Նյու Յորքի դատախազությունը հինգշաբթի մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացի հանդիսացող Արթուր Պետրովին։ Կիպրոսի իշխանությունները Պետրովին ձերբակալել են օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ խնդրանքով։ Ամերիկյան իրավապահները նրան մեղադրում են ռազմական նշանակության միկրոէլեկտրոնիկան մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան արտահանելու մեջ։ Նման միկրոէլեկտրոնիկան անհրաժեշտ է ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական համալիրին։
Նյու Յորքի շրջանային դատախազ Դամիան Ուիլյամսի խոսքով, Պետրովը և նրա երկու գործընկերները, որոնց անունները չեն նշվում, մեղադրվում են կեղծ ընկերությունների միջոցով ամերիկյան ձեռնարկություններից միկրոէլեկտրոնիկա գնելու մեջ, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է Վաշինգտոնի հայտնի պատժամիջոցների պատճառով։
Ըստ դատախազի, ապրանքը նախատեսված է եղել ռուսական «Электрокома» ընկերության համար, որն իր հերթին էլեկտրոնային բաղադրիչներ է մատակարարում ռուսական սպառազինություն արտադրողներին:
Օգոստոսի 11-ով թվագրված, սակայն այս հինգշաբթի հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, Պետրովի հանցակիցներից մեկը «Электрокома»-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է:
«ԱՄՆ-ից Ռուսաստան ռազմական տեխնոլոգիաների ապօրինի արտահանմանն ուղղված ջանքերը [մեր երկրի համար] ազգային անվտանգության սպառնալիք են»,- ասված է Ուիլյամսի հայտարարության մեջ:
Պետրովին 11 քրեական մեղադրանք է ներկայացվել, այդ թվում՝ արտահանման նկատմամբ վերահսկողության օրենքի խախտում, մաքսանենգություն, փողերի լվացում և այլն:
Յուրաքանչյուր մեղադրանքի համար առավելագույն ազատազրկման ժամկետը մինչև 20 տարի է:
Մեղադրանքի համաձայն, մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան փոխանցված միկրոէլեկտրոնիկան հայտնաբերվել է ուկրաինական մարտադաշտերից հավաքված ռուսական ռազմական տեխնիկայում՝ կառավարվող հրթիռներում, անօդաչուներում, հաղորդակցության սարքերում և այլն:
Ըստ քրեական գործի նյութերի, 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի օգոստոս գործող սխեմայով Ռուսաստան են առաքվել ավելի քան 225 հազար դոլար արժողությամբ բաղադրիչներ։
Պետրովի նկատմամբ հետաքննությունը մասամբ իրականացրել է «KleptoCapture Task Force»-ի կողմից, որը ստեղծվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից՝ պատժամիջոցների կիրառմանը հետևելու համար։