Թուրք-ամերիկյան հարաբերությունները՝ Էրդողանի երրորդ ժամկետին. մերձեցում, թե՞ հակասությունների խորացում

ԱՄՆ շարունակում է աջակցել Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցության հայտին և կոչ անում գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Էրդողանը նախկինում խոչընդոտում էր Շվեդիայի անդամակցությանը: Վերլուծաբանները քննարկում են՝ ինչ դիրքորոշում կորդեգրի Էրդողանն այս հարցում վերընտրվելուց հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հազարավոր կողմնակիցներ այս շաբաթվա սկզբին տոնել են նրա հաղթանակը։ Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Թուրքիայի առաջնորդին, ներառյալ՝ նախագահ Ջո Բայդենը։

«Նա (Թուրքիայի նախագահը) շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել F-16-ների խնդրի հանդեպ: Ես ասացի նրան, որ մենք ցանկանում ենք համաձայնության գալ Շվեդիայի հարցում»,- նշել է նախագահ Բայդենը:

Սա առաջին դեպքն է, երբ Բայդենը փոխկապում է այս երկու հարցերը։

Անկարան երկար ժամանակ փորձում էր գնել ամերիկյան արտադրության 40 F-16 ինքնաթիռներ, սակայն Կոնգրեսը արգելափակում է գործարքը:

Your browser doesn’t support HTML5

Ինչպես կընթանան Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն Էրդողանի երրորդ ժամկետին

Նախկինում ԱՄՆ-ի պաշտոնյաները մերժել են փոխշահավետ պայմաններով առաջարկները:

«Դա պայման չէ: Նախագահ Բայդենը վաղուց արդեն աջակցություն է հայտնել F-16-ների վաճառքին»,- նշել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիեռը:

Ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը, Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսին։

ՆԱՏՕ-ին անդամակցությունը պետք է հաստատվի բոլոր անդամների կողմից։ Ֆինլանդիան անդամակցեց ՆԱՏՕ-ին ապրիլին, սակայն Շվեդիայի հայտը հետաձգվում է, քանի որ Անկարան կարծում է, որ Ստոկհոլմը ապաստանում է քուրդ «ահաբեկիչներին»՝ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունից:

Պաշտոնյաները հույս ունեն, որ Շվեդիայի անդամակցությունը կհաստատվի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Այն, ինչ մենք տեսնելու ենք, վերջին րոպեի մի փոքր դրամա է, որը գնում է դեպի Վիլնյուսի գագաթնաժողովը... Ի վերջո, հնարավոր է, որ այս խնդիրը լուծում գտնի»,- նշում է Ասլի Այդինթաշբաշը Բրուքինգս հաստատությունից։

Սակայն անկախ կործանիչներից ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շարունակում են մնալ բարդ։

«Թուրքիան երբեք 100%-ով մեր կողմը չի եղել: Հուսանք, որ ապագայում 50%-ից պակաս մեզնից հեռու չի հայտնվի: Շատ բան է կախված Բայդենի և Էրդողանի անձնական հարաբերություններից: Դրանք սառն էին, սակայն հեռախոսազանգը դրական առաջին քայլ է»,- ընդգծում է Ջեյմս Ջեֆրին Ուիլսոն կենտրոնից։

Էրդողանը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ միաժամանակ հրաժարվելով միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն, դեռ ավելին` ընդլայնելով է իր առևտրային կապերը Մոսկվայի հետ։