Պրիգոժինի խոսքով՝ իր խմբի շարքերում կան բազմաթիվ զոհեր: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են տեղի ունեցել հարվածները։
Ուրբաթ երեկոյան Պրիգոժինի տելեգրամյան ալիքներում հայտնվեց աուդիո հաղորդագրություններ «Վագների հրամանատարների խորհրդի կողմից»: Դրանում Պրիգոժինի ձայնին նման ձայնով տղամարդը հայտարարում է, որ խումբը մտադիր է դադարեցնել «չարիքը, որը բերում է երկրի ռազմական ղեկավարությունը»։
Պրիգոժինը խնդրում է «ոչ մեկին չդիմադրել» և խոստանում է «ոչնչացնել իր ճանապարհին կանգնած ցանկացած անցակետ և ցանկացած ինքնաթիռ»: Նա խոստանում է «արդարության վերականգնումից» հետո «Վագները» վերադարձնել ուկրաինական ճակատ։
Գործարարը մանրամասնել է, որ իր տրամադրության տակ ունի 25000 մարտիկ և կոչ է արել բոլոր ռուսներին միանալ իրենց, այդ թվում՝ կանոնավոր բանակի զինծառայողներին։
Պրիգոժինը հայտարարված քարոզարշավի նպատակն անվանել է պաշտպանության նախարարության ղեկավարության հետապնդումը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ «նախագահական իշխանությունը, կառավարությունը, ՆԳՆ-ն և մյուս կառույցները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով»։ «Սա ռազմական հեղաշրջում չէ, սա արդարության երթ է»,- ընդգծել է Պրիգոժինը։
Բացի այդ, Պրիգոժինը հայտնել է, որ ուրբաթ օրը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իբր, ժամանել է Դոնի Ռոստով՝ հատուկ «Վագներ»-ին ոչնչացնելու համար և փախել այնտեղից՝ իրեն բացատրություններ չտալու համար։
Պրիգոժինին աջակցել է Ուկրաինայի կողմից կռվող ռուսական կամավորական կորպուսի հրամանատար Դենիս Նիկիտինը (Կապուստին):
ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները՝ ռուս զինվորականների կողմից Վագներ-ի թիկունքին հարվածելու մասին իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Պրիգոժինի և ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունների մասին։ «Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ զինված ապստամբության կոչ անելու փաստի առթիվ։ Հատուկ ծառայությունը գործարարին հորդորել է դադարեցնել անօրինական գործողությունները։ Ավելի ուշ, ԱԴԾ-ն կոչ է արել Վագների զինյալներին չկատարել Պրիգոժինի հրամանները և բերման ենթարկել նրան:
Ուրբաթ առավոտյան հրապարակվեց Եվգենի Պրիգոժինի երկար հարցազրույցը, որում նա քննադատում էր ոչ միայն Սերգեյ Շոյգուին, այլև Ուկրաինայում պատերազմ սկսելու գաղափարը։ Նրա կարծիքով՝ պատերազմը դրա հրահրողներին պետք էր «միայն PR-ի համար»։
Եվգենի Պրիգոժինի և ՌԴ ՊՆ-ի միջև բացահայտ հակամարտությունը մի քանի ամիս է տևում։ Բախմուտի համար մղվող մարտերի ֆոնին Պրիգոժինը բազմիցս հրապարակել է տեսանյութեր՝ սուր քննադատության ենթարկելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։
Պրիգոժինը նրանց մեղադրեց զինամթերքի պակասի, «ռուսական հողի» հանձնման մեջ և խոստացավ, որ կզբաղվի նրանցով այնքան ժամանակ, մինչև «հատուցումը չհասնի նրանց»։ Պաշտպանության նախարարությունը սովորաբար չի մեկնաբանում նման հայտարարությունները։
Արևմտյան առաջատար լրատվամիջոցները նույնպես այժմ ստուգում են այս տվյալները։