Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանամերձ Սոթք և Նորաբակ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով չորս զոհ և մեկ վիրավոր է տվել։
Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանը անօդաչուների միջոցով հարվածներ է հասցրել Քալբաջարի շրջանի իր դիրքերին։ Վիրավորվել են ադրբեջանցի երեք զինծառայողներ։
Ուշագրավ է, որ արյունալի բախումները տեղի ունեցան մեկ օր անց, երբ Հայաստանը մեղադրեց իր դաշնակիցը համարվող Ռուսաստանին հայաստանյան տարածքների նկատմամբ հարձակումների ժամանակ ցուցաբերած «բացարձակ անտարբերության» մեջ։
Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին` սահմանի մոտ ուժեր կուտակելու, անօդաչուների, ականանետների և հրետանու միջոցով հայկական դիրքերը խոցելու մեջ։ Ադրբեջանը հերքել է ուժեր կուտակեու մասին մեղադրանքը, սակայն հայտարարել է, որ ձեռնարկում է «պատասխան միջոցներ»:
«Reuters»-ը չի կարող հաստատել կողմերի հայտարարությունների իսկությունը:
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն արդեն մի քանի ամիս շրջափակված պահելու, սահմանային լարվածության ֆոնին` սրվել են հարաբերությունները Երևանի ու Մոսկվայի միջև։
Հինգշաբթի Հայաստանի արտգործնախարարությունը մեղադրեց Ռուսաստանին, որ այն «բացարձակ անտարբերություն է դրսևորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ»` «անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը», և «կեղծ պատրվակով» խուսափել է աջակցել Հայաստանին։
Նախորդ ամիսներին Ռուսաստանը հրապարակավ պաշտպանում էր Ադրբեջանի հավակնությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և մեղադրում Հայաստանին` Ղարաբաղի շրջափակման մեջ: