Սեպտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսսիդիի, Քրիս Վան Հոլենի, Ալեքս Փադիլայի, Շելդոն Ուայթհաուսի և Գարի Փիթերսի հետ միասին ներկայացրել է երկկուսակցական «Ի աջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» (Supporting Armenians Against Azerbaijani Aggression Act) վերնագրով օրինագիծ։ Օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ հաղորդագրությունը նշում է, որ օրնագիծն առաջ է քաշվել «ի պատասխան Ադրբեջանի կառավարության գործողությունների: Այն նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայությանը, կանխել անվտանգության օգնության տրամադրումը Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայերի նկատմամբ կատարված ենթադրյալ վայրագությունների համար։
Մասնավորապես, օրինագիծն առաջարկում է հետ կանչել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի չեղարկման լիազորությունը, որը սահմանափակում է Ադրբեջանի կառավարությանը օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Օրենքի նախագիծը նաև թույլատրում է արտաքին ռազմական ֆինանսավորման տրամադրել Հայաստանին, նախատեսում է մշակել ռազմավարություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել «Ալիևի ռեժիմի դեմ հայերի նկատմամբ նրա գործողությունների համար»:
«Նախագահ Ալիևը բազմիցս ցույց է տվել, որ ոչ մի բանի առջև կանգ չի առնելու Լեռնային Ղարաբաղից հայությանն արմատախիլ անելու և իր հարևաններին սպառնալու ճանապարհին», - ասել է սենատոր Մենենդեսը: «Այս հրատապ երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությունը ամրապնդում է մեր հավաքական աջակցությունը հայերին և հստակ ուղերձ է հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի նստի, այն ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը իրականացնում է սովի և ռազմական գործողությունների իր դաժան արշավները»: