Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ մրցակցության մեջ է մտնելու նախագահ Ջո Բայդենի հետ՝ գալիք նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության թեկնածուն դառնալու համար՝ ընդգծելով, թե կորպորացիաները չափազանց մեծ ազդեցություն ունեն կառավարության վրա, ինչն էլ հանգեցնում է «կործանարար հետևանքների»:
«Նրանք թունավորել են մեր երեխաներին և մեր ժողովրդին քիմիական նյութերով ու դեղամիջոցներով, տիրացել մեր ունեցվածքին, խորտակել միջին խավը և մեզ պահել մշտական պատերազմի պայմաններում»,- հայտարարել է Քենեդի-կրտսերը:
Your browser doesn’t support HTML5
Քենեդին հայտնի է ոչ միայն որպես ԱՄՆ հանգուցյալ գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆ. Քենեդիի որդի, այլև՝ պատվաստանյութերի դեմ հանդես եկող գործիչ, ով քարոզում է գիտականորեն մերժված տեսություններ:
Օրինակ, կոչ է արել փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը և պնդում է, որ դեղատոմսերով դուրս գրվող դեղերն են պատճառը, որ Միացյալ Նահանգներում հրաձգությունների ալիք է բարձրացել:
«Real Clear Politics»-ը հունիսին հաշվարկել էր, որ դեմոկրատների շրջանում Քենեդիի աջակցությունը կազմում է մոտ 14%, Բայդենինը՝ 64%:
Ըստ վերլուծաբանների, թեև Քենեդի-կրտսերի քարոզարշավը՝ մեկնարկին աջակիցների նկատելի քանակ է ապահովել, սակայն ընտրողների համար անհասկանալի է՝ ինչ քաղաքականություն է նա առաջարկում:
«Ցանկանում ենք ունենալ անվտանգ պատվաստանյութեր, մտածված քաղաքականություն Ուկրաինայի հարցում, ինչին նա դեմ է: Ցանկանում ենք ունենալ կշռադատված քննարկում զենքի ազատ վաճառքի հարցում, այն մասին, թե որն է [Ամերիկայում] հրազենի կիրառման պատճառը։ Խնդիրն այն է, որ պարզ չէ, թե նրա դիրքորոշումները ուր են տանում մեզ»,- ասում է քաղաքագիտության պրոֆեսոր Հենրի Բրեդին:
Որպես բնապահպանանական հացերով իրավաբան՝ Քենեդի-կրտսերը կարող է հույսը դնել դեմոկրատ ընտրողների այն հատվածի վրա, որոնց համար բնապահպանական հարցերը կարևոր են, կամ նրանց, ովքեր հիասթափված են Բայդենից:
Սակայն քաղաքագետ Հանս Նոելն ասում է, որ Քենեդի-կրտսերը չի կարող հաղթել Բայդենին․ «Քիչ հավանական է, որ կարող է ազդել դեմոկրատների ներկուսակցական ընտրության արդյունքի վրա: Բայց, իհարկե, կարող է խառնաշփոթ ստեղծել, մարդիկ կխոսեն այդ մասին: Կարող է նաև ցույց տալ, որ հիասթափություն կա Բայդենից»:
Այնուամենայնիվ, ոմանք կարծում են, որ Բայդենի թիմը պետք է հետևի Քենեդի-կրտսերի նախընտրական արշավին և հաշվի նստի նրան ընտրողների հետ:
«Շատ մարդիկ մտածում են՝ լավ, գիտեք, հաջորդ տարի՝ ընտրություններին Բայդենը կլինի ավելի քան 80 տարեկան: Ովքե՞ր են մեր այլընտրանքները»»,- ասում է Ջ. Մայլս Քոլմենը։
Ե՛վ Բայդենի, և՛ Քենեդի-կրտսերի թիմերն անարձագանք թողեցին «Ամերիկայի Ձայն»-ի խնդըանքը՝ մեկնաբանություններ տալ։