Չորեքշաբթի երեկոյան՝ խափանումներով լի թվիթերյան աուդիո չաթի ժամանակ Ռոն ԴեՍանտիսը պաշտոնապես հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ Սակայն նրա քարոզարշավի առաջին տեսահոլովակի հրապարակումն անցավ առանց խնդիրների:
Հարցումները ցույց են տալիս, որ Ֆլորիդայի նահանգապետը շարունակում է զիջել Դոնալդ Թրամփին:
Քաղաքական կանխատեսումներով զբաղվող և American Enterprise Institute-ի Ամերիկյան կյանքի հետազոտական կենտրոնի ղեկավար Դենիել Քոքսը նշում է, որ վաղ հարցումներին անհրաժեշտ է զգուշավոր վերաբերվել:
«Հարցումներն օգտակար են: Նրանց շնորհիվ կարող ենք հասկանալ, թե տվյալ պահին [քաղաքական] մրցավազքի որ կետում ենք, սակայն արդյունքները մշտապես փոխվում են»,- նշել է Քոքսը:
Մի քանի ամսա վաղեմության հարցումները ցույց էին տալիս, որ ԴեՍանտիսին ավելի էին գերադասում: Սակայն նրա ժողովրդականությունը տուժեց, երբ
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը նա որակեց սոսկ որպես տարածքային վեճ, անհաջող հանդիպումներ ունեցավ հարուստ դոնորների հետ և, ընդհանուր առմամբ, չկարողացավ պահպանել հարաբերությունները ընտրողների հետ:
Թրամփին ցուցաբերվող աջակցությունը հաստատուն է պահպանողական հայացքներ ունեցող նրա կողմնակիցների շրջանում․ հատկապես նրանց պարագայում, ովքեր չունեն համալսարանական կրթություն կամ բարձր եկամուտ:
Սակայն ըստ Քոքսի, Ֆլորիդայի նահանգապետն ունի հանրապետական ընտրողների մեկ այլ հատվածի աջակցությունը:
«Թրամփը համարվում էր սպիտակամորթ, ավետարանական քրիստոնյաների ֆավորիտը, սակայն հարցումները ցույց են տալիս, որ գոնե այս փուլում նրանց նաև դուր է գալիս ԴեՍանտիսը»,- ասում է Քոքսը:
Հիշեցնենք, Թրամփի աջակցությամբ ԴեՍանտիսը սովորական կոնգրեսականից դարձավ նահանգապետ:
ԴեՍանտիսը չորեքշաբթի երեկոյան Twitter-ում մի քանի անուղղակի «հարվածներ» հասցրեց Թրամփին, սակայն ուշադրություն գրավեցին սոցիալական հարցերի շուրջ նրա անհաջող ձևակերպումները։
Ըստ Բրուքինգսի ինստիտուտից Ուիլյամ Գալսթոնի, որպեսզի ԴեՍանտիսը կարողանա անցնել Թրամփին, նա պետք է ավելի ուժեղ հռետորաբանությամբ հանդես գա հանրապետական ընտրազանգվածի առջև:
«Նա պետք է այնքան ուժ ցույց տա Թրամփին, որքան Թրամփն է փորձում ցույց տալ նրան»,-նշել է Բրուքինգսի ինստիտուտից Ուիլյամ Գալսթոն:
ԴեՍանտիսի թիմը նաև հուսով է, որ որոշում կայացնելիս՝ հանրապետական ընտրողները կառաջնորդվեն Ֆլորիդայում նրա ծայրահեղ պահպանողական բնույթի գործունեության արդյունքներով: Որպես նահանգապետ՝ ԴեՍանտիսն արգելել է աբորտները հղիության վեց շաբաթներից հետո, սահմանափակել միասեռականների և տրանսգենդերների իրավունքները և աղմկահարույց պայքարի մեջ մտել «Դիսնեյ» կորպորացիայի հետ, որը նահանգի երկրորդ խոշորագույն մասնավոր գործատուն է:
Միկի Մաուսի փոխարեն նահանգապետն այժմ պետք է պայքարի Դոնալդ Թրամփի դեմ: