Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը սեպտեմբերի 24-ին հայտարարել էր, որ մեծանում է հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայությունը կհեռանա իր հայրենիքից:
«Եթե Լեռնային Ղարավաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, ապա հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։ Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի վրա»։
Զանգվածային տահանումը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ուր, ըստ Reuters-ի, անցնում են նավթա և գազամուղերը, իսկ խոշոր տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան և Իրանը պայքարում են ազդեցության համար:
Reuters-ը հաղորդում է, թե ինչպես են ծանր բեռնված ավտոմեքենաները խաղաղ բնակիչներով մոտենում հայկական սահմանամերձ Կոռնիձոր գյուղի օգնության կենտրոնին:
Ամբողջական տարհանման մասին են նշել նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչները, որոնք կիրակի օրը Reuters-ին ասել են, որ բնակչությունը կհեռանա, քանի որ նրանք իրենց անապահով են զգում ադրբեջանական իշխանության ներքո:
Ըստ ՀՀ կառավարության տվյալների՝ սեպտեմբերի 24-ի ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է): Ըստ ՀՀ կառավարության՝ աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։
Տարհանվել են վերջին ռազմական գործողությունների ժամանակ Եղցահող համայնքի բնակիչները որոնք, փաստացի մնացել են անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։
ՀՀ վարչապետը կիրակի օրը հրապարակավ կրկին մեղադրեց Ռուսաստանին՝ Հայաստանին բավականաչափ չաջակցելու մեջ: Վարչապետը նշել է. «Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ մեր անկախությունը պաշտպանելու համար։ Այս առումով մեզ անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ-ի արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ։»
Նա նաև հայտնեց է, որ Երևանը իր անվտամնգության համակարրգի առանցքում է դիտում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից։ Նա տեղեկացրեց, որ Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը կայացվել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ ակնհայտ դարձավ, որ «ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությանն ապահովելու համար»: Սակայն Փաշինյանը հավելեց, որ այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ բխում է Հայաստանի արտաքին անվտանգության շահերից: Նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է, ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ռուսաստանցի պաշտոնյաները հերքում են հայկական կողմի մեղադրանքները և այս ճգնաժամի մեջ մեղադրում Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը: