Ըստ Իսրայելի ռազմական գերատեսչության, չորեքշաբթի Գազայից առնվազն 400 հրթիռ և ականանետային արկեր են արձակել Իսրայելի կենտրոնական և հարավային շրջանների ուղղությամբ, սակայն դրանցից մոտ 150-ը ընկել են կա՛մ Գազայի հատվածում, կա՛մ ծովը: Իսրայելական կողմի հաղորդմամբ, մնացած հրթիռներն ու արկերը խոցվել են Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից:
Հրթիռակոծության հետևանքով Թել Ավիվում հարյուր հազարավոր իսրայելցիներ ստիպված են եղան պատսպարվել ապաստարաններում, կարճ ժամանակով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է ընդլայնել իր ձեռնարկած ռազմական գործողությունները:
Your browser doesn’t support HTML5
«Մենք ճակատամարտ ենք տալիս և պատրաստ ենք ցանկացած սցենարի: Խոսքս ուղղված է մեր թշնամիներին՝ հեռո՛ւ մեզնից»,- հայտարարել է Նեթանյահուն:
Բախումները սկսվեցին երեքշաբթի վաղ առավոտյան, երբ Իսրայելի հրթիռակոծման հետևանքով զոհվեցին «Իսլամական ջիհադի» երեք բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև նրանց կանայք և մի քանի երեխաներ: Ըստ անվտանգության գծով իսրայելցի պաշտոնյաների, երեք զինյալները պատասխանատու էին ահաբեկչական հարձակումների համար, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:
Ռազմական ղեկավարության պնդմամբ, իսրայելական գործողությունները զգալի վնաս են հասցնում «Իսլամական ջիհադ» խմբավորմանը և ի ցույց դնում Իսրայելի հետախուզության հնարավորությունները:
«Նրանք հասկանում են, որ մենք շատ լավ ենք տեղեկացված, թե ինչ ու որտեղ են անում, կոնկրետ ում հետ են խոսում և ինչի մասին։ Այդ երկուսը շատ կարևոր տարրեր են, որոնք փոխում են իրավիճակը տեղում»,- նշել է իսրայելական բանակի գնդապետ Իթամար Յաարը:
Նրա խոսքով, վերջին բախումները ավելի լայնածավալ հակամարտության մասն են, որը դեռևս հեռու է ավարտվելուց:
«Այս պայքարը շատ երկար է, որը ներառում է մարդկանց ամբողջ աշխարհում: Որովհետև մենք ունենք թշնամիներ, որոնք փորձում են ազդել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այստեղ և փորձում են խրախուսել ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք «Իսլամական ջիհադն» է,- պնդել է գնդապետ Յաարը:
Այժմ գլխավոր հարցերից է, թե արդյոք ռազմական բախմանը կմիանա իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, որը շատ ավելի մեծ է, քան «Իսլամական ջիհադը» և վերահսկում է Գազան: Մամուլի հրապարակումների համաձայն, Եգիպտոսն արդեն նախաձեռնել է բանակցություններ՝ հրադադարի վերականգնման շուրջ։