քննադատողներին քրեական պատասխանատվության են ենթարկում՝ դատապարտելով նրանց երկարաժամկետ ազատազրկման»։

Ֆիցների փոխանցմամբ, «Մեմորիալը» հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ուղարկել դիմում, ուր ներկայացված է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կատարում Աննա Պոլիտկովսկայայի, Ալեքսանդր Լիտվինենկոյի և Նատալյա Էստեմիրովայի սպանությունները պատշաճ հետաքննելու իրենց պարտավորությունները․ «Փաստաթղթում, մասնավորապես, նշված է, որ Աննա Պոլիտկովսկայայի սպանությունից անցել է 17 տարի, իսկ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել գտնել պատվիրատուին և պատասխանատվության ենթարկել։ Այժմ մտադիր ենք տեղեկացնել նախարարների կոմիտեին Սերգեյ Հաջիկուրբանովին ներում շնորհելու մասին»։

Փաստաբան և իրավապաշտպան Իլյա Շաբլինսկու բնութագրմամբ, Հաջիկուրբանովի համաներումը «անարդար և օրինախախտ որոշում է»։

«Բայց այս դեպքը, ավաղ, այլևս չի զարմացնում։ Ազատ է արձակվել [Վլադիսլավ] Կանյուսը, որն ընդամենը երկու տարի առաջ գազանաբար սպանել էր մի աղջկա [Վերա Պեխտելևային]՝ Սիբիրի Կեմերովո քաղաքում։ Նա դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, բայց կես տարի չանցած արդեն ազատության մեջ էր՝ համաներմամբ։ Սպանվածի հարազատներն ու ընկերները ուղղակի սարսափած ու վրդովված էին։ Բնավ եզակի օրինակ չէ։ Դրանք բազմաթիվ են»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է Շաբլինսկին։

Իրավապաշտպանի տվյալներով, Պեխտելևայի հայրը դատախազությունից պաշտոնական պատասխան է ստացել, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նրա դստեր սպանողին ներում է շնորհվել այս տարվա գարնանը։ Մարդասպանը ազատվել է նաև զոհի հարազատներին չորս միլիոն ռուբլի բարոյական փոխհատուցում վճարելու պարտավորությունից։

Քրեական հանցագործներն համաներման ենթարկելու այդ որոշումները իրավազուրկ են՝ ընդգծում է Իլյա Շաբլինսկին․ «Դրանք հասարակության մեջ ստեղծում են ճնշող բացասական մթնոլորտ, վախի մթնոլորտ։ Մեծ թվով մարդասպաններ ու սպանության հանցակիցներ հայտնվել են ազատության մեջ, և մարդիկ չգիտեն՝ ինչպես արձագանքել դրան։ Նրանք խուճապի ու շփոթության մեջ են, իսկ իշխանություններին դա բոլորովին չի մտահոգում։ Համաներված հանցագործներից մի քանիսն արդեն նոր սպանություններ են գործել։ Իրավիճակը, անշուշտ, արտառոց է։ Բայց քանի դեռ Պուտինը նախագահ է, ոչ ոք դրա համար պատասխան չի տա։ Ի վերջո, նա է ազատություն շնորհել»։

Պատճառը, թե ինչու իշխանությունները չեն հրաժարվում նման հանցագործներին ու սադիստներին բանակ զորակոչելու արատավոր գործելակերպից, պարզ է ու հասկանալի՝ նշում է Շաբլինսկին․ «Իշխանությունների համար այժմ չափազանց դժվար է կամավորներ և պայմանագրային զինծառայողներ հավաքագրել ու ուղարկել ռազմաճակատ՝ անկախ նրանից, թե ինչ են ասում [երկրի նախկին նախագահ] Դմիտրի Մեդվեդևի նման պաշտոնյաները։ Հետո ավելի դժվար է լինելու։ Ուստի, հետևելով [«Վագների» հիմնադիր] հանգուցյալ Եվգենի Պրիգոժինի պատգամներին՝ մարդկանց հավաքագրելու համար՝ գնում են ազատազրկման վայրեր»։

Իլյա Շաբլինսկին եզրափակում է՝ առաջիկայում ավելի ծանր հետևանքներ են լինելու, քանի որ զորացրվելուց հետո, տուն կվերադառնան քրեական անցյալ ունեցող հազարավոր մարդիկ, որոնք ձեռք են բերել անպատիժ սպանություններ կատարելու փորձ։

«Агентство» պարբերականի տվյալներով, պատերազմից վերադարձած ռուսաստանցիներն արդեն սպանել են առնվազն 27 մարդու։