Պուտինը պնդմամբ՝ Կիևն ուկրաինացի զինվորներին համարում է «թնդանոթի միս»․ փաստերը վկայում են ճի՛շտ հակառակի մասին

Զանգվածային գերեզմանում հայտնաբերված և արտաշիրիմված ռուս զինվորների մարմիններով փաթեթներ են երևում Մալա Ռոհան գյուղում այն բանից հետո, երբ այն վերադարձվել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից, Ուկրաինայի Խարկովի մարզում, 2022 թվականի մայիսի 19-ին:

Ռուսաստանի նախագահը մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին՝ հարազատ զինծառայողներին ցինիկաբար վերբերվելու մեջ։ Մինչդեռ, փաստերը վկայում են ճի՛շտ հակառակի մասին։

Օգոստոսի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Ուկրաինայի արևելքում Մոսկվայի ստեղծած անջատողական կազմավորման՝ «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարի պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկին։

Կրեմլում կայացած քննարկման առարկան Ուկրաինայում ռուսական ուժերի գործողություններն էին։

Ըստ ռուսական «RT» պետական հեռուստաալիքի (նախկինում՝ «Russia Today»), ուկրաինական հակահարձակման ժամանակ կիրառվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ և տեխնիկա, սակայն այն չի հանգեցրել տարածքային նշանակալի ձեռքբերումների։

Ամփոփելով Պուտինին՝ «RT»-ն հայտնում է. «Ուկրաինան անիմաստ կերպով իր զինվորներին վերածում է «թնդանոթի մսի», նրանց չի վերաբերվում ինչպես մարդկանց»։

«Երբեմն նայում եմ, թե ինչ է անում հակառակ կողմը, և ինձ մոտ տպավորություն է, որ դրանք ամենևին էլ իրենց մարդիկ չեն, որոնց առաջ են մղում ականապատ դաշտեր՝ մեր հրետանու կրակի տակ։ Իրենց այնպես են պահում, կարծես ամենևին էլ իրենց քաղաքացիները չեն»,- ասել էր Պուտինը Պասեչնիկի հետ հանդիպմանը։

Պուտինի հերթական կեղծիքը բացահայտում է «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի ձայնի» կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով («Polygraph.info»)։

«RT»-ի նյութում հիշատակվում են նաև արևմտյան քաղաքական գործիչների՝ վերջին շաբաթներին հնչեցրած մտավախությունները, թե որքանով է հաջող ուկրաինական հակահարձակումը։

Պուտինն ու իր շրջապատը հունիսին մեկնարկած ուկրաինական հակահարձակումը հենց առաջին օրվանից «անհաջող» են անվանում։

Որո՞նք են, իրականում, արևմտյան փորձագետների «մտավախությունները»։

Այս օգոստոսի 17-ին «The Washington Post»-ում լույս տեսած նյութը մի քանի հրապարակումներից մեկն էր, ըստ որոնց «արևմտյան քաղաքական գործիչները գնալով ավելի թերահավատ են», թե Կիևը կկարողանա վերադարձնել Ռուսաստանի բռնազավթած տարածքների զգալի մասը Ուկրաինայի արևելքում և հարավում։

Ներկայում, Կրեմլի օկուպացիայի տակ է Ուկրաինայի մոտավորապես մեկ հինգերորդը։

Հղում կատարելով ամերիկյան հետախուզության գնահատականներին՝ «The Washington Post»-ը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերին դժվար թե հաջողվի վերադարձնել երկրի հարավ-արևելքում գտնվող Մելիտոպոլ քաղաքը, ինչը խոչընդոտ է Կիևի համար՝ հասնելու «իր գլխավոր նպատակին՝ կտրել Ռուսաստանի կողմից գրավված Ղրիմի թերակղզի տանող ցամաքային ճանապարհը»։

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (The Institute for the Study of War) և այլ հետազոտական կենտրոններ այդօրինակ պնդումները վիճելի են համարում, քանի որ Մելիտոպոլի գրավումը՝ Ռուսաստանի գրաված Ղրիմի հետ ցամաքային կապը խզելու միակ միջոցը չէ։

Սպիտակ տան ներկայացուցիչները նաև նշել են, թե Ուկրաինայի մարտավարական ձախողումները դանդաղեցրել են հակահարձակումը։ Նրանց կարծիքով, Կիևը չափազանց շատ ուժեր է կենտրոնացրել արևելքում՝ սահմանափակելով հարավում բեկում մտցնելու իր կարողությունը։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի և մի շարք վերլուծաբանների գնահատմամբ, ուկրաինական ուժերի նման մարտավարությունն արդյունավետ չէր։

Այդուհանդերձ, Ուկրաինան ազատագրել է 2022 թվականի փետրվարի 24-ի ռուսական ներխուժումից ի վեր Կրեմլի օկուպացիայի ներքո հայտնված իր տարածքի ավելի քան 50%-ը։ Ըստ որոշ գնահատականների, անցած տարվա հունիսից ի վեր, Կիևը վերադարձրել է այդ տարածքի միայն մի մասը՝ մոտավորապես 160 քառակուսի կիլոմետր։

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար գեներալ Վալերի Զալուժնին հայտնել է ամերիկացի գործընկերներին, որ ուկրաինական ուժերը գտնվում են ռուսաստանյան պաշտպանական գծերը ճեղքելու շեմին՝ օգոստոսի 24-ին գրել է «The Wall Street Journal» պարբերականը։

Փաստորեն, Պուտինի հնչեցրած «մտավախությունները» հիմնականում վերաբերում են անհարկի մարտական կորուստներից խուսափելուն։

Նման մարտավարության և հակահարձակման տեմպի հիմքում Կիևի նպատակն է՝ նվազեցնել սեփական կորուստները

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այս մայիսին արձանագրել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայում հիմնել է պաշտպանական կառույցների լայն համակարգ՝ նախորդ տասնամյակներում աշխարհում կառուցված նմանատիպ ամենից մեծ համակարգերից մեկը, որը ներառում է «օկուպացված Ղրիմի հյուսիսային սահմանի ամրապնդմանն ուղղված հատուկ ջանքերը»։

Հրետանու աջակցությունը վայելող պաշտպանական ամրությունները՝ խրամատները, փշալարերը, հակատանկային ծուղակները և մի քանի կիլոմետր լայնությամբ ձգվող ականապատ դաշտերը (մի քանիսում՝ մեկ քառակուսի մետրի վրա տեղադրվել է մինչև հինգ ական), լուրջ խոչընդոտներ են ստեղծել Ուկրաինայի առաջխաղացման ճանապարհին։

«Պաշտպանության այդ գիծը «զիգզագաձև» է, որն ապահովում է խրամատների միջև փոխադարձ կրակային աջակցություն, և բաղկացած է հարձակվող կողմի համար տարաբնույթ լուրջ խոչընդոտներից՝ ականապատ դաշտեր, այսպես կոչված, «վիշապի ատամների» գծեր (բրգաձև բետոնե կառույցներ, որոնք նախատեսված են զրահատեխնիկայի առաջխաղացումը խոչընդոտելու համար) և հակատանկային խրամներ, որոնք կարող են հայտնվել կրակի տակ՝ ուղղակի և անուղղակի նշանառության միջոցով»,- «Kyiv Post» պարբերականին ասել է բրիտանական բանակում զինամթերքի գծով նախկին պատասխանատու և ռումբերի վնասազերծման սպա Սթիվ Բրաունը։

Ռուսական զինուժի ստեղծած ականապատ դաշտերը վնասազերծելիս, ուր ականները հաճախ տեղադրված են միմյանց վրա, ուկրաինացի սակրավորները հարկադրված են ձեռքով կատարել աշխատանքը՝ բառացիորեն սողալով ականապատ դաշտերով։

Ռուս զինվորականները դաշտերն ուղղակիորեն լցնում են ականներով՝ անօդաչուների միջոցով։

«The Washington Post»-ի ներկայացմամբ, «Ուկրաինան լուրջ կորուստներ է կրել հակահարձակման առաջին շաբաթվա ընթացքում՝ Ռուսաստանի գրաված տարածքներում լավ կառուցված պաշտպանության պատճառով»։

Արևմտյան պաշտոնյանները կարծում էին, թե Կիևը պատրաստ կլինի հետագայում ևս կրել նման կորուստներ՝ «որպես Ռուսաստանի գլխավոր պաշտպանական գիծը ճեղքելու գին»։

Փոխարենը, Կիևը նախընտրեց վերջ տալ ռազմի դաշտում նման կորուստներին՝ փոխելով մարտավարությունը։ Ուկրաինայի կառավարությանը կից վերլուծական կենտրոնի՝ Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտաշխատող Նիկոլայ Բելեսկովը նոր մարտավարությունը կոչում է «դանդաղ հյուծման գործընթաց», որի նպատակն է փոքրածավալ մարտական գործողություններ իրականացնել ողջ ճակատով։

«The New York Times»-ն նշում է՝ դաշտերի ականազերծումը «չափազանց դանդաղ գործընթաց է», և գրեթե ցանկացած խոշոր հարված՝ ուղղված պաշտպանական նման դիրքերում խրամատավորված ռուս զինվորականներին, կհանգեցնի հսկայական կորուստների։

Սա է պատճառը, որ Ուկրաինան «սկսեց խուսափել զոհերից», ինչից և «վախենում էին» արևմտյան վերլուծաբանները։

«Financial Times»-ի հաղորդմամբ, Վաշինգտոնը Կիևին հորդորում է «քիչ ռիսկի դիմել», որպեսզի ուժեր կուտակի Ուկրաինայի հարավում ռուսական զորքերի պաշտպանական գծերը ճեղքելու համար։

«The Wall Street Journal»-ի փոխանցմամբ, Կիևում համարում են, որ «կորուստները նվազագույնի հասցնելն անհրաժեշտ է՝ երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի մարտական ներուժը պահպանելու համար»։

Լոնդոնի Թագավորական քոլեջի ռազմական հետազոտությունների գծով վաստակավոր պրոֆեսոր Լոուրենս Ֆրիդմանը հիշեցնում է՝ պատերազմում «ռիսկի չդիմելու և անխոհեմության միջև տարբերությունը»: Նրա խոսքով, ոչ ոք չի կարող ասել, արդյո՞ք ուկրաինական կողմը ավելի մեծ հաջողության կհասներ, եթե ավելի լայնածավալ հարձակումներ ձեռնարկեր։ Փոխարենը, վստահաբար, այդ պարագայում «զոհերն ավելի շատ կլինեին»։

«Ուկրաինան դանդաղ, բայց հաստատապես առաջ է գնում՝ խուսափելով մեծ ծախսերից և միաժամանակ ոչնչացնելով ռուսական ներուժը»,- նշում է Ֆրիդմանը։

Իրականում, ո՞վ է օգտագործում իր զինվորներին որպես «թնդանոթի միս»

Հանրահայտ է, որ Ուկրաինայի արևելքում ձմեռային հարձակման ժամանակ հենց Ռուսաստանն էր կիրառում կենդանի ուժով զանգվածային գրոհներ, ինչը հանգեցրեց է հսկայական թվով զոհերի, հատկապես՝ «Վագների» վարձկանների շրջանում։

Սպիտակ տան ներկայացուցիչները, որոնք ցանկացել են անհայտ մնալ, վերջերս պատմել են «The New York Times»-ին, որ 2022 թվականի փետրվարից ի վեր երկու կողմերն, ընդհանուր առմամբ, կորցրել են մինչև կես միլիոն զինծառայող։

Ենթադրվում է, որ ռուսական կորուստները կազմել են մոտ 300 հազար մարդ, ներառյալ՝ 120 հազար զոհվածներ։ Ուկրաինական կողմում զոհվել է մոտ 70 հազար հոգի։

Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան իրենց կորուստների մասին ստույգ տվյալներ չեն հրապարակել։