Հոկտեմբերի 7-ից Քֆար Ազա կիբուցը ու Գազային սահմանակից իսրայելական մյուս համայնքների մեծ մասը դարձել են ուրվական-քաղաքներ, երբ «Համասի» զինյալները գրոհեցին հրեական պետությունը՝ սպանելով մոտ 1 400 իսրայելցիների, պատանդ վերցնելով շուրջ 240 հոգու:
Իսրայելը տարհանել է իր գրեթե 200 հազար քաղաքացիների, որոնք բնակվում էին Գազային սահմանակից բնակավայրերում։ Այսօր այդ մարդիկ հյուրանոցներում են, ու ժամանակավոր կացարաններում: Նրանցից շատերն ցանկություն են հայտնել տուն վերադառնալ, բայց միայն այն պարագայում, եթե վստահ լինեն, որ «հոկտեմբերի 7-ը», չի կրկնվի։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի խոսքով, իսրայելցիների անվտանգության ապահովման միակ միջոցը «Համասի» ոչնչացումն է, այնուհետև՝ Գազայում իսրայելական անվտանգության ուժերի կողմից վերահսկողության հաստատումը։
Your browser doesn’t support HTML5
«Գազայի հատվածը ենթարկվելու է ապառազմականացման, ու այն կդադարի սպառնալիք ներկայացնել Իսրայել պետությանը։ Եվ որպեսզի նման վտանգ չառաջանա, որքան անհրաժեշտ է, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի վերահսկողություն պահպանել Գազայի հատվածի նկատմամբ՝ կանխելու ահաբեկչությունը»,- ասել է Նեթանյահուն:
Մյուս կողմից, Գազայում զոհերի աճող թվի ֆոնին՝ Իսրայելը հայտնվել է ամերիկյան ուժգնացող ճնշման ներքո՝ քայլեր ձեռնարկել բարելավելու պաղեստինյան այդ շրջանի խաղաղ բնակչության վիճակը։
«Բազմաթիվ պաղեստինցիներ են սպանվել, շատերն են տուժել վերջին շաբաթների ընթացքում։ Ցանկանում ենք անել հնարավորը, որպեսզի կանխենք [խաղաղ բնակչությանը] հասցվող վնասը, և հնարավորինս մեծ ծավալի մարդասիրական օգնություն տեղ հասցնենք»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Թեև Իսրայելի ղեկավարությունը դեմ չէ Գազայի հատվածին մարդասիրական օգնության տրամադրմանը, սակայն պնդում է՝ հրադադար չի կարող հաստատվել, քանի դեռ 240 պատանդներ գտնվում են «Համասի» ձեռքում: Նման դիրքորոշումը նաև պատանդների հարազատների, նրանց բազմահազար աջակիցների պահանջն է։ Իսրայելական դիտորդների կարծիքով, պատանդների առկայության պայմաններում հրադադար հատատելը սխալ քայլ կլինի։
«Նման պարագայում կրակի դադարեցումը պարզապես կնշանակի, որ «Համասը» հաղթանակ է տարել, խուսափել է զանգվածային սպանությունների համար պատասխան տալուց, և Իսրայելը պարտվել է: Մենք չենք կարողանա ապահովել մեր տարածքի անվտանգությունը։ Մեր զսպող ուժը կկորցնի իր նշանակությունը: Մեր թշնամիները այլևս կմտածեն, որ յուրաքանչյուր անգամ, երբ մեզ հարվածեն, և մենք հակահարված տանք, միջազգային հանրությունը հրադարարով կկապի մեր ձեռքերը»,- ասում է ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը:
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։
Սակայն մարտերն ի վերջո կավարտվեն, և ինչ-որ մեկը պետք է ղեկավարի Գազայի հատվածը՝ 2․3 միլիոն բնակչությամբ:
Վաշինգտոնում չեն բացառում, որ նման պատասխանատվություն կստանձնի Հորդանան գետի արևմտյան ափում իշխող Պաղեստինի ինքնավարությունը: Սակայն դիտորդների փոխանցմամբ, պաղստինյան այդ իշխանությունը տեղացիների կողմից ընկալվում է որպես թույլ ու կոռումպացված։
«Ժամանակ կպահանջվի, մինչև տեղում ի հայտ գա ուժեղ իշխանություն: Իսրայելի դիրքորոշումն է, թե չի ցանկանում կառավարել Գազայի հատվածը և մնալ Գազայի հատվածում: Միջազգային հանրությունը, Միացյալ Նահանգները պնդում են, թե դեմ են, որպեսզի [Իսրայելը] վերստին օկուպացնի Գազայի հատվածը, ինչը նշանակում է, որ այն պետք է կառավարվի պաղեստինցիների կողմից։ Սակայն ժամանակ է հարկավոր, մինչև կարողանանք Գազայի [նոր] իշխանության ձևավորման համար հիմքեր ստեղծել»,- ասում է Մերձավոր Արևելքի անվտանգության գծով վերլուծաբան Ավի Մելամեդը:
Այս ամենի ֆոնին՝ Գազայում ծանր մարտերը շարունակվում են, զոհերի թիվն աճում է: