Սպիտակ տան նման խնդրանքը լուրջ հակազդեցության է բախվել ԱՄՆ Ներկայացուցիչների տանը, ուր մեծամասնությունը հանրապետականներն են:
ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները երեքշաբթի հորդորել են ամերիկացի օրենսդիրներին արագ գործել՝ Իսրայելին 14,3 միլիարդ դոլարի, իսկ Ուկրաինային 61,4 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու համար:
«Ամերիկյան ղեկավարությունը համախմբել է աշխարհը: Եթե չկարողանանք առաջնորդել, ԱՄՆ համար ծախսերն ու սպառնալիքները կաճեն»,- ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
Իր հերթին՝ Ներկայացուցիչների տան նոր, հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը երկուշաբթի ուշ երեկոյան հրապարակել է օրենսդրական մի նախաձեռնություն, որն առաջարկում է տարանջատել Ուկրաինային ու Իսրայելին ցուցաբերվող աջակցությունները:
Your browser doesn’t support HTML5
Առաջարկը հանդիպել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատությանը․ «Այն լուրջ վնաս կհասցնի ինչպես մեր արժեքներին, այնպես էլ մեր առանցքային շահերին: [Խոսում եմ] արժեքների մասին, որովհետև կարծում եմ՝ բոլորս միասնական ենք մեր ցանկությունում՝ պատասխան տալ ագրեսորներին, նրանց, ովքեր փորձում են տիրանալ իրենց հարևաններին և անհավատալի տառապանքներ պատճառել այդ ընթացքում»:
Չնայած Կոնգրեսի ստորին պալատի հանրապետականների նման դիրքորոշմանը, վերին պալատի՝ Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելը շարունակում է կողմ արտահայտվել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը․ «Ռուսաստանը ցանկանում է տեսնել, թե Իրանի աջակցությունը վայելող ահաբեկիչները Մերձավոր Արևելքում ինչպես են թուլացնում Ամերիկան և մեր դաշնակիցներին: Իրանը ցանկանում է տեսնել, որ Ռուսաստանը հաղթել է Ուկրաինային: Թեհրանը փորձում է պառակտել Արևմուտքը և խորացնում է պաշտպանական համագործակցությունը Մոսկվայի հետ»:
Սենատում, հիշեցնենք, հանրապետականները փոքրամասնություն են։
Հանրապետական որոշ սենատորներ մտահոգված են, թե Կիևին ցուցաբերվող օգնության նկատմամբ բավարար վերահսկողություն չկա, և ԱՄՆ-ն չի կարող անվերջ ֆինանսավորել պատերազմը:
«Մենք պետք է հասկանանք, թե այս ֆինանսավորման հիմքում ինչ ռազմավարություն է ընկած: Կարծում եմ, դա շատ կարևոր է՝ Ուկրաինայի ֆինանսավորումը շարունակելու համար»,- պնդում է հանրապետական սենատոր Ջոն Հովենը:
Սենատում դեմոկրատական մեծամասնության անդամները, հավանաբար, կարգելափակեն Իսրայելին առանձին օժանդակություն ցուցաբերելու մասին օրենսդրական նախաձեռնությունը՝ պնդելով, թե այն պետք է զուգակցվի Ուկրաինային տրամադրվող աջակցությանը, ինչպես պահանջում է Սպիտակ տունը:
«Նման մոտեցումը չի համապատասխանում մեր ազգային անվտանգության պահանջներին: Որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ նախագահը երբեք չի դիմի այնպիսի քայլերի, որոնք չեն համապատասխանում ազգային անվտանգությանը վերաբերող մեր առանցքային պահանջներին»,- նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Իր հեևրթին՝ պաշտպանության նախարար Օսթինը հայտարարել է, թե Ուկրաինային օգնություն չտրամադրելը, ի վերջո, կարող է հանգեցնել ԱՄՆ ուղիղ առճակատմանը Ռուսաստանի հետ: «Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ նա՝ [Պուտինը] մարտահրավեր է նետելու ՆԱՏՕ-ին, և մենք հայտնվելու ենք ընդհարման մեջ»:
Ներկայացուցիչների տունը կարող է քվեարկել հօգուտ Իսրայելին տրամադրվող օգնությանը արդեն այս հինգշաբթի, և այս հարցում ստորին պալատի դեմոկրատների շրջանում որոշակի տարաձայնություններ կան: Բլինքենի խոսքով, Իսրայելին ցուցաբերվող աջակցության մի զգալը մասը հատկացվելու է պաղեստինցիների կարիքների բավարարմանը․ «[Պաղեստինցիներին] մարդասիրական օգնության տրամադրումը նույնպես կենսական է Իսրայելի անվտանգության համար: Պաղեստինցի խաղաղ բնակիչներին անհապաղ օգնություն և պաշտպանություն տրամադրելը՝ անհրաժեշտ հիմք է Գազայում գործընկերներ գտնելու համար, ովքեր ապագայի վերաբերյալ այլ տեսլական ունեն, քան «Համասը»:
Հարկ է նշել, որ Իսրայելի համար նախատեսված և՛ Սպիտակ տան, և՛ հանրապետականների օգնության փաթեթները ներառում են 10,6 միլիարդ դոլարի աջակցություն Իսրայելի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերին: