Գլենդելում միացյալ կրթական շրջանի խորհրդի անդամները միաձայն ընդունել են հունիսը «հպարտության ամիս» հռչակելու որոշում

Գլենդելում՝ միացյալ կրթական շրջանի հերթական նիստում նախատեսվում էր քվեարկության դնել հունիսը «հպարտության ամիս» ճանաչելու հարցը։ Զուգահեռաբար՝ ցույցերն էին կազմակերպել կրթական ծրագրին դեմ հանդես եկող աշակերտների ծնողները և ծրագիրն աջակցող ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչները։

Միացյալ Նահանգներում Սթոունուոլի հուզումներից հետո՝ 1970-ականներից ի վեր հունիս ամիսը համարվում է ԼԳԲՏՔ համայնքի հպարտության ամիսը, որի ժամանակ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ նշելու իրավունքների համար նրանց պայքարի ուղին։ Երկրի որոշ դպրոցներում այս թեմայով կրթական ծրագրեր են իրականացվում։ Մինչդեռ, ավելի քան մեկ ամիս է Գլենդելի միացյալ կրթական շրջանի աշակերտներին ներկայացնող մի խումբ ծնողներ բողոքում են կրթական շրջանում այս թեմայի դասավանդման դեմ։

Երեքշաբթի՝ Գլենդելում միացյալ կրթական շրջանի հերթական նիստում նախատեսվում էր քվեարկության դնել հունիսը «հպարտության ամիս» ճանաչելու հարցը։ Զուգահեռաբար՝ ցույցերն էին կազմակերպել կրթական ծրագրին դեմ հանդես եկող աշակերտների ծնողները և ծրագիրն աջակցող ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչները։

«Մենք ցույց չենք անում ԼԳԲՏՔ համայնքի դեմ։ Տարիներ շարունակ ապրել ենք համայնքի կողքին։ Մեր շուրջը որոշ մարդիկ, մեր ընկերները, ընտանիքի անդամներ ԼԳԲՏՔ համայնքից են։ Մեր խնդիրը՝ Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանի ու ցանկացած մեկի հետ է, ով այս թեմայով քարոզ է իրականացնում երեխաների շրջանում, որոնք դեռ պատրաստ չեն [ընկալել այն]»,- ասում է Լոս Անջելեսում բնակվող Քրիստին։

«Այստեղ ենք, քանի որ սա մեր երեխաներին է վերաբերում։ Իմ երեխաները 4 և 8 տարեկան են, և չեն հասկանում ինչ է ԼԳԲՏՔ համայնքը։ Նրանց չի հետաքրքրում, թե դուք ԼԳԲՏՔ համայնքից եք, սևամորթ եք, ասիացի եք, մեքսիկացի եք կամ թե երկու մայրիկ կամ երկու հայրիկ ունեք։ Այն, որ նրանք այդ մասին ուսուցանում են, նշանակում է, որ մեր երեխաներին նախապատրաստում են սատարելու իրենց ծրագրերը։ Ես էլ ասում եմ՝ թույլ տվեք ես իմ երեխային ասեմ, թե նա ինչ պետք է սովորի, ինչ՝ ոչ»,- նշում է ծնողներից մեկը։

Your browser doesn’t support HTML5

Գլենդելում դպրոցականների ծնողների և ԼԳԲՏՔ համայնքի անդամների ծեծկռտուքի տեսանյութը ողողել է համացանցը՝ բարձրացնելով ապատեղեկատվության ալիք

Մինչդեռ ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչները համաձայն չեն. դպրոցի աշակերտներից ոմանք մեծանում են երկու մայրերի կամ երկու հայրերի հետ, ուստի, նրանց խոսքով, չխոսել սեռի մասին՝ սխալ է։

«Մենք խոսում ենք մեր երեխաների հետ համաճարակից, դպրոցներում հնչող կրակոցներից… Իսկ ցեղասպանություն վերապրած [հայ] համայնքի պարագայում՝ ցեղասպանության մասին: Կարող եք խոսել նրանց հետ տարբեր տեսակի ընտանիքների մասին, ձեր երեխաները կհասկանան»,- ասում է Լոս Անջելեսում բնակվող Պաուլան:

Թեև ցույցերը խաղաղ էին, այնուամենայնիվ Գլենդելում միացյալ կրթական շրջանի հերթական նիստն ավարտվել է բախումներով: Ոստիկանության համաձայն, երեք մարդ ձերբակալվել է:

«Նման արարքներն անընդունելի են մեր դպրոցներում, Լոս Անջելեսի փողոցներում, մեր երկրի որևէ մասում։ Այս հարցերում դիրքորոշում չցուցաբերելն ինքնին դիրքորոշում է։ Մենք բազմազան համայնք ենք, և ես՝ որպես ղեկավար, որպես ուսուցիչ և ծնող, ունեմ բարոյական և մասնագիտակ պարտք՝ բոլորին ներկայացնելու, բոլորին պաշտպանելու պարտավորություն ունեմ՝ թե՛ ուսանողներին, թե՛ ծնողներին և թե՛ աշխատակիցներին»,- նշում է Լոս Անջելեսի Միացյալ կրթական շրջանի ներկայացուցիչ Ալբերտո Կարվալոն։

Ցույցին ներկա էր նաև Կոնգրեսի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած հայազգի Ժիրայր Ռաթևոսյանը, ում խոսքով՝ կրթական այս ծրագրերի նպատակը համախմբելն ու միավորելն է, ոչ թե պառակտելը։

«Հունիսը բազմազանությունն ու ԼԳԲՏՔ համայնքի անդամ ամերիկացիների ձեռքբերումները տոնելու ամիս է այս երկրում, ինչպես նաև՝ մի ժամանակաշրջան, երբ պայքարում ենք հավասարության և արդարության համար։ Ինձ խորապես մտահոգեց այն ինչ տեսա, քանի որ այն չի բնորոշում մեզ՝ հայերիս։ Հատկապես մտահոգիչ է, որ մեր երեխաները դիտում են սա։ Սա լավ օրինակ չէ նրանց համար։ Մենք՝ հայերս գիտենք, թե ինչ է փոքրամասնություն լինելը և թե ինչ է նշանակում պայքարել։ Մենք պայքարել ենք ցեղասպանության ճանաչման և մարդկության նկատմամբ նման ոճրագործությունները բացառելու համար։ Չեմ տարբերում այս պայքարը, որովհետև այն գոյության և ճանաչման պայքար է»,- ընդգծում է Ժիրայր Ռաթևոսյանը։

Գլենդելում միացյալ կրթական շրջանի խորհրդի անդամներն ավելի ուշ միաձայն ընդունել են հունիսը «հպարտության ամիս» հռչակելու որոշում: