«The Washington Post»-ի փոխանցմամբ, Իսրայելն ու «Համաս» խմբավորումը մոտ են ԱՄՆ միջնորդությամբ համաձայնության ձեռքբերմանը, ըստ որի պաղեստինյան կողմը ազատ կարձակի մի քանի տասնյակ պատանդների, փոխարենը՝ Գազայում կհաստատվի հնգօրյա զինդադար, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել հումանիտար օգնության տեղափոխումը շրջան:
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։
«Դեռևս չկա վեջնական համաձայնություն։ Կարծում եմ, վաղ է եզրակացնել, թե [համաձայնության ձեռքբերումն] անխուսափելի է՝ հաշվի առնելով, որ նախկինում որքան մոտ էինք համաձայնությանը: Չեմ անդրադառնա այն կարևոր կետերին, որոնց շուրջ բանակցում ենք: Դրանք հրապարակային չեն, բայց շատ կարևոր են։ Նրանք [կողմերը] որոշակի առաջընթաց են գրանցել, և հուսանք՝ բանակցությունները շուտով կավարտվեն, որպեսզի մարդիկ, վերջապես, կարողանան տուն վերադառնալ»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները:
Your browser doesn’t support HTML5
Մինչ այդ Իսրայելի բանակը շարունակում է իր գործողությունները Գազայում, որոնք հաջորդեցին հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» իրականացրած արյունալի գրոհին, ինչի հետևանքով սպանվեցին 1 400 իսրայելիցներ, պատանդ տարվեցին մոտ 240-ը:
«Հուսով ենք, որ առաջիկա օրերին կարող ենք զգալի թվով պատանդների ազատ արձակել։ Չեմ ուզում խորանալ բանակցությունների մեջ։ Դրանք շատ զգայուն են: Որքան քիչ խորանանք, այնքան մեծ կլինի համաձայնության հասնելու հավանականությունը: Բայց շատ լուրջ ջանքեր են գործադրվում, և հուսով եմ՝ կկարողանանք առաջիկա օրերին հասնել համաձայնության»,- ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը:
Պաղեստինի առողջապահության նախարարության փոխանցմամբ, հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական ռազմուժի գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 12 հազար պաղեստինցի՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ:
Պաղեստինցի փախստականներին օգնության ցուցաբերման և աշխատանքի կազմակերպման ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) գնահատմամբ, մոտ 900 հազար պաղեստինցի տեղահանվածներ այժմ Գազայի տարբեր մասերում տեղակայված կազմակերպության ճամբարներում են, և այդ թիվը վեց անգամ գերազանցում է թույլատրված սահմանաչափը:
«Տեղահանվածներից շատերը մտահոգ են՝ ապագայում ինչպե՞ս են հոգալու իրենց ընտանիքերի կարքիները: Ավելի շատ մարդկանց է մտահոգում անորոշությունը․ որտե՞ղ են ապրելու, կրթելու իրենց երեխաներին։ Ի՞նչ է նրանց սպասվում ապագայում: Սրանք կարևոր հարցեր են, որոնք հուզում են Գազայի բնակիչներին»:
Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության արդեն վեցերորդ շաբաթն է, և մարդասիրական օգնության միայն մի մասն է հասել պաղեստինցի խաղաղ բնակիչներին, որոնք կողմերի՝ փոխադարձ կրակի տակ են: Նրանց համար հրադադարը կյանքի ու մահվան հարց է: