Բլինքենը խորը մտահոգություն է հայտնել Ալիևին «Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական պայմանների կապակցությամբ»

Նկարում՝ Էնթոնի Բլինքեն, Իլհամ Ալիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X սոցիալական հարթակում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է հուլիսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր ունեցած հեռախոսազրույցի մասին: Պետքարտուղարն իր գրառման մեջ նշել է.  

«Երեկ խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական պայմանների կապակցությամբ մեր խորը մտահոգությունը հայտնելու համար։ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է ԱՄՆ պետքրատուղարը։

Ավելին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այսօր այդ կապակցությամբ հանդես է եկել հաղորդագրությամբ, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունը այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն դրական այս պահը խաղաղ բանակցություններում»,- հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: