Արդարադատության նախարարության հայցով դատարանը լուծարել է Սախարովի կենտրոնը Մոսկվայում

Մոսկվայի քաղաքային դատարանը Արդարադատության նախարարության հայցով լուծարել է Սախարովի կենտրոնը։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է Business FM-ը։

Սախարովի կենտրոնը 2020-ից 2022 թվականներին երեք խախտում է թույլ տվել, ասվում է արդարադատության նախարարության հայտարարության մեջ։ Դա ըստ դատարանի պարզվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի նախաձեռնությամբ չնախատեսված ստուգման ժամանակ։

Խախտումների թվում են Մոսկվայից դուրս «կազմակերպության կանոնադրությանը դեմ» միջոցառումների անցկացումը, առանց օտարերկրյա գործակալի կրծքանշանի տասը տեսանյութերի տեղադրումը, ինչպես նաև փաստաթղթերի «անհամապատասխանությունը» ռուսական օրենսդրությանը։

Արդարադատության նախարարությունը խախտումներն անվանել է «համակարգված, կոպիտ և անուղղելի»։ Սախարովի կենտրոնի ներկայացուցիչները չեն ընդունում որոշումը և պնդում են, որ կազմակերպությունը չի խախտել օրենքը։ Պաշտպանական կողմը, մասնավորապես, նշել է, որ Արդարադատության նախարարությունը նախկինում երեք անգամ ստուգել է Սախարովի կենտրոնը և որևէ հայց չի ներկայացրել դրա դեմ, թեև 1996 թվականից ի վեր նմանատիպ գործունեություն է ծավալել։

Սախարովի կենտրոնը բացվել է Մոսկվայում 1996 թվականին՝ պահպանելու համար խորհրդային հայտնի ֆիզիկոս, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկի, այլախոհ և իրավապաշտպան Անդրեյ Սախարովի ժառանգությունը։ Իր պատմության ընթացքում կենտրոնը բազմիցս բախվել է իշխանությունների հակազդեցությանը, իսկ 2014 թվականի դեկտեմբերին այն ներառվել է «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում։

2023 թվականի հունվարին կենտրոնը զրկվեց Մոսկվայում իր զբաղեցրած տարածքներից՝ համաձայն օտարերկրյա գործակալների մասին օրենքում փոփոխությունների, որոնց համաձայն «օտարերկրյա գործակալները» չեն կարող աջակցություն ստանալ պետության կողմից։

Միաժամանակ ՌԴ գլխավոր դատախազությունը անցանկալի կազմակերպություն է ճանաչել ամերիկյան Անդրեյ Սախարովի հիմնադրամը, որի հետ կապված էր Սախարովի կենտրոնը։