ՄԱԿ-ի առաքելությունը ներկայացրել ղարաբաղյան այցի մանրամասները

ՄԱԿ-ի դիտորդական թիմը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի մշտադիտական առաքելություն գործուղելու մասին:

Հայտարարության մեջ ասված է. «ՄԱԿ-ի դիտորդական թիմը՝ Ադրբեջանում մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի գլխավորությամբ, երեկ այցելել է Ադրբեջանում գտնվող Ղարաբաղի շրջան։ Առաքելությունը նպատակ ուներ գնահատել իրավիճակը տեղում և բացահայտել ինչպես [այնտեղ] մնացած, այնպես էլ հեռացող մարդկանց մարդասիրական կարիքները: Թիմի կազմում ընդգրկված էին նաև ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի համակարգող բաժնի տնօրեն Ռամեշ Ռաջասինգհեմը, ինչպես նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR), ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները:

Առաքելությունն այցելեց Խանքենդի քաղաք, ուր հանդիպեց մարդկանց ու համայնքի ներկայացուցիչներին և տեղում գնահատեց առողջապահության ու կրթության հետ կապված իրավիճակը: Քաղաքի այն հատվածներում, որտեղ թիմն այցելել է, քաղաքացիական հասարակական ենթակառուցվածքներին, ներառյալ՝ հիվանդանոցներին, դպրոցներին և բնակարաններին, ինչպես նաև մշակութային և կրոնական կառույցներին վնաս հասցված չէ: Ոչ մի խանութ բաց չի եղել։ Առաքելությունը նկատել է, որ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է վերսկսել քաղաքում առողջապահական ծառայությունների և որոշ՝ հիմնական կոմունալ ծառայությունների գործունեությունը։ Թիմը համայնքների ներկայացուցիչներից տեղեկացել է, որ Ղարաբաղում մնում է 50-ից 1000 էթնիկ հայ: Առաքելությանը զարմացած է, թե ինչ անսպասելի կերպով է տեղի բնակչությունը լքել իր տները, և այն տառապանքներից, որոնց առերեսվել է այս փորձության ընթացքում: Թե՛ հարցված տեղի բնակչության, թե՛ մյուսների կողմից առաքելությունը որևէ տեղեկություն չի ստացել՝ վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների [կիրառման] մասին: Առաքելությունը չի նկատել ավերված գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, կամ ճանապարհին սատկած կենդանիներ: Թիմը ընդգծում է վստահության ձևավորման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ այն ժամանակ ու ջանք կպահանջի բոլոր կողմերից:

Առաքելությունն անցել է Լաչինի ճանապարհով մինչև Ադրբեջանի հետ սահմանային անցակետը՝ մի ճանապարհ, որով վերջին օրերին անցել են ավելի քան 100 հազար էթնիկ հայեր: Թիմը չի հանդիպել քաղաքացիական ավտոմեքենաների: 2020 թվականին վերադարձված տարածքների մաս կազմող Աղդամով անցնելիս առաքելությունը նկատել է ավերածություններ, ինչպես նաև վերականգնողական աշխատանքներ, որոնք ձեռնարկում է Ադրբեջանի կառավարությունը։ ՄԱԿ-ը նախատեսում է շարունակել կանոնավոր այցելությունները Ադրբեջանի [այդ] տարածաշրջան։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ն արձագանքում է Հայաստանի ընդունող կենտրոններում [հանգրվան գտած] նոր ժամանածների կարիքներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) [Հայաստանի] Սյունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Արարատի մարզերում փախստական կանանց և աղջիկներին ապահովում է առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներով։ [Հայաստանի] Առողջապահության նախարարության հետ համագործակցաբար UNFPA-ը վերարտադրողական առողջության բավականին մեծ քանակությամբ փաթեթներ է բաժանել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 150 հազար մարդկանց կարիքները հոգալու համար: Գործակալությունը նաև վերապատրաստել է տեղական 35 աշխատակցի՝ գենդերային բռնությանն արձագանքելու նպատակով։ Նախատեսվում է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի զոհերը կարողանան օգտվել բժշկական և հոգեկան առողջության ծառայություններից»: