Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարեց Թուրքիայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։
Ելույթ ունենալով համախոհների հետ՝ Էրդողանը, ով իշխանության ղեկին է մոտ 20 տարի, ասաց, որ ընտրողներն իրեն են հանձնել առաջիկա հինգ տարիների կառավարման պատասխանատվությունը:
«Միակ հաղթողը Թուրքիան է», - ասաց նա Ստամբուլում հավաքված իր աջակիցներին:
Էրդողանը նախագահ է դարձել ընտրությունների երկրորդ փուլում՝ այս պահին հավաքելով ձայների ավելի քան 52 տոկոսը։ Քըլըչդարօղլուն ունի ավելի քան 47տոկոս, սակայն թեկնածուների տարբերությունը 2 միլիոնից ավելի ձայն է, ուստի այս պահին հաշվի չառնված քվեաթերթիկները չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա։
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները շնորհավորել են Էրդողանին հաղթանակի կապակցությամբ։
«Ես անհամբեր սպասում եմ, որ կշարունակենք միասին աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ երկկողմ հարցերի և ընդհանուր գլոբալ մարտահրավերների շուրջ»,- գրել է Բայդենը՝ չնշելով Վաշինգտոնի և Անկարայի միջև վերջին լարվածությունը:
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնպես շնորհավորել է Էրդողանին թվիթերում՝ Թուրքիային անվանելով «ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից և գործընկեր»։
«Ես անհամբերությամբ սպասում եմ Թուրքիայի ժողովրդի ընտրած կառավարության հետ մեր համատեղ աշխատանքի շարունակմանը»,- գրել է պետքարտուղարը։
Բլինկենը նաև բարձր է գնահատել կիրակի օրը ընտրողների բարձր մասնակցությունը և Թուրքիայի «ժողովրդավարական երկար ավանդույթը»:
Հայտնի է, որ Էրդողանին շնորհավորել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով թվիթերյան իր գրառման մեջ գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ»:
69-ամյա Էրդողանը 4 տոկոս առավելությամբ հաղթեց 74-ամյա ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այսօրվա քվեարկությունը դիտորդների կողմից գնահատվել է որպես հանրապետության 100-ամյա պատմության ընթացքում երկրի ամենակարեւոր ընտրությունները։
Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են մի շարք հարցերի արդյուքում՝ ներառյալ մարդու իրավունքերի խախտումները, ռազմական գործողությունները Սիրիայում, Էրդողանի սերտ հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույնիսկ Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո և Անկարայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը հաստատելու խոչընդոտումը։