Մեդվեդևի երևակայությունները. ապստամբության ժամանակ Ռուսաստանի իշխանություններն իբր ապացուցել են իրենց «ուժն ու տոկունությունը»

Դմիտրի Մեդվեդև. ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ

Ռուսաստանի նախկին ղեկավարը զբաղված է պատմություններ հորինելով` արդարացնելու պրիգոժինյան ապստամբության ժամանակ Ռուսաստանի իշխանությունների պահվածքը։

Հուլիսի 2-ին Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ, այժմ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գովասանքի խոսքեր է շռայլել Ռուսաստանի իշխանությունների և ժողովրդի հասցեին՝ «Վագների» ապստամբության ընթացքում տոկունության և նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցաբերած աջակցության համար։ Ռուսաստանի կառավարությանը պատկանող «Российская газета» պարբերականում հրապարակված հոդվածում Մեդվեդևը նշել է.

«Ռուսաստանի իշխանությունները համոզիչ կերպով ապացուցեցին իրենց ուժն ու տոկունությունը, իսկ ժողովուրդը ցույց տվեց իր պատրաստակամությունը՝ համախմբվելու գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի շուրջ՝ պաշտպանելու հայրենիքը»։

Դմիտրի Մեդվեդևի կեղծ և իրականությունը խեղաթյուրող այս պնդմանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը առցանց ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով («Polygraph.info»)։

Սոցցանցերում ու լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ տեսանյութերի, լուսանկարների և հրապարակումների համաձայն, ռուս սահմանապահները, ինչպես նաև տեղական ու նահանգային իշխանությունները գործնականում որևէ լուրջ դիմադրություն ցույց չտվեցին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի զինված կազմավորումներին, նույնիսկ այն բանից հետո, երբ Պուտինը Մոսկվա ուղղություն վերցրած «պրիգոժինյան» երթն անվանեց դավաճանություն և հրամայեց կանգնեցնել այն։ Վարձկաններն արագ վերահսկողության տակ վերցրեցին Դոնի Ռոստովը՝ Ռուսաստանի հարավում գտնվող ամենամեծ քաղաքը, այլ քաղաքում գրավեցին ռազմական օբյեկտներ և մոտ 800 կիլոմետր փաստացի անարգել շարժվեցին դեպի Մոսկվա։

Ըստ հաղորդագրությունների, Պուտինը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը լքել են մայրաքաղաքը ճգնաժամի ժամանակ, մինչ օրս անհայտ է` այդ ժամանակ որտե՞ղ էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Իրադարձությունների համառոտ ժամանակագրություն

Հունիսի 23

Մոսկվայի ժամանակով 21:25-ին Պրիգոժինը «Telegram»-ում հայտարարեց, որ սկսում է «արդարության երթ»՝ պահանջելով Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրաժարականը։

Հունիսի 24

Ռուսաստանի կողմից մասամբ օկուպացված Ուկրաինայի Լուգանսկի շրջանից վաղ առավոտյան վագներականները մտան Ռուսաստանի Ռոստովի մարզ՝ որևէ դիմադրության չհանդիպելով Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կազմում գործող ռուս սահմանապահների կողմից։

Մոտավորապես նույն այդ ժամանակ Մոսկվայից Դոնի Ռոստով մեկնեցին հատուկ ջոկատայիններ տեղափոխող մոտ մեկ տասնյակ օդանավեր։ Քաղաքի իրավապահ մարմիններին հանձնարարվել էր հատուկ պաշտպանության տակ վերցնել Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի շտաբը։

Միաժամանակ, ռուսաստանյան «ТАСС» պետական լրատվական գործակալությունը հայտնեց, որ Կրեմլը «վագներականները երթը» դիտարկում է որպես ապստամբություն և միջոցներ է ձեռնարկում այն կասեցնելու համար։ Գործակալությունը մեջբերել էր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը.

«Հատուկ ծառայությունները, ուժային գերատեսչությունները, մասնավորապես՝ պաշտպանության նախարարությունը, ԱԴԾ-ն, ՆԳՆ-ն, Ռոսգվարդիան, շուրջօրյա ռեժիմով զեկուցում են նախագահին այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվում են նրա հանձնարարականների կատարման համատեքստում»։

Մոսկվայի ժամանակով 3:43-ին և 5:13-ին Պրիգոժինը հայտարարեց, որ ««Վագների» ուժերը խոցել են ռուսական երկու ռազմական ուղղաթիռներ, որոնք փորձել են հարձակվել իրենց վրա»։

Առավոտյան ժամը 5:23-ին Դոնի Ռոստովում գործող լրատվամիջոցները հայտնեցին, որ քաղաքային վարչակազմը, իրավապահ մարմիններն և ուժային կառույցները «շրջափակվել են զինվորական համազգեստով անհայտ անձանց կողմից»։

Առավոտյան ժամը 7:30-ին «Վագների» վարձկանները և Պրիգոժինը մտան Հարավային ռազմական օկրուգի շտաբ և բանակցություններ սկսեցին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-բեկ Եվկուրովի հետ։ Ըստ տեղեկությունների, այդ ժամանակ Դոնի Ռոստովի բոլոր ռազմական օբյեկտները վերահսկվում էին «Վագների» կողմից։

Առավոտյան ժամը 9:56-ին «Վագներին» հարող «GreyZone» տելեգրամյան ալիքը հրապարակեց համազգեստով անզեն մարդկանց լուսանկարներ, որոնք գտնվում էին «Բուգաևկա» սահմանային անցակետում՝ Ռուսաստանի կողմից մասամբ օկուպացված Ուկրաինայի Լուգանսկի շրջանի և Ռուսաստանի Վորոնեժի մարզի միջև։

Լուսանկարներին կից մեկնաբանություններում նշված էր.

«180 ռուս զինվորներ և ուժային կառույցների աշխատակիցներ համաձայնել են չմիջամտել «Վագներ» խմբավորման ռուս կամավորների գործողություններին և վայր են դրել զենքերը»։

Ժամը 9:56-ի սահմաններում վագներականները Ռոստովի և Վորոնեժի մարզերից սկսեցին շարժվել դեպի Մոսկվա։ Հազարավոր ապստամբ վարձկանների տեղափոխման համար օգտագործվել են հրասայլեր, զրահատեխնիկա, զենիթային հրետանի և քաղաքացիական բեռնատարներ։ Ըստ հաղորդագրությունների, շարասյունը պարբերաբար հարձակման է ենթարկվել ռուսական ռազմական ուղղաթիռների կողմից, որոնց մի մասին խոցել է «Վագների» հակաօդային պաշտպանությունը։

Ուկրաինական իշխանությունների ներլկայացմամբ, հունիսի 24-ին «Վագների» ուժերը խոցել են ռուսական վեց ուղղաթիռ և մեկ օդանավ։ Ռուս ռազմական բլոգերների տվյալներով, զոհվել է առնվազն 13 ռուս զինծառայող։

Առավոտյան ժամը 9:57-ին ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Վորոնեժում վագներականները գրավեցին ռազմական օբյեկտներ։ «Ամեն ինչ նման է Ռոստովի սցենարին»,- «BBC»-ին հայտնել էր ԱԴԾ գլխամասին մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով, որ ԱԴԾ-ն «դեռևս չունի ապստամբությունը ճնշելու կոնկրետ ծրագիր»։

«Վագների» զինված կազմավորումները շարժվեցին դեպի Լիպեցկի մարզ, ուր իշխանությունները էքսկավատորների օգնությամբ փոսեր էին փորել մայրուղու վրա, ինչպես նաև բեռնատարներով ու ավտոբուսներով փակել էին ճանապարհները՝ կանխելու ապստամբների շարասյան առաջխաղացումը դեպի Ռուսաստանի մայրաքաղաք։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարգադրել էր քաղաքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ սահմանել՝ ներառյալ պարետային ժամ, սահմանափակել բոլոր փոխադրումները և ուժային կառույցները բերել բարձր պատրաստության։ Մոսկվայից հարավ՝ Օկա գետի երկայնքով, զինվորականները տեղադրել էին պաշտպանական կառույցներ և բարիկադներով փակել կամուրջները։

Ժամը 10։06-ին Կրեմլը հրապարակեց Պուտինի տեսաուղերձը, ուր նա զինված ապստամբությունը անվանեց դավաճանություն, իսկ կազմակերպիչներին՝ «դավաճաններ, որոնք անխուսափելիորեն պատիժ կկրեն»։

Ժամը 14:16-ին հաղորդագրություն հրապարակվեց, որ Պուտինի ինքնաթիռը Մոսկվայից շարժվել է Տվերի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրերից մեկի ուղղությամբ։ Մոսկվայից մեկնեցին նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին, նրա տեղակալ Դենիս Մանտուրովին և Պուտինի մտերիմ միլիարդատեր Արկադի Ռոտենբերգին տեղափոխող ինքնաթիռները։

Ժամը 20:25-ին, երբ «Վագների» կազմավորումները գտնվում էին Մոսկվայից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա, Պրիգոժինն անսպասելիորեն հայտարարեց, թե համաձայն է կանգնեցնել իր «արդարության երթը»։

Բելառուսի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով, «Վագները» հրաժարվեց Մոսկվա մուտք գործելու իր ծրագրից, երբ նա միջնորդ հանդես եկավ Պուտինի կողմից՝ խոստանալով անվտանգության երաշխիքներ բոլոր վարձկաններին և ապաստան առաջարկելով Պրիգոժինին Բելառուսում։

Ապստամբության դադարեցման պատճառների բազմաթիվ վարկածներ են շրջանառվում։ Չնայած սպասվում էր, որ Պրիգոժինի գործողություններում ներգրավված անձանց նկատմամբ կոշտ միջոցներ են ձեռնարկվեու և հետաքննություն է սկսվելու, մեղսակցության մեջ կասկածվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալներից ոչ մեկը, գոնե՝ այս պահին, լուրջ պատիժ չի կրել, իսկ Եվգենի Պրիգոժինի նկատմամբ հայտարարված հետաքննությունը դադարեցվել է, նրան են վերադարձվել հետաքննության ընթացքում առգրավված հսկայական գումարներ ու թանկարժեք իրեր։

Պրիգոժինը որոշ ժամանկով անհետացավ բոլոր սոցիալական ցանցերից, բայց օրերս կրկին հայտնվեց՝ խոստանալով «բոլորին հանդիպել ճակատում»։ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը սկզբում պատմում էր «ապստամբին» Բելառուս հրավիրելու հարցում իր խաղաղապահ դերի մասին, հանկարծ հայտարարեց, որ տեղյակ չէ, թե որտեղ է Եվգենի Պրիգոժինը, բայց վստահ է՝ Բելառուսում չէ։ Գեներալ Սուրովիկինը, որին անվանում էին Եվգենի Պրիգոժինի համախոհ, ըստ որոշ տեղեկությունների, դեռ հետաքննության ներքո է։