ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է մոտ օրերս Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու մասին, իսկ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան

«Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են առաքելություն ուղարկել տարածաշրջան։ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տնօրեն Ռամեշա Ռաջասինգհամայի գլխավորությամբ առաքելությունը տարածաշրջան կժամանի այս շաբաթավերջին»,- ասել է նա։ ՄԱԿ-ի խոսնաի խոսքով՝ առաքելության կազմում կլինեն նաեւ ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ։

Դյուժարիկն ընդգծել է, որ սա 30 տարվա ընթացքում առաջին նման առաքելությունն է՝ հավելելով, որ դրա անդամները տարածաշրջան կմեկնեն օդային ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով։ Նա նաև նշել է, որ հիմնական խնդիրն է գնահատել տեղում իրավիճակը և մարդկանց, այդ թվում՝ շարժման մեջ գտնվողների հումանիտար կարիքները։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ, ըստ ՀՀ կառավարության տվյալների, Լեռնային Ղարաբաղից տեղահանվել է արդեն տեղի բնակչության մեծ մասը՝ ավելի քան 100 հազար մարդ:

Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ «բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային իրավունքը և հատկապես միջազգային նորմերը մարդու իրավունքների ոլորտում»։

Ըստ ՄԱԿ-ի՝ Հայաստանն ուրբաթ օրը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար»։

Նման ժամանակավոր միջոցները ներառում են Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից ադրբեջանական զինվորականների և իրավապահների դուրսբերումը, ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անձնակազմի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին ավելի դյուրին դարձնելը և հանրային ծառայությունների ամբողջական վերականգնումը, ներառյալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։