Ջո Բայդենը հանդես կգա հատուկ ուղերձով` հիմնավորելու ամերիկացիներին Ուկրաինային ցուցաբերվող օժանդակության շարունակման կարևորությունը

Ջո Բայդեն

Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից հանրապետական Քևին ՄըքՔարթիի հեռացումից հետո, նախագահ Ջո Բյադենը հայտարարեց, թե հանդես կգա «ընդգրկուն ելույթով»՝ հիմնավորելու ամերիկյան ժողովրդին, թե ինչու է անհրաժեշտ շարունակել Կիևին ցուցաբերվող աջակցությունը:

Ուկրաինական ռազմուժի հակահարձակման ֆոնին՝ Պենտագոնը հանդես է եկել նախազգուշացմամբ՝ եթե չլինի Կոնգրեսի համաձայնությունը, Ուկրաինայի համար նախատեսված ֆինանսավորումը կարող է ամիսներ անց սպառվել:

Նախագահ Բայդենը չորեքշաբթի հայտարարեց, թե հանդես կգա «ընդգրկուն ելույթով»՝ հիմնավորելու ամերիկացի ժողովրդին, թե ինչու է անհրաժեշտ շարունակել Կիևին ցուցաբերվող աջակցությունը։

«Պատրաստվում եմ հիմնավորել, որ Ուկրաինայի հաջողության հասնելը մեծապես բխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից»,- ասել է Բայդենը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քըրին Ժան-Պիեռը հրաժարվել է մանրամասներ հայտնել նախագահի ելույթի վերաբերյալ, սակայն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հարցին խոստովանել է, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում ամերիկյան հանրային աջակցությունը նվազում է:

«Տեսնում ենք հարցման արդյունքներն ու հասկանում այն: Բայց նաև հավատում ենք, որ սկզբունքորեն կարևոր է շարունակել այդ աջակցությունը՝ հանուն մեր ազգային անվտանգության, ինչպես նաև Ուկրաինայի խիզախ ժողովրդին աջակցելու համար»,- ասել է նա։

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսը հրաժարվեց ներառել Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցության փաթեթը ԱՄՆ կառավարության գործունեությունը ժամանակավորապես ֆինանսավորոող փաստաթղթում, հանրապետական Քևին ՄըքՔարթին հեռացվեց Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից:

Ջիմ Ջորդանը՝ առաջին հանրապետական պատգամավորը, ով հրապարակայնորեն հայտարարեց Ներկայացուցիչների պալատի ղեկավարի աթոռին ՄըքՔարթիին փոխարինելու մտադրության մասին, չորեքշաբթի ասաց, թե դեմ է Ուկրաինային ցուցաբերվող օգնության փաթեթին:

«Ամերիկացիների մտքում առկա ամենահրատապ հարցը Ուկրաինան չէ․ կարևոր են իրավիճակը մեր սահմանին և մեր փողոցում տեղի ունեցող հանցագործությունները»,- ասել է նա։

ՄըքՔարթիին փոխարինող հավանական մյուս թեկնածուներից են հանրապետականներ Սթիվ Սքալիզը և Քևին Հերնը։ Երկուսն էլ Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության ազդեցիկ անդամաներից են։ Ներկուսակցական քվեարկության առաջին փուլի համար՝ հանրապետականները նախատեսում են հանդիպել արդեն գալիք երեքշաբթի։

Ինչևէ, դիտորդները վստահ են՝ Կիևին ցուցաբերվող ամերիկյան ֆինանսավորման կրճատումը կարող է ազդել ուկրաիանական ռազմաճակատի վրա՝ քաջալերելով Մոսկվային:

«[Ռուսաստանը] հուսով է, որ այս շարունակական քաոսը կպահպանվի Միացյալ Նահանգներում, և որ Ուկրաինան կզրկվի ֆինանսավորումից»,- նշում է Հադսոնի ինստիտուտի ներկայացուցիչ Լյուք Քոֆին։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան երկուշաբթի հայտարարել է, թե վստահ է, որ ԱՄՆ աջակցությունը կշարունակվի։