Ռուսաստանի ղեկավարությունը տարաձայնությունների ու խառնաշփոթության մեջ է վագներականների առաջնորդ Եվգենի Պրիգոժինի անհաջող ապստամբությունից հետո, սակայն դեռ վաղ է ասել, թե այդ գործընթացներն ինչ ազդեցություն են թողնում Ուկրաինայի դեմ ընթացող պատերազմի վրա՝ հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին։
Լրագրողների հետ զրույցում գեներալը նշել է, որ «ռազմավարական մակարդակով միանգամայն պարզ է, որ [Ռուսաստանի ղեկավարությունում] տարաձայնություններ ու խառնաշփոթություն է»։
«Դրամատիկ իրադարձություններ են [Ռուսաստանի ղեկավարության] ամենաբարձր մակարդակում: Ի վերջո, ինչի՞ կհանգեցնի այդ ամենը։ Դեռևս հստակ չեմ կարող ասել»,- նշել է Միլլին՝ հավելելով․ «Չեմ կարծում, թե [այդ ամենն] ավարտվել է: Կարծում եմ, այլ դրվագների ականտեսը կդառնանք»:
Միլլիի խոսքով, Ուկրաինայում կռվող ռուսական զորքերի շարքային կազմը գլխավորապես կենտրոնացած է իր գոյատևման համար մղվող ամենօրյա պայքարի ուղղությամբ:
Your browser doesn’t support HTML5
«Վագների» ապստամբությունից հետո, որը ռուսական պետության՝ վերջին տասնամյակների ամենամեծ մարտահրավերն էր, նախագահ Պուտինը դեռևս չի հրամանագրել պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։
Կրեմլի ղեկավարը նախ ապստամբներին անվանեց դավաճաններ, իսկ հետո ասաց, որ նրանց թույլ կտան տեղափոխվել Բելառուս: Այս շաբաթ Մոսկվան անսպասելիորեն հայտարարեց, թե ապստամբությունից ընդամենը հինգ օր անց Պուտինը հանդիպել է Պրիգոժինին և «Վագների» հրամանատարներին:
Տակավին հայտնի չէ, թե ներկայում որտեղ է Պրիգոժինը: Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ հայտարարեց, որ «Վագների» ղեկավարը Բելառուսում է, բայց անցած շաբաթ ասաց, որ Պրիգոժինը վերադարձել է Ռուսաստան։
«Կարծում եմ, նա ճանապարհորդում է [Ռուսաստանի և Բելառուսի միջև]», - ասել է Միլին՝ հրաժարվելով մանրամանսել, թե որտեղ է Պրիգոժինը: