Իսրայելն ու աշխարհը պետք է իմանան, թե ում կողմից է Միացյալ Նահանգները. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է՝ Վաշինգտոնը կհամագործակցի Իսրայելի հետ՝ փորձելով թույլ չտալ, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր լինեն։

Նախագահ Ջո Բայդենն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կհամագործակցի Իսրայելի հետ՝ ձգտելով թույլ չտալ, որ Գազա՝ իսրայելական ցամաքային հարձակման ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր լինեն։

Իր հերթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

«Դուք պաշտպանում եք ձեր ժողովրդին, և մենք կշարունակենք աշխատել ձեզ և տարածաշրջանի գործընկերների հետ, որպեսզի կանխենք հետագա ողբերգությունները՝ կապված անմեղ քաղաքացիների հետ»,- հայտարարել է Բայդենը՝ Թել Ավիվում Նեթանյահուի գլխավորած կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո:

«Ցանկանում էի այսօր այստեղ լինել մի պարզ պատճառով, որպեսզի Իսրայելի ժողովուրդը և ողջ աշխարհն իմանան, թե ում կողմից է Միացյալ Նահանգները։ Ցանկանում էի գալ ու անձամբ ի ցույց դնել այդ»,- ընդգծել է Բայդենը։

Նեթանյահուն կրկնել է՝ «Համասը» միտումնավոր է խաղաղ բնակիչներին ժողովում թիրախների մոտ՝ նպատակ ունենալով նրանց օգտագործել որպես կենդանի վահան։

«Իրավամբ, հստակ սահման եք գծել քաղաքակրթությունն ու բարբարոսությունը ներկայացնող ուժերի միջև»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, թե «այս պատերազմի ընթացքում Իսրայելը կանի հնարավորը՝ խաղաղ բնակչությանը վտանգից պաշտպանելու համար»։

«Մենք խնդրել ենք և կշարունակենք խնդրել նրանց՝ [խաղաղ բնակչությանը], տեղափոխվել ավելի ապահով վայրեր», - նշել է Նեթանյահուն:

Իր հերթին՝ Բայդենի խոսքով, ««Համասը» չի ներկայացնում Պաղեստինի ողջ ժողովրդին և նրանց միայն տառապանք է բերում»։

Հիշեցնենք, ԱՄՆ նախագահն Իսրայելում է՝ հրեական պետության նկատմամբ այս հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման ձեռնարկած հարձակումից և ի պատասխան

իսրայելական ռազմուժի ձեռնարկած գործողություններից հետո, որոնք էապես սրել են իրավիճակը տարածաշրջանում։