Հայաստանի ներգրավվածությունը «եվրասիական կարուսելում»` արգելված ապրանքները Ռուսաստան վերաարտահանելու գործում

ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է «Ամերիկայի Ձայնի» հարցմանը՝ Հայաստանով Ռուսաստան արգելված ապրանքներ վերաարտահանելու վերաբերյալ։ Երևույթը ստացել է «եվրասիական կարուսել» անվանումը: Միջազգային մամուլը կրկին գրում է այդ մեխանիզմում Երևանի հնարավոր ներգրավվածության մասին։

2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, Միացյալ Նահանգները՝ դաշնակիցների և գործընկերների հետ տնտեսական պատժամիջոցմների մի ամբողջ շարք սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, որոնք աննախադեպ են Երկրորդ աշխարհամարտից ի վեր՝ գրավոր արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով ցանկացել է մնալ անանուն։

«Ամերիկայի Ձայնը» խնդրել էր պարզաբանել, թե որքանով է Հայաստանը ներգրավված դեպի Ռուսաստան արևմտյան արգելված ապրանքների վերաարտահանման գործում:

2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի հիման վրա սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև՝ արտահանման նկատմամբ վեահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Կրեմլի հնարավորությունները և կրճատում նրա ֆինանսական կարողությունները՝ հայտնել են պետքարտուղարությունից:

Your browser doesn’t support HTML5

Որքանո՞վ է ներգրավված Հայաստանը «եվրասիական կարուսելում»` արգելված ապրանքները Ռուսաստան վերաարտահանելու գործում

«Շատ [երկրների], ներառյալ՝ Հարավային Կովկասի [պետությունների] կառավարություններ պարտավորվել են հետևել միջազգային պատժամիջոցներին և արտահանման նկատմամբ վերահսկողությանը։ Կշարունակենք աշխատել այդ կառավարությունների, մասնավոր ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝ պահպանելու սահմանափակումները, ինչպես որ հայտարարված է»,- մանրամասնել է պաշտոնյան:

ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար, դեսպան Ջիմ Օբրայանը վերջերս «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության հետ զրույցում ընդգծել է պատժամիջոցների պահպանման կարևորությունը:

«Մենք կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է պահպանեն պատժամիջոցները։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում է, և հենց դրան են ուղղված պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը»

Նա կարևորել է մասնավոր հատվածի հետ աշխատանքը, հատկապես հյամապատասխան տեղեկատվության տրամադրման և նանց հետ հաղորդակցման ոլորտում: Մենք պարբերաբար խոսում ենք հանրության, առանձին ձեռնարկությունների ու բիզնես միավորումների հետ, ասում է Օբրայանը:

«Էլեկտրոնային կարևոր մի սարքի տեղափոխումը Ռուսաստան երրորդ երկրների միջոցով կարող է թվալ լավ բիզնես հնարավորություն այդ երկրներում ինչ-որ ձեռներեցների համար, սակայն նրանք պետք է տեղյակ լինեն, որ այդ ապրանքների մի մասը հնարավոր է հայտնվի ռազմի դաշտում: Այսպիսով, այդ երկրներից որևէ մեկում գտնվող գործարար սեփականատերը կամ որևէ այլ երկրի առևտրականը, ապրանքը Ռուսաստան ուղարկելով, փորձում է իր բախտը՝ ապավինելով, որ դրա մասին հայտնի չի դառնա: Նա մեղավոր է անգամ եթե տեղյալ չէ, որ այսպիսով խախտում է պատժամիջոցները։ Ուստի նրանք պետք է շատ զգույշ լինեն և խուսափեն նման գործարքներից»,- պնդում է դեսպան Օբրայանը:

Միջազգային մամուլը, սակայն, ահազանգում է՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները՝ Ռուսաստանը շարունակում է ստանալ հատկապես ռազմական նշանակության ապրանքներ, և այդ շղթայում ներգրավված են հետխորհրդային մի շարք երկրներ, ներառյալ՝ Հայաստանը:

American Enterprice Institute-ի ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը, անդրադառնալով վերջերս The New York Times-ի էջերում տեղ գտած հրապարկմանը՝ Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան արգելված տեխնոլոգիաների ու չիպերի տարանցման մասին, մտահոգիչ է որակում այն: Հղում կատարելով ամերիկյան պաշտոնական շրջանակներում իր աղբյուրներին՝ վերլուծաբանը, սակայն, հավելում է, թե հայկական կողմը ճկունություն է դրսևորում է, և ԱՄՆ վարչակազմը դժգոհություններ չունի, թե Երևանն ինչպես է հետևում պատժամիջոցներին:

«Կարծում եմ, ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Հայաստանն այստեղ ճիշտ է վարվելու, և որ Երևանն ավելի շատ համագործակցում է [ամերիկյան կողմի հետ], քան` խոչընդոտում»,- նշել է Ռուբինը:

Մինչդեռ, Հայաստանի իշխանությունները հերքում են, թե երկիրը ներգրավված է նման շղթայում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս չեխական Respekt ամսագրի հետ զրույցում շեշտել էր՝ պատժամիջոցները Հայաստանի «կարմիր գիծն» են, որի մասին հստակ ասվել է ռուսական կողմին:

«Պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել: Համագործակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ՝ հենց Ռուսաստանի հետ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ, և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջինիս շրջանակում»,- ըստ «Արմենպրեսի», ասել է վարչապետը:

Ամերիկյան հեղնակավոր The Wall Street Journal-ը թեմայի առնչությամբ հարցում է ուղարկել Հայաստանի կառավարություն: Ըստ պարբերականի, Հայաստանի կառավարության խոսնակն ասել է, որ երկիրը «ներքաշված չէ ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որևէ գործընթացում կամ գործողության մեջ»։ Նա հավելել է, որ Հայաստանի մաքսային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը պատժամիջոցների ներքո գտնվող ապրանքների նկատմամբ, և որ պաշտոնական Երևանը քննարկել է այդ հարցը Վաշինգտոնի հետ։

Սակայն նույն հրապարակման մեջ The Wall Street Journal-ը պնդում է․ «ԱՄՆ և Եվրոպական Միության զգայուն, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստանի հարևան երկրներ կտրուկ աճել է 2022 թվականին», և որ միջազգային առևտրի վերաբերյալ ՄԱԿ-ի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս նմանատիպ՝ մեծ աճ Ռուսաստանի ու այդ երկրների առևտրում:

Ըստ պարբերականի, «ընդհանուր առմամբ, ԱՄՆ ու ԵՄ ապրանքների արտահանումը Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Ղազախստան անցած տարի կազմել է 24,3 միլիարդ դոլար՝ 2021 թ-ի 14,6 միլիարդի փոխարեն: Այդ երկրները՝ միասին անցած տարի ավելացրել են իրենց արտահանումը Ռուսաստան գրեթե 50 տոկոսով՝ հասցնելով մոտ 15 միլիարդ դոլարի»:

The Wall Street Journal-ը ընդգծում է, որ նկատելիորեն աճել է Հայաստանի ու Արևմուտքի միջև երկակի նշանակության ապրանքների առևտուրը: «ՄԱԿ-ի տվյալների համաձայն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անցած տարի Հայաստան են արտահանել ավելի քան 8,5 միլիոն դոլարի ինտեգրալ սխեմաներ, որը 16 անգամ ավելի է 2021 թվականի ցուցանիշից՝ 530 հազար դոլար»։ Միաժամանակ, դրանց արտահանումը Հայաստանից Ռուսաստան կազմել է 13 միլիոն դոլար՝ 2021 թվականի ընդամենը 2 հազար դոլարի փոխարեն։

Ամերկյան պարբերականը նույն պատկերն է արձանագրել հետխորհդային այլ երկրների՝ Ղազախստանի, Վրաստանի, Ղրղզստանի ու Ուզբեկստանի պարագայում:

The Wall Street Journal-ը մեջբերում է փորձագետներին, թե նման տեխնոլոգիաները չափազանց կարևոր են Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար, քանի որ Ռուսաստանը սահմանափակ հնարավորություններ ունի՝ փոխարինելու արևմտյան այդ բաղադրիչները սեփական արտադրանքով։

«Էլեկտրոնային սարքերը անհրաժեշտ են ամենուր՝ ինքնաթիռների և թևավոր հրթիռների արտադրությունից մինչև զրահատեխնիկայի և տանկերի ղեկավարում, կառավարման և կապի համակարգերի համար»,- պարբերականին փոխանցել է ռուսական զինուժի փորձագետ և Թաֆթս համալսարանի վերլուծաբան Պավել Լուզինը:

The Wall Street Journal-ը ներկայացրել է Վաշինգտոնում գործող Silverado Policy Accelerator-ի գործադիր տնօրեն Սառա Ստյուարտի խոսքերը, ով վերլուծում է ռուսական առևտրի տվյալները. «Ռուսաստանի՝ այսօր էլ գոյություն ունեցող հնարավորությունները ձեռք բերել այդ ապրանքները, ներառյալ՝ պատժամիջոցների ներքո գտնվող և զարտուղի ճանապարհով Ռուսաստան հասած ապրանքները, սնուցում, ոչ թե խոչընդոտում են պատերազմ վարելու Կրեմլի ջանքերը»:

Մեծ թափ հավաքող առևտրային այդ հարաբերությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերլուծաբանները կոչել են «եվրասիական կարուսել»՝ գրում է ազդեցիկ պարբերականը:

«Շատ կասկածելի է, որ պատժամիջոցների ավելանալուց հետո, հանկարծակի աճում է նման ապրանքների արտահանումը Կենտրոնական Ասիա և Կովկաս»,- The Wall Street Journal-ին փոխանցել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Բիետա Ջավորչիկը:

Պարբերականի պնդմամբ, եվրոպական պատժամիջոցների՝ առաջարկված վերջին փաթեթում, որը դեռ պետք է հաստատվի, Եվրահանձնաժողովը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ուզբեկստանից երկու ընկերությունների և հայաստանյան մեկ կազմակերպության նկատմամբ՝ Ռուսաստանին երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու համար: