ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կիրակի հանդես է եկել հայտարարությամբ՝ նախօրեին Ջեքսոնվիլում տեղի ունեցած սպանդի առնչությամբ, որի հետևանքով երեք մարդ է զոհվել։
«Շաբաթ օրը մեր երկիրը նշեց Վաշինգտոնում [տեղի ունեցած հայտնի] երթի 60-ամյակը, որը կարևոր իրադարձություն է մեր պատմության մեջ և որն իր դերն է ունեցել բոլոր ամերիկացիներին հավասար հնարավորություններ ընձեռելու գործում։ Սակայն հիշատակի օրն ավարտվեց ևս մեկ ամերիկյան համայնքում հրազենային բռնությամբ, որի պատճառը, ենթադրաբար, [ռասայական] ատելությունն է»:
Ինչպես հայտնի է, այդ օրը դիմակավորված սպիտակամորթ մի տղամարդ կրակ է բացել։ Հրազենի վրա սվաստիկայի նշան էր: Դեպքը տեղի է ունեցել «Dollar General» խանութում՝ Ջեքսոնվիլի՝ մեծամասամբ աֆրոամերիկացիներով բնակեցված թաղամասում՝ Էդվարդ Ուոթերսի համալսարանից մոտ մեկ մղոն հեռավորության վրա:
Հարձակման հետևանքով զոհվել են երկու տղամարդ և մեկ կին։
Ջեքսոնվիլի շերիֆ Ուոթերսի խոսքով, գործ ունենք «ռասայական դրդապատճառների» հետ:
Հրաձիգն ավելի վաղ ռասիստական հայտարարություններ էր տարածել։ Հանցագործության վայրում նա ինքնասպանություն է գործել։
Նախագահ Բայդենի ներկայացմամբ, ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյոք գործ ունենք ռասայական ատելության և ծայրահեղականության հետ:
«Պետք է հստակ հայտարարենք՝ Ամերիկայում չի կարող լինել սպիտակամորթների գերիշխանություն։ Ատելությունը չպետք է տեղ գտնի մեզանում։ Լռությունը մեղսակցություն է։ Չպետք է լռենք»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։