Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի Ադրբեջանին, Հայաստանին, Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային միավորող տարածաշրջանային համագործակցության ձևաչափին, քանի դեռ Ռուսաստանը օկուպացրել է վրացական շրջանները։
«Մեզ համար այս ձևաչափն անընդունելի է հենց Ռուսաստանի պատճառով»,- վրացական լրատվամիջոցներին ասել է իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Նիկոլոզ Սամխարաձեն՝ ընդգծելով, որ Թբիլիսին շահագրգռված է ձևաչափի մյուս մասնակիցների հետ երկկողմ և եռակողմ համագործակցությամբ։
«Մեզ համար կարևոր է, որ Կովկասնում տիրող իրավիճակը նպաստի և՛ քաղաքական, և՛ տնտեսական համագործակցության վրա։ Երբ այս ֆորմատից մի երկիր խախտում է մեր պետության տարածքային ամբողջականությունը և զբաղեցնում է դրա մի մասը, իհարկե, ձևաչափին մասնակցելն անիմաստ է»,- նշել է իշխող ուժի ներկայացուցիչը։
Սամխարաձեն հիշեցրել է, որ Վրաստանը տասնհինգ տարի է Ռուսաստանի հետ մասնակցել է Վրաստանի տարածքային ամբողջականության հետ կապված Ժնևի բանակցություններին, որոնց ընթացքում «արգելափակում են բոլոր որոշումները, որոնք կարող են առաջ մղել հակամարտության կարգավորման գործընթացը կամ նպաստել ապաօկուպացմանն ուղղված քայլերին»:
«Հետևաբար, ես պատրանքներ չունեմ, որ որևէ այլ ձևաչափով Ռուսաստանն այլ կերպ կվարվի», - հավելել է «Վրացական երազանքի» առաջնորդներից մեկը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ համագործակցության գաղափարը հնչել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հոկտեմբերին։ Մոսկվան աջակցել է այս նախաձեռնությանը։
Թբիլիսին ի սկզբանե հայտարարեց, որ քանի դեռ Ռուսաստանը օկուպացրել է վրացական տարածքները, համագործակցությունն անհնար է։ Սակայն, չնայած մերժմանը, Ռուսաստանը պարբերաբար կոչ է անում Վրաստանին մասնակցել հինգ երկրների հետ այսպես կոչված «3+3» ձևաչափով բանակցություններին՝ Թբիլիսիին խրախուսելով վերանայել իր դիրքորոշումը։
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափի մասնակիցների վերջին հանդիպումից հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հույս հայտնեց Վրաստանի ձևաչափին միանալու մասին՝ նշելով, որ «Թբիլիսիի ներկայիս իշխանությունները, ինչպես բազմիցս ապացուցել են, բոլոր գործողությունները առաջին հերթին կապում են հիմնարար ազգային շահերի հետ... Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում «3+3» ձևաչափը լիարժեք կարող է գործել»։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նույնպես կոչ է արել Վրաստանին մասնակցել «3+3» ձևաչափի հետագա հանդիպումներին։
Հատկանշական է, որ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած ձևաչափի առաջին հանդիպման ժամանակ, չնայած վրացական պատվիրակության բացակայությանը, ռուսական կողմը, այնուամենայնիվ, Վրաստանի պետական դրոշը տեղադրել էր մասնակից երկրների դրոշների շարքում։ Վրաստանի ԱԳՆ-ն այդ որոշումն անվանել էր «անընդունելի»։
Անվտանգության և միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Նիկա Չիտաձեն կարծում է, որ չնայած այն բանին, որ «Վրացական երազանքը» չի խուսափում արևմտյան երկրների դիրքորոշման հետ որոշ դեպքերում անհամատեղելի արարքներից և քայլերից, իշխող կուսակցությունը չի ցանկանում մաս կազմել «բացահայտ հակաարևմտյան» ձևաչափին։ Միաժամանակ, ինչպես ասում է քաղաքագետը, Վրաստանի ղեկավարությունը համագործակցում է ձևաչափի մասնակիցներից յուրաքանչյուրի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի։
«Թբիլիսիի և Մոսկվայի միջև չգովազդված կապերի հաստատումը, օրինակ, այս շաբաթ սոցիալական ցանցերում հայտնված Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հեռախոսազրույցներն են՝ երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ, որոնք մի քանի տարի առաջ ընդհատվել էին ՌԴ նախագահ Պուտինի հրամանով։ Հիշեցնենք, որ հունիսին օդային հաղորդակցության վերականգնումից և ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից այս առնչությամբ քննադատություններից հետո, Թբիլիսին հայտարարեց իր անմեղության մասին՝ պնդելով, որ թռիչքները վերականգնվել են Մոսկվայի նախաձեռնությամբ։ Այսինքն՝ «Վրացական երազանքը» չի ցանկանում առընչվել գործողությունների հետ, որոնք ընտրողների կողմից կարող են ընկալվել որպես խոչընդոտ Վրաստանի եվրաատլանտյան ճանապարհին։ Նմանատիպ իրավիճակ է նաև այսպես կոչված «3+3» ձևաչափի» հետ կապված,- նշում է Չիտաձեն։
Հատկանշական է, որ Վրաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված մարտ ամսվա հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 82%-ը նշել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի արևմտամետ, իսկ 9%-ը ռուսամետ։ Միևնույն ժամանակ, ԻԻՀ հարցվածների 89%-ը կողմ է Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 80%-ը՝ ՆԱՏՕ-ին։
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե ում կտային նախապատվությունը, եթե ընտրության առաջ կանգնեն ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու և Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների միջև, հարցվածների 69%-ն ասել է, որ Վրաստանն ավելի շատ կշահի եվրոպական և եվրատլանտյան երկրներ ինտեգրումից, 14%-ը նշել է, որ վստահ չէ, 8%-ը շեշտել է, որ առաջարկված տարբերակներից ոչ մեկն իրենց համար ընդունելի չեն, և միայն 7%-ն է կողմ եղել Ռուսաստանի հետ մերձեցմանը` հրաժարվելով եվրաատլանտյան ինտեգրումից: