Այս տարի Ռուսաստանն իր ռազմական կարքիներին կուղղի պետական բյուջեի մոտ մեկ երրորդը՝ ավելի քան 100 միլիարդ դոլար, և սա՝ չհաշված բյուջեի գաղտնի հոդվածները:
Ծանոթանալով Միխայիլ Միշուստինի գլխավորած կառավարության բյուջեի նախագծին՝ «Reuters»-ը մանրամասներ է հայտնում։
Ըստ լրատվական գործակալության, նշվածը ռուսաստանյան ռազմական ծախսերի ամենից բարձր ցուցանիշն է՝ համեմատած առնվազն նախորդ մեկ տասնամյակի հետ։ 2011-2022 թվականներին Ռուսաստանն ամեն տարի պաշտպանությանը հատկացրել է իր պետբյուջեի 14%-ից 23%-ը:
Your browser doesn’t support HTML5
Ընդհանուր առմամբ, «պաշտպանության» ծախսերը 2023 թվականին կկազմեն 9,7 տրիլիոն ռուբլի։ Ողջ բյուջեն 29,05 տրիլիոն ռուբլի է։
Համեմատության համար՝ 3,5 տրիլիոն ռուբլի է հատկացվել երկրի տնտեսության զարգացմանը, 1,3 տրիլիոն՝ կրթությանը։
«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում հրապարակախոս Մաքսիմ Բլանտը հիշեցնում է՝ Ռուսաստանը պատերազմական վիճակում է, ուստի ռազմական նպատակներին հատկացվող նման ծախսերից չպետք է զարմանալ, և նրանք, ովքեր դեռ չեն գիտակցել, որ Ռուսաստանը պատերազմում է, ժամանակն է մտորել այդ մասին։
«Քաղաքացիների ճնշող մեծամասնության համար սա նշանակում է, որ «կարագի փոխարեն հրացաններ» կարգախոսը տարածում է գտնելու։ Երկիրն այժմ ունի ռազմականացված տնտեսություն»,- ընդծում է Բլանտը:
«Ամերիկայի ձայնի» զրուցակցի խոսքով, ռազմական արդյունաբերությունն իր վրա է կենտրոնացնում երկրի ներուժի զգալի մասը, և այն արվում է տնտեսության քաղաքացիական հատվածի հաշվին: Հարկ է գումարել պատժամիջոցները, որոնք դժվարեցնում են ներմուծումը և որը պետք է բավարարի բնակչության սպառողական պահանջարկը:
Արդյունքում, դոլարն այլևս արժե ավելի քան իննսուն ռուբլի, եվրոն՝ հատել է հարյուր ռուբլու սահմանագիծը: Ներկրվող ապրանքները, ներառյալ՝ ամենօրյա պահանջարկ ունեցողներն աստիճանաբար դառնում են սակավ հասանելի խոցելի խավերին, ովքեր ապրում են պետության հաշվին՝ կենսաթոշակներով, նպաստներով:
Այդուհանդերձ, Մաքսիմ Բլանտը վստահ է՝ երկրում սով չի լինի, քանզի Ռուսաստանը շարունակում է մնալ սննդամթերք արտահանող երկիր: Պետբյուջեն կրճատում է բազմաթիվ կենսական ծրագրերի ֆինանսավորումը, որը նշանակում է՝ ճանապարհների վիճակն ավելի է վատանալու, առողջապահական համակարգի որակն իջնելու է, երկիրը դատապարտված է տեխնոլոգիական հետամնացության։ Արդյունքը կարող է լինել ժամանակ անց բնակչության շրջանում դժգոհության աճը:
Ըստ Բլանտի, միջնաժամկետ հեռանկարի սցենարներից գլխավորն է երկրի փլուզումը․ «Շատ բան կախված է այն ծախսերից, որոնք պետք է կատարվեն՝ այժմ Ուկրաինայում ակտիվորեն ոչնչացվող ենթակառուցվածքների վերականգնման համար։ ՄԱԿ-ի մակարդակով՝ հատուկ բանաձևերով արդեն որոշվել է, որ Ռուսաստանը պետք է վճարի հարևան երկիրը վերականգնելու հարցում։ Իսկ դրանք տրիլիոններ են»։
Իր հերթին, տնտեսական վերլուծաբան Սեմյոն Նովոպրուդսկին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը տակավին չի անցել, այսպես կոչված, ռազմական տնտեսության․ «ԽՍՀՄ [գոյության] վերջում՝ (1980-ական թվականների ավարտին) ռազմարդյունաբերական համալիրն արտադրում էր [երկրի] ՀՆԱ-ի 75%-ը։ Բայց նույնիսկ այն ժամանակ երկրում ռազմականացված տնտեսություն չէր»։
Ավելի վաղ՝ «Bloomberg»-ը հայտնել էր, որ այս տարի ռազմական ծախսերի համար Կրեմլը նախատեսել է 2,4 տրիլիոն ռուբլի, և անգամ այդ թիվը երկու անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Նովոպրուդսկին շարունակում է, թե որքան գումար կծախսվի պատերազմի համար, բնականաբար, կախված է ռազմական գործողությունների ընթացքից՝ հավելելով, որ նման պարագայում երկրի զարգացման հեռանկարներն անորոշ են։ Անորոշ է նաև այն տարածքների տնտեսական հեռանկարը, որոնք բռնակցվել են Ռուսաստանին։
Սեմյոն Նովոպրուդսկին եզրահանգում է՝ մինչև պատերազմի ավարտ Ռուսաստանը զարգացման հեռանկար չունի, ավելի ցցուն են դառնում տեխնոլոգիական հետամնացության խնդիրները։ Արդյունքում, եթե նման տնտեսական մոդելը հանգեցնի Ռուսաստանի փլուզմանը, ապա այն, թերևս, ամենից նպաստավոր ելքը կլինի ներկա իրավիճակից, սակայն Արևմուտքը չի փակել բոլոր այն խողովակները, որոնցով Մոսկվան դրամ է վաստակում՝ չնայած պատժամիջոցներին ու պատերազմի շարունակմանը: Մի կողմից միլիոնավոր մարդիկ այլևս ապրում են աղքատության մեջ, մյուս կողմից՝ Կրեմլը կտրված չէ գումար վաստակելու աղբյուրներից։