Առկա է անհրաժեշտություն ԼՂ-ում ունենալ ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթելն այսօր ԱՄՆ պետքարտուղարրությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար: 

«Այս վերջին շաբաթվա ընթացքում և դրանից հետո մենք կրկնում ենք Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ունենալու մեր կոչը՝ ապահովելու համար թափանցիկություն և վստահ լինելու համար, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվի, մասնավորապես, նրանց, ովքեր կարող են վերադառնալ, ինչպես նաև [կպահպանվի] մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը, իհարկե, համահունչ է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրանց ստանձնած միջազգային պարտավորություններին:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վեդանթ Փաթելը հավելել է, որ ռուսական ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մտահոգիչ լինել, սակայն Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ, որպեսզի հնարավոր դառնա հասնել արժանապատիվ և տեւական խաղաղությանը:

Անդրադառանալով վերջերս ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այցին Լեռնային Ղարբաղ և ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանություններին այդ առիթով՝ Փաթելն ընդգծել է.

«Մենք, իհարկե, գնահատում ենք ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանությունները, բայց դա չի փոխում Միացյալ Նահանգների դիրքորոշումը... Մենք շարունակում ենք հավատացած լինել, նույնիսկ ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ առկա է մեծ ցանկություն և անհրաժեշտություն Լեռնային Ղարաբաղում ունենալ ավելի երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն: Կարծում ենք, որ դա կապահովի թափանցիկություն և համապատասխան հավաստիացումներ, որ կապահովվեն իրավունքներն ու անվտանգությունը, որի վերաբերյալ մենք շարունակում ենք խորը մտահոգություն ունենալ»,- ասել է Փաթելը: