«Հուշագիր» ԱՄՆ նախագահին

Աշխատակիցը ուղղում է ԱՄՆ-ի և ԵՄ դրոշները

Վաշինգտոնում՝ «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի և Անվտանգության հարցերով կիևյան ֆորումի համատեղ միջոցառման ժամանակ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահին հասցեագրված «Ատլանտյան խորհրդի» հուշագրի քննարկումը։ Հուշագիրը պատրաստել են ազգային անվտանգության ոլորտի տասնյակ փորձագետներ։

2024 թվականին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին ընդառաջ՝ «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է «Հուշագիր նախագահին»։ Հուշագրում առաջարկվում են միջոցառումներ, որոնք ԱՄՆ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամները կարող են իրականացնել՝ օգնելու Ուկրաինային հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում, երաշխավորելու Ուկրաինայի երկարաժամկետ կայունությունը և պաշտպանելու Եվրոպան Կրեմլի ագրեսիայից։

«Ատլանտյան խորհրդի» Եվրասիական կենտրոնի տնօրեն Ջոն Հերբսթն ընդգծել է․ «ԱՄՆ-ն կանգնած է լրջագույն ռազմավարական մարտահրավերի առջև, որը ներկայացնում է ռուսական ագրեսիվ արտաքին քաղաքականությունը։ Մեր աջակցությունը Ուկրաինային բարեգործություն չէ, այլ խելամիտ ներդրում՝ ի պաշտպանություն ամերիկյան շահերի։ Մենք հորդորում ենք նախագահին վստահ և հստակ կերպով մատնանշել այդ սպառնալիքները»։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան, գեներալ Դագլաս Լյութը ներկայացրել է փորձագետների եզրակացություններն այն մասին, թե ինչ զենք է անհրաժեշտ Ուկրաինային հաղթանակի համար։ Առանձնացրել է երեք հիմնական չափանիշ՝ զենքի որակը, քանակը և Ուկրաինա մատակարարման ժամկետները։

Լյութի կարծիքով՝ ԱՄՆ-ն չի կարողացել պատշաճ կատարել նշված չափանիշներին համապատասխանող սպառազինության մատակարարումներ. «Մենք Ուկրաինային բավականաչափ զենք ենք տրամադրել չպարտվելու, բայց ոչ հաղթելու համար։ Կարծում ենք, որ ԱՄՆ-ն պետք է փոխի այս դինամիկան և Ուկրաինային տրամադրի սպառազինություն, որը նրան հնարավորություն կտա հաղթանակ տանել։ Մենք համաձայն չենք, թե ինչպես է այն տեղի ունենում հիմա. զենքի մատակարարումները դանդաղ են ընթանում։ Այդ պատճառով անհրաժեշտ ռազմական օգնությունը շատ ուշ է հասնում Ուկրաինա»։

«Կոչ ենք անում Ուկրաինա այնպիսի զենք մատակարարել, որը կվտանգի ռուսական ռազմական օդանավակայանները, ռազմածովային հենակետերը, որտեղից իրականացվում են հարձակումներ Ուկրաինայի վրա»,- հավելել է պաշտոնաթող գեներալը։

Հուշագրի հեղինակների երրորդ էական հանձնարարականը՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցն է։

«Հուշագիրը ստորագրած բոլոր փորձագետները համաձայնել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ուկրաինայի անվտանգության միակ իրական երաշխիքն է»,- նշել է «Ատլանտյան խորհրդի» աշխատակից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։

«Եթե պատերազմը մոտ լիներ իր ավարտին՝ հօգուտ Ուկրաինայի, ապա Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող էր տեղի ունենալ բնականոն ընթացակարգով, ինչպես Ֆինլանդիայի և Շվեդիայի դեպքում, այսինքն՝ ՆԱՏՕ-ին միանալու հրավեր, բանակցություններ անդամակցության շուրջ, անդամակցության մասին արձանագրության ստորագրում և այնուհետև վավերացում (ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանների կողմից)... ։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք այլ սցենարի։ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ենթադրում են, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին հնարավոր կլինի միայն պատերազմի ավարտից հետո։ Բայց նման մոտեցումը թույլ կտա Ռուսաստանին անվերջ շարունակել հակամարտությունը։ Մենք առաջարկում ենք ՆԱՏՕ-ին բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ Վաշինգտոնի գագաթնաժողովում և մշակել այն մանրամասները, որոնք թույլ կտան երկրին անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրա տարածքի մի մասը օկուպացված է, իսկ ավելի ուշ՝ համապատասխան քաղաքական որոշում կայացնել՝ դաշինքին պաշտոնապես միանալու ընթացակարգի վերաբերյալ»,- ասել է Վերշբոուն։

Քննարկման մասնակիցները վստահություն են հայտնել, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը չթուլացնելու դեպքում՝ Ռուսաստանը կպարտվի պատերազմում։ Եվ, եթե նման բան տեղի ունենա, ապա հաշվի առնելով ռուսական պատմությունը՝ փոփոխություններ կարող են սկսվել բուն Ռուսաստանում։