Ո՞վ կստանձնի իշխանությունը Բելառուսում՝ Լուկաշենկայից հետո

Փորձագետները՝ Բելառուսում իշխանության փոխանցման սցենարների մասին

Չնայած Լուկաշենկոյի՝ ավելի վաղ արված հայտարարություններին իր ինքնազգացողության ու իշխանության սանձերը ձեռքից բաց չթողնելու մտադրության մասին, ի հայտ են եկել անուղղակի նշաններ, որոնք, մեղմ ասած, վկայում են՝ ամեն ինչ միանշանակ չէ։ Առավել ևս, որ Բելառուսի տիրակալը վերջերս Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում էր։

«Charter97.org»-ի փոխանցմամբ, Լուկաշենկոյին շտապ կարգով են տեղափոխել հիվանդանոց։ Ավելի ուշ՝ բժիշկները հաստատեցին բռնապետի հոսպիտալացումը։

Այս ամենը վերստին լուրերի պատճառ հանդիսացավ, թե Բելառուսում հապշտապ սկսել են իշխանության փոխանցման սցենարներ մշակել։ Կան վկայող այլ նշաններ ևս։ Սոցցանցերում և տեղի լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության համաձայն, նախօրեին Մոսկվայից Մինսկ են ժամանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը, ինչպես նաև Անվտանգության դաշնային ծառայության և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարներ Բորտնիկովն ու Նարիշկինը։

Իհարկե, առաջին անգամ չէ, որ Լուկաշենկոն վերականգնվում է առողջական խնդիրներից հետո, սակայն նախորդ օրերին, շաբաթներին փորձագիտական հանրությունում ավելի հաճախ են հնչում կարծիքներ, թե այս անգամ գործերն այլ ընթացք են ստանում, և առանց կրակ ծուխ չի լինում:

Իրադարձությունների զարգացման բազմաթիվ սցենարներ կարող են լինել, եթե Բելառուսի ղեկավարը դառնա անգործունյա՝ նշում է քաղաքական վերլուծաբան Արտյոմ Շրայբմանը։ Սակայն, նրա կարծիքով, տակավին պարզ չէ, թե ով կարող է իշխանության ստանձման հայտ ներկայացնել։

Your browser doesn’t support HTML5

Փորձագետները՝ Բելառուսում իշխանության փոխանցման սցենարների մասին

«Բելառուսական պետական համակարգը իշխանության փոխանցման փորձ ընդհանրապես չունի՝ ի տարբերություն անգամ ռուսաստանյանի»,- «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում ասում է նա և հավելում․ «Հետևաբար, այն մեզ համար «սև արկղ» է։ Անկեղծ ասած, ամենայն հավանականությամբ անակնկալներ կլինեն։ Չնայած սահմանադրությունում ամեն ինչ գրված է։ Իշխանությունը ժամանակավորապես պետք է անցնի խորհրդարանի վերին պալատի ղեկավար Նատալյա Կոչանովային։ Այնուհետև՝ 70 օրվա ընթացքում նա պետք է անցկացնի [նախագահական] ընտրություններ։ Բայց արդյո՞ք իրականում այդպես կլինի, պարզ չէ: Միգուցե ուժայինները ցանկանան մեկ ուրիշին նշանակել։ Այստեղ բավականաչափ հարցեր կան։ Արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ կերպ միջամտել գործընթացին, արդյո՞ք Կոչանովան ցանկանում է հետագայում վերցնել և յուրացնել իշխանությունը՝ օգտվելով իրավիճակից։ Ոչինչ չգիտենք»։

Հնարավոր է նաև ապակայունացում՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով՝ շարունակում է Շրայբմանը.

«Սա նույնպես էական գործոն է։ Այստեղ իրավիճակն ապակայունացնելու հնարավոր գործոններն այնքան շատ են, որ հորիզոնից այն կողմ նայելը չափազանց բարդ է։ Արդյո՞ք ամեն ինչ Մոսկվայի վերահսկողության տակ է։ Այո՛ և ո՛չ։ Չեմ կարծում, որ Լուկաշենկոյին հաջորդող Բելառուսի իշխանությունը կանի մի բան, որը մեծապես կզայրացնի Մոսկվային։ Ընդհանուր առմամբ, նրանք շարունակելու են կատարել բոլոր այն պահանջները, որոնք այժմ կատարում է Լուկաշենկոն։ Այս առումով, անկախ նրանից, թե ով գա իշխանության, նա, այնուամենայնիվ, կմնա ռուսական քաղաքականության ծիրում»։

Այդուհանդերձ, փորձագետը չի կարծում, թե Մոսկվան կարող է ուղղակի նշանակել իր դրածոյին՝ Լուկաշենկոյի հաջորդին։

«Միզես» հետազոտական կենտրոնի ղեկավար Յարոսլավ Ռոմանչուկը «Ամերիկայի Ձայնին» փոխանցել է՝ բացառությամբ մի քանի հոգու, ոչ ոք հստակ տվյալներ չունի Լուկաշենկայի և Պուտինի առողջական վիճակի մասին։ Հետևաբար, Բելառուսում իշխանության փոխանցման մասին բոլոր խոսակցությունները անլուրջ են և ընդամենը նպատակ ունեն շեղել մարդկանց ուշադրությունը աշխարհում ընթացող զարգացումներից։

«Այս ամենը ամռանը տեղեկատվական դաշտը «լցնելու» համար է»,- մանրամասնում է նա․ «Իհարկե, բոլորս մահկանացու ենք, և ցանկանում ենք, որ աշխարհը մնա առանց բռնապետերի, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Այսօր որևէ հիմք չկա խոսելու [Բելառուսում] իշխանության փոխանցման անհետաձգելի սցենարների մասին։ Աստված տա, որ Լուկաշենկոն ու Պուտինը գոնե չքննարկեն ագրեսիայի սաստկացման տարբերակները»։

Այնուամենայնիվ, Յարոսլավ Ռոմանչուկը համաձայն է՝ բոլոր տարբերակների դեպքում էլ Մոսկվան չի կորցնի իր վերահսկողությունը Բելառուսի իշխանության նկատմամբ։

«[Այդ տարբեևրակը] բացառվում է, [քանի որ] Լուկաշենկոն ամբողջովին Ռուսաստանին է փոխանցել լոգիստիկ, ֆինանսական և ռազմական բոլոր շղթաները։ Այդքանից հետո անգամ չեք կարող մտածել, որ [Բելառուսի նոր ղեկավարը] նման իրավիճակում ինչ-որ կերպ կարող է ճողոպրել: Նման բան ուղղակի հնարավոր չէ»,- ամփոփում է «Միզես» հետազոտական կենտրոնի ղեկավարը։