Մատչելի հղումներ

Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունը չափազանց բարձր է


Թուրքիայում նախագահական ընտրությւոնների ընթացքում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել նախնական տվյալների համաձայն, հաղթահարել ընտրական 50 տոկոսի շեմը, ինչը ենթադրում է, որ մայիսի 28-ին տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ, որի ժամանակ հաղթող կճանաչվի ձայների պարզ մեծամասնություն հավաքած թեկնածուն: Հիշեցնենք, որ նախագահի աթոռի համար հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա մրցակից, ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի միջև: Այնուամենայնիվ, 69-ամյա Էրդողանը, ով 20 տարի իշխանության ղեկին է և հանդիսանում է երկրի ամենաերկարակյաց ղեկավարը, արձանագրեց սպասվածից ավելի լավ արդյունքներ:

Քվեատուփերի ավելի քան 96%-ի հաշվարկով Էրդողանն առջևում է ձայների ավելի քան 49 տոկոսով, իսկ Քըլըչդարօղլուն հավաքել է ձայների ավելի քան 44 տոկոս: Դրա մասին գրել է պետական Anadolu լրատվական գործակալությունը։

Գերագույն ընտրական խորհուրդը հայտարարել է, որ երկրորդ փուլն ապահովված չէ, քանի որ արտերկրում բնակվող ավվելի քան 3 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քվեաթերթիկների մեծամասնությունը դեռ հաշվարկված չէ:

Ավելի քան 64 միլիոն մարդ, ներառյալ արտասահմանում գտնվող ընտրողների, կարող էր մասնակցել կիրակի օրը կայացած ընտրություններին: Ըստ Associated Press-ի՝ ընտրություններին մասնակցել է գրեթե 89 տոկոսը:

Ե՛վ գործող նախագահ Էրդողանը, և՛ նրա հիմնական մրցակիցը՝ 74-ամյա Քըլըչդարօղլուն, պնդում են, որ ընտրությունները ամենակարևորն են երկրի պատմության մեջ:

Էրդողանի օրոք Թուրքիան վերածվել է ուժեղ նախագահական համակարգ ունեցող երկրի: Քըլըչդարօղլուն խոստանում է վերադարձնել Թուրքիան խորհրդարանական ժողովրդավարությանը, իսկ Էրդողանը պնդում է, որ նման համագարգին անցնելը կենսական նշանակություն ուներ երկրի համար: Ըստ Էրդողանի՝ «այս ընտրություններում օտարները փորձում են մասնատել և տրոհել Թուրքիան»։

Ուրբաթ օրը իր վերջին նախընտրական ելույթում Էրդողանը մեղադրեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ընտրությունների միջոցով իրեն իշխանությունից հեռացնելու փորձի մեջ։ Վաշինգտոնը հայտարարել է, որ ընտրություններում չի աջակցում կողմերից որևէ մեկին:

XS
SM
MD
LG