ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ընտրությւոններում չի աջակցում կողմերից որևէ մեկին: Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը լրագրողների հետ ճեպազույցի ընթացքում հայտնել է.
«ԱՄՆ-ն այս ընտրություններում չի բռնում թեկնածուներից որևէ մեկի կողմը: Մեր շահն է, որ գործընթացն ընթանա ժողովրդավարական ուղիով։ Մենք կշարունակենք աշխատել Թուրքիայի ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ՝ խորացնելով մեր համագործակցությունը մի շարք ընդհանուր առաջնահերթություններ ունեցող որոլտներում: Ինչպես արդեն նշել եմ, Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է, և մենք պատրաստ ենք այդ համագործակցության խորացմանը»:
Իսկ այդ ընթացքում, Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին։
Խորհրդի ղեկավար Ահմեդ Եները լրագողներին փոխանցել է, որ առաջին փուլից հետո Էրդողանը ստացել է քվեների 49,51%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը, մնացել է հաշվարկելու մոտ 35 000 քվեաթերթիկ։
Your browser doesn’t support HTML5
Երկու կողմն էլ պնդում են, որ իրենք են առաջատարը, և վիճարկում են հրապարակված թվերը՝ նախազգուշացնելով, թե վաղ է եզրակացություններ անել ներքաղաքական շիկացած մթնոլորտում:
Ենթադրվում է, որ կիրակնօրյա ընտրությունները երկրի խորհրդարանում մեծամասնություն կապահովեն Էրդողանի գլխավորած դաշինքին, ինչն էլ նրան առավելություն կընձեռի մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ:
Ընտրություններին նախորդած սոցհարցումները վկայում էին լարված ընտրապայքարի մասին՝ փոքր առավելություն տալով Քըլըչդարօղլուին, ով գլխավորում է ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը։ Մայիսի 12-ի անցկացված երկու հարցումների համաձայն, ընդիմադիր թեկնածուն անգամ հաղթահարում էր 50 տոկոսի շեմը։
Նախագահական ընտրությունների արդյունքները ոչ միայն կորոշեն, թե ով է ղեկավարելու Թուրքիան, այլև լույս կսփռեն՝ արդյո՞ք երկիրը կբռնի աշխարհիկ, ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին։ Կտան հարցերի պատասխանը՝ ինչպե՞ս է Թուրքիան հաղթահարելու ֆինանսական ճգնաժամը, ինչպիսի՞ հարաբերություններ է հաստատելու Ռուսաստանի, մերձավորարևելյան երկրների և Արևմուտքի հետ:
«Ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը կարող է առավելություն ունենալ, քանի որ նրա դաշինքը շատ ավելի լավ հանդես եկավ, քան ընդդիմադիրները։ Ակնկալում եմ... ազգային արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ առաջիկա երկու շաբաթներին»,- ասել է քաղաքական խորհրդատվություններ մատուցող Strategic Advisory Services ընկերության գործադիր տնօրեն Հաքան Աքբասը:
Այս ամենի ֆոնին՝ երկու գործիչների կողմենակիցները տոնում են հաղթանակը։ Էրդողանի հազարավոր ընտրողներ հավաքվել էին Անկարայում՝ իշխող կուսակցության կենտրոնակայանի մոտ։ Էրդողանը հայտարարել է, որ հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ շատ առաջ է Քեմալ Քըլըչդարօղլուից՝ խուսափելով, սակայն, հաղթանակի մասին հայտարարությունից։
Ընտրատեղամասերի փակվելուց հետո իր առաջին իսկ ելույթում Էրդողանը հայտատարել է, որ արտերկրում ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, և որ ինքը 2,6 միլիոն քվեով առաջ է անցել մրցակցից։
Ելույթ ունենալով իր կուսակցության կենտրոնակայանի մոտ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև ընդգծել է, թե կհարգի ժողովրդի որոշումը, եթե նախագահական ընտրությունները տեղափոխվեն երկրորդ փուլ։
Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ևս հայտարարել է, որ կընդունի ժողովրդի որոշումը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին՝ հավելելով, որ Էրդողանը նախագահական ընտրություններում չստացավ այն արդյունքը, որն ակնկալում էր։ Ընդդիմադիր գործիչը վստահեցրել է՝ երկրորդ փուլում հաղթելու է Էրդողանին:
Նախագահական ընտրություններից զատ, Թուրքիայում կայացան խորհրդարանական ընտրություններ։ Էրդողանի գլխավորած իսլամիստական՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP) և ազգայնական MHP-ից բաղկացած «Ժողովրդական դաշինքի» արդյունքը սպասվածից ավելի լավն էր. այն կարող է մեծամասնություն ստանալ գալիք խորհրդարանում:
Ձայների 93%-ի հաշվարկից հետո Էրդողանի առաջնորդած դաշինքը 600-տեղանոց օրենսդիր մարմնում ստացել է 324 տեղ։ Քըլըչդարօղլուի «Ազգային դաշինքը», որը բաղկացած է վեց ընդդիմադիր կուսակցություններից, ներառյալ նրա «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP), հավակնում է 211 մանդատի։
«Աշխատանքի և ազատության դաշինքը», որը գլխավորում է քրդամետ «Ձախ կանաչների» կուսակցությունը, հնարավոր է, խորհրդարանում զբաղեցնի 65 աթոռ: