Անկարան ու Բաքուն երկուշաբթի եռօրյա զորավարժություններ են սկսել Ադրբեջանում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում, Հայաստանի սահմանակից շրջաններում:
Զորավարժություններն իրենց վրա ուշադրություն են բևեռում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունների ֆոնին․ Անկարան ու Բաքուն Երևանից պահանջում են արտատարածքային միջանցք, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Պաշտոնական Երևանը, սակայն, Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը որակում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։ Իր հերթին՝ Բաքուն պնդում է, թե Երևանը պարտավորվել է «Զանգեզուրով միջանցք» տրամադրել Ադրբեջանին, ինչն առանց մաքսային հսկողության թույլ կտա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև։
Your browser doesn’t support HTML5
Երևանը հերքում է, թե նման պարտավորություն է ստանձնել՝ շեշտելով՝ պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն հիմքում ունենալով երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։
Միջանցքի ստեղծման հարցում շահագրգրված է նաև Թուրքիան, որի համար չափազանց կարևոր է նման ցամաքային կապը Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ:
«Սա կարմիր գծերի կարմիր գիծն է, որը երբեք չի ընդունվի։ Ասում են՝ եկեք բացենք բոլոր ճանապարհները։ Դա մեր ինքնիշխան տարածքն է, և այստեղ ճանապարհները պետք է վերահսկվեն մեր կողմից։ Չի՛ լինելու որևէ հավելյալ, կամ [այլ] իրավական հիմքեր ունեցող միջանցք»,- ասում է քաղաքական մեկնաբան Էրիկ Հակոբյանը։
Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, կողմ է Հայաստանի վերահսկողությունից դուրս ցամաքային միջանցքի գաղափարին և առաջարկում է, որ ճանապարհն անցնի ռուսական ուժերը վերահսկողությանը:
Այս ամենի ֆոնին՝ Հայաստանի կառավարությունն աստիճանաբար հակվում է դեպի Արևմուտք՝ ձգտելով դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց: Անկախ վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան Հայաստանի վերահսկողությունից դուրս գործող միջանցքը դիտարկում է միջազգային պատժամիջոցները շրջանցելու լայն ռազմավարության ներքո, որի նպատակն է նոր առևտրային ուղիներ ունենալ Կրեմլի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրների հետ:
«Ռուսաստանը վերակառուցում է իր ողջ լոգիստիկ ցանցը, և այս միջանցքը կարող է դառնալ այդ նոր ցանցի կարևոր մասը՝ հյուսիս-հարավ [ճանապարհը]»,- նշում է Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի ներկայացուցիչ Տատյանա Միտրովան:
Սակայն միջանցքին կտրականապես դեմ է Թեհրանը: Իրանը սերտ կապեր ունի Հայաստանի և բարդ հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Անցած տարի իրանական բանակը զորավարժություններ անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանին։ Վերլուծաբանների ներկայացմամբ, Թեհրանում կասկածում են՝ Ադրբեջանի նպատակն է վերացնել այն ճանապարհը, որն Իրանն գտագործում է պատժամիջոցները շրջանցելու համար:
«Եթե Ադրբեջանը ստանա այն, ինչ ցանկանում է, ապա կունենա միջանցք, որը կլինի իր լիակատար վերահսկողության ներքո և Հայաստանի վերահսկողությունից դուրս, ինչը նշանակում է՝ կտրել Հայաստանի ու Իրանի միջև կապը, որը չափազանց կարևոր է Իրանի համար»,- պնդում է Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի անդամ Գալիա Լինդենշտրաուսը:
Այդուհանդերձ, Բաքվից հայտարարություններ են հնչում, թե Ադրբեջանն այլևս հետաքրքված չէ միջանցք ունենալ Հայաստանի տարածքով։ Փոխարենը՝ Նախիջևան տանող ճանապարհի հարցը պատրաստվում է քննարկել հարավային հարևանի՝ Իրանի հետ։
«Զանգեզուրը գրավելու պլաններ Ադրբեջանը չուներ»,- «Reuters»-ին ասել է Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը: «Այն բանից հետո, երբ երկու կողմերը՝ [Հայաստանն ու Ադրբեջանը] չկարողացան համաձայնության գալ դրա բացման շուրջ, նախագիծը կորցրեց իր գրավչությունը մեզ համար։ Փոխարենը, կարող ենք այն իրականացնել Իրանի հետ»:
Ի հավելումն, այսօր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն հայտարարել է, թե ռուսական ընկերությունը սկսել է Իրանով անցնող Ռեշտ-Աստարա երկաթուղու ծրագիրը իրականացնելու նախապատրաստական աշխատանքները՝ այն համարելով հյուսիս-հարավ միջանցքի մի մասը, որը կկապի Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, նախօրեին ծրագիրը քննարկվել է Ռուսաստանի վարչապետի և Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպմանը։ Անդրադառնալով Հայաստանի հարավով ճանապարհ կառուցելու միջոցով այդ ծրագրին Հայաստանի միանալու հնարավորությանը, Օվերչուկը հայտնել է, թե այդ հարցի շուրջ այժմ չկան քննարկումներ՝ պաշտոնական Երևանի կողմից հստակ դիրքորոշման բացակայության պատճառով։
«Reuters»-ի ներկայացմամբ, Երևանին ու Բաքվին սահմանակից Իրանի տարածքով նման ճանապարհի բացումը կարող է նվազեցնել լարվածությունը Հայաստանի հարավային հատվածի շուրջ:
Այս ամենին զուգահեռ՝ Թբիլիսիում՝ «Մետաքսի ուղի» համաժողովին ներկա Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, եթե հայկական կողմը նույնպես ցանկանա․ «Ադրբեջանն վաղուց է ներկայացրել իր դիրքորոշումը և աշխատում է հաղորդակցությունների բացման հարցի ուղղությամբ՝ 2020 թվականին ստորագրված եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Ցանկանում ենք բացել հաղորդակցության ուղիները, բայց այն միայն մեզնից չէ կախված։ Եթե հակառակ կողմը դա ցանկանա, ապա մենք պատրաստ ենք»։
Թբիլիսյան համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Փաշինյանը իրագործման համար առանձնացրել է մի քանի սկզբունքներ՝ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Յուրաքանչյուր երկիր ինքը պետք է ապահովի բեռների, տրանսպորտային միջոցների տեղափոխման և ուղևորափոխադրման անվտանգությունը, պայմանները պետք է լինեն հավասար ու փոխադարձ բոլորի համար: Հայաստանի վարչապետը վերահաստատել է այս սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերաբացելու, վերակառուցելու կամ կառուցելու Երևանի պատրաստակամությունը: