Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքով օգնություն տրամադրվի. իրավապաշտպան Նադիա Մուրադ

2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած իրաքցի եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադը ՄԱԿ-ում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի վերջին հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացության մասին ստանում է արձագանքներ: 

2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած իրաքցի եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադը X սոցցանցում գրել է. «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը խորապես մտահոգիչ է»: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքով օգնություն տրամադրվի հայ կարիքավոր մարդկանց։

Իր հերթին, Հանուն միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը X սոցիալական ցանցում կրկին անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությանն այս կապակցությամբ: Իր գրառման մեջ դե Վալը մասնավորապես ասել է.

«ԵՄ ներկայացուչից Բորելի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ չափազանց պարզ է. հումանիտար իրավիճակը ծանր է, Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը մատակարարումներ իրականացնելու համար, Աղդամի ճանապարհը կլինի փոխլրացնող, այլ ոչ այլընտրանք Լաչինին, ԿԽՄԿ-ի աշխատանքը չպետք է խոչընդոտվի: Դեռևս պարզ չէ՝ ինչ է անելու Բաքուն», գրել է բրիտանացի վերլուծաբանը:

Ջոզեպ Բորելի հայտարարությանը իրենց աջակցությունն են հայտնել Իսպանիան և Նիդերլանդները:

Հիշեցնենք, որ օրերս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը ԵՄ-ն անունից հանդես է եկել հայտարաությամբ Լաչինի միջանցքի վերաբերյալ, ուր Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և նշել, որ Աղդամով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի պատրաստակամությունը չպետք է լինի Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։

«ԵՄ-ը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է` դժվարացել է` չնայած այն վերաբացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռին», - նշված է Բորելի հայտարարությունում:

Բորելը նշում է այն փաստը, որ առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքն անբավարար են կամ արդեն վերջացել են, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար, և ընդգծում, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ և ազատ երթևեկությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` պարեն մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա պետք չէ դիտարկել իբրև Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»:

ԵՄ-ը նաև նշել է, որ տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեությունը լրջորեն տուժել է, և կոչ անրել ամբողջապես վերականգնել այն, ներառյալ՝ բժշկական տարհանումն ու հումանիտար օգնության մատակարարումը: Դաշինքն ընդգծում է՝ հումանիտար հասանելիությունը որևէ դերակատարի կողմից չպետք է քաղաքականացվի:

Բորելը նաև ընդգծել է. «Եվրամիությունը, և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդի միջև երկխոսության խթանման գործում: Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի»,- ասել է նա: