«Ջանքեր ենք գործադրում՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Յուրաքանչյուր ելույթում նշում եմ, որ պատերազմում հաղթող չկա, իսկ խաղաղությունում՝ պարտված։ Հավատարիմ ենք այս սկզբունքային մոտեցմանը։ Ավելի վաղ ուղիղ բանակցություններ էինք վարել կողմերի՝ [Ռուսաստանի և Ուկրաինայի] միջև։ Ինչպես միշտ, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս հարցում։ Պարոն Պուտինի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային և գլոբալ այլ հարցեր։ Այս առումով գնահատական տվեցինք Սիրիայում, Անդրկովկասում, Լիբիայում, ինչպես նաև Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներին։ Զարգացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիական, բարեկամական և անկեղծ սկզբունքների վրա, որպեսզի այն ծառայի ինչպես մեր երկրների, այնպես էլ մեր տարածաշրջանի շահերին։ Մեզ համար ակնհայտ են նման հիմքի վրա կառուցված թուրք-ռուսական հարաբերությունների առավելությունները։ Ռուսաստանի հետ մեր սերտ շփումները կշարունակեն նպաստել տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծմանը»,- մասնավորապես, նշել է Թուրքիայի նախագահը:
Պուտինը, սակայն, իր խոսքում չի հիշատակել Հարավային Կովկասը՝ անդրադառնալով հացահատիկային գործարքին, Ուկրաինային, Սիրիայի ու Լիբիայի խնդիրենրին և ընդգծելով, որ կողմերի դիրքրոշումների ճշգրտումը «վերը նշված և այլ տարածաշրջանային թեմաներով շատ օգտակար էր»:
Հիշեցնենք, օրերս՝ օգոստոսի 31-ին, Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել էին նաև Հարավային Կովկասի ու, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացրել էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության գեարտեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ թուրք գործընկերոջ Հաքան Ֆիդանի հետ կայացած համատեղ ասուլիսին:
Լավրովի խոսքով, կողմերը մանրամասնորեն խոսել են «արդիական տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի իրադրության մասին»:
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել էր. «Կողմնակից ենք այլ ուղղություններով համագործակցության խորացմանը, այդ թվում՝ Անդրկովկասում։ Շահագրգիռ ենք նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից, այդ թվում՝ տրանսպորտային կապերի և հաղորդակցության [ուղիների] ապաշրջափակմանը, ինչպես նաև հետկոնֆլիկտային վերականգնմանը: Համոզված ենք, որ Թուրքիան կկարողանա կառուցողական և օգտակար դեր խաղալ այդ ջանքերում»։