Էրդողանը ակնարկում է, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Անկարան Ստոկհոլմին մեղադրել է հակաիսլամական ակցիաների և  ահաբեկչական խմբավորումների նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունք դրսևորելու մեջ, որոնք, ըստ Թուրքիայի, սպառնալիք են իր անվտանգությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնարկել է, որ Անկարան պատրաստ չէ հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը՝ հայտարարելով, որ Ստոկհոլմը պետք է ավելի շատ աշխատի իր «տնային առաջադրանքների կատարման ուղղությամբ»։

Ելույթ ունենալով կառավարության նիստից հետո՝ Էրդողանը վերահաստատել է իր դիրքորոշումը անցած շաբաթ Ստոկհոլմի մզկիթներից մեկի մոտ Ղուրանի այրման առնչությամբ` տեղի ունեցածն անվանելով մահմեդականների դեմ ատելություն հրահրող հանցագործություն:

«Հասկացրել ենք, որ ահաբեկչական կազմակերպությունների և իսլամատյացության դեմ վճռական պայքարը մեր պահանջն է»,- ասել է Էրդողանը։ «Բոլորը պետք է ընդունեն, որ Թուրքիայի բարեկամությունը չի կարելի ձեռք բերել` աջակցելով ահաբեկչությանը կամ ահաբեկիչների համար պայմաններ ստեղծելով»։

Թուրքիան առայժմ հրաժարվում է հավանություն տալ է ռազմական դաշինքին Շվեդիայի անդամակցությանը` Ստոկհոլմին մեղադրելով հակաիսլամական ակցիաների և ահաբեկչական խմբավորումների նկատմամբ չափազանց մեղմ վերաբերմունքի համար, որոնց Անկարան դիտարկում է սպառնալիք իր անվտանգությանը:

Այդ խմբավորումներից են ռազմականացված քրդական կազմակերպությունները, որոնց ապստամբական գործողությունները Թուրքիայում տասնամյակների պատմություն ունի։