Եվ այսպես, ի՞նչ է «Bidenomics»-ը:
Փորձենք հասկանալ նախագահ Ջո Բայդենի օգնությամբ, ով չորեքշաբթի Չիկագոյում ներկայացրել է տնտեսական ծրագիրը:
««Bidenomics-ը տնտեսությունը ներքևից վերև, ոչ թե հակառակը՝ վերևից ներքև, կառուցելու մասին է։ Որոշել ենք կյանքի կոչել երեք հիմնարար փոփոխություններ, և [այս հարցում] ունենք Կոնգրեսի աջակցությունը: Նախ, Ամերիկայում կատարել խելացի ներդրումներ։ Երկրորդ, կրթել և հզորացնել ամերիկացի աշխատողներին՝ ընդլայնելու միջին խավը: Եվ երրորդ, խթանել մրցակցությունը՝ ծախսերը նվազեցնելու և փոքր բիզնեսին օգնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Ակնհայտ է՝ ծրագրի անվանումը ընտրվել է ի հակադրություն «Reaganomics»-ի՝ ԱՄՆ-ն մոտ քառասուն տարի առաջ կառավարած հանրապետական նախագահ Ռոնալդ Ռեյգանի տնտեսական ծրագրի, ըստ որի հարուստների բարգավաճումը կբարելավի աղքատների կենսամակարդակը:
Փոխարենը, «Bidenomics»-ն առաջարկում է տնտեսության զրագացմանը նպաստել, այսպես ասած, ներքևից, ինչի մասին Բայդենը խոսեց այս շաբաթ՝ հայտարարելով, թե, օրինակ, մտադիր է ավելի քան 40 միլիարդ դոլար ներդնել գյուղական բնակավայրերը գերարագ ինտերնետով ապահովելու համար: Այս քայլը նա նմանեցրեց նախկին նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի՝ գրեթե մեկ դար առաջ ձեռնարկած գյուղական Ամերիկան էլեկտրաֆիկացնելու ծրագրին:
Your browser doesn’t support HTML5
Հանրապետականները քննադատում են «Bidenomics»-ը՝ նրանց խոսքով հարկերի ու պետական ծախսերի ավելացման համար, որոնք նպաստում են գնաճին և պետական պարտքի ավելացմանը:
Չիկագոյում Բայդենի ելույթից ժամեր առաջ Սենատի հանրապետական անդամները հանդես եկան ծրագրին ուղղված ծավալուն քննադատությամբ:
Ըստ հարցումների, ամերիկացիների միայն մեկ երրորդն է հավանություն տալիս Բայդենի տնտեսական քաղաքականությանը:
«Վատ լուրը բոլորի ականջին է, լավ նորությունից քչերն են տեղյակ։ Նման միջավայրում դժվար է համոզիչ փաստարկներ բերել, որ լավ գործ ես անում, երբ ոչ ոք չգիտի, որ լավ բան է արվել»,- ասում է ԱՄՆ «Ipsos» սոցոլոգիական հետազոտությունների կենտրոնի հանրային կապերի գծով ավագ փոխնախագահ Քրիս Ջեքսոնը:
Վերլուծաբանների խոսքով, աշխարհն ուշի ուշով հետևում է ամենամեծ տնտեսությանը` Եվրոպայում տնտեսության անկման և Չինաստանի դանդաղ տնտեսական աճի պայմաններում:
«Այն, ինչ տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, անդրադառնում է աշխարհին: Գիտեք, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի բարձրացնել [վերաֆինանսավորման] տոկոսադրույքները, ինչը կարող է իրական խնդիրներ ստեղծել զարգացող տնտեսությունների համար, որոնք իրենց պարտքը մարում են ԱՄՆ դոլարով: Այն կարող է լարվածություն առաջ բերել համաշխարհային ֆինանսական շուկաներում»,- ասում է «American Enterprise Institute»-ի հետազոտող Դեսմոնդ Լախմանը:
Բայդենը վերջերս սկսեց նախընտրական քարոզարշավը՝ հայտարարելով, թե վերընտրվում է «գործն ավարտին հասցնելու»:
Տնտեսական հարցերը մշտապես ամերիկացի ընտրողների ուշադրության կենտրոնում են, բայց հայտարարաված նպատակների ու արդյունքների միջև ժամանակահատվածը հաճախ տարիներ է տևում:
Բայդենը տասնութ ամիս ունի՝ ներկայացնելու իր կատարած աշխատանքները։