Թուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP, ԱԶԿ) Դիարբեքիրի ղեկավարների քարոզարշավի մեխը քաղաքում խաղաղության վերահաստատումն է։ Ոչ վաղ անցյալում այն իսկական մարտադաշտ էր թուրքական զինուժի և անջատողական՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) խմբավորումների միջև։ Այժմ քաղաքը վերակառուցվել է և գրավիչ է զբոսաշրջիկների համար:
«Դիարբեքիրում առաջնայինը խաղաղությունն է։ Նրանք ցանկանում են, որ այն շարունակվի: Այս հողերը աներևակայելի տուժել են։ Բայց Դիարբեքիրում հինգ տարի խաղաղություն է, և այն բոլորը գնահատում են»,- ասել ԱԶԿ-ի Դիարբեքիրի ղեկավար Սերիֆ Այդընը։
Ահաբեկչության դեմ Թուրքիայի կառավարության հայտարարած պատերազմը՝ ընտրված բազմաթիվ քաղաքապետերի պաշտոնանակության պատճառ հանդիսացավ, որոնք քրդամետ այդ կուսակցությունից էին։ Նույնը տեղի է ունեցել Դիարբեքիրում։
Ըստ վերլուծաբանների, փետրվարյան երկրաշարժերի հետևանքները և գնաճով պայմանավորված ճգնաժամը բացասաբար են անդրադարձել նախագահ Էրդողանի՝ վերընտրվելու հնարավորությունների վրա:
«[Երկրում] լուրջ տնտեսական ճգնաժամ է և ժողովրդավարության հետընթաց: Մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել են։ ԱԶԿ-ն փակել է քրդական հարցը ժողովրդավարական ուղով լուծելու պատուհանը։ Ուստի, քրդերի աջակցությունը ԱԶԿ-ին թուլացել է»,- ասել է քաղաքական վերլուծաբան Վահապ Քոսքունը։
Your browser doesn’t support HTML5
Պահպանողական կրոնական հայացքների տեր քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով՝ Էրդողանը նախընտրական դաշինք է կազմել քրդական իսլամիստական «Հուդա պար» կուսակցության հետ։ Սակայն այդ քայլը հարցեր է առաջացրել, քանի որ «Հուդա պարի» անդամները կասկածվում են Թուրքիայում արգելված «Հեզբոլլահ» խմբավորման հետ անցյալում ունեցած կապերի մեջ։ Խմբավորումը մեղադրվում է տասնյակ մարդկանց սպանության համար, որոնցից շատերը PKK-ի անդամներ էին։
««Հուդա պարը» չի խուսափել «Հեզբոլլահին» աջակցող հայտարարություններից։ Նրանք նույնիսկ պաշտպանել են վերջիններիս, և սա է հակասական արձագանքների հիմնական պատճառը։ Դատելով անվանումից՝ «Հուդա պարը» քրդական կուսակցություն է և այն գործում է որպես քրդական քաղաքական ուժ։ Բայց մարդիկ ասում են, որ նախկինում այն իր մասնակցությունն է ունեցել արյունալի կոտորածներին»,- ասել է Mezopotamya Ajansı լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Արջին Դիլեք Օնջելը։
«Հուդա պարը» հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ խաղաղության կուսակցություն է և որ իրեն ուղղված քննադատությունը ապակողմնորոշման հետևանք է:
«Ավելի ազնիվ կլիներ խոսել այսօրվա, ոչ թե 30 տարվա վաղեմության խնդիրների մասին։ Հինգ, վեց տարի առաջ Դիարբեքիրի հինգ, վեց տեղերում ռումբեր պայթեցին, տասնյակ մարդիկ զոհվեցին։ Նրանք պարզապես կտոր-կտոր եղան։ Ո՞վ էր պայթեցրել այդ ռումբերը: «Քրդստանի աշխատավորական կուսակցությունն» է պայթեցրել դրանք։ Նրանք վա՞յր են դրել զենքերը։ Ո՛չ»,- ասել է «Հուդա պարի» ազգային կոմիտեի անդամ Սեյհմուս Թանրիկուլուն։
Էրդողանի դաշինքը «Հուդա պարի» հետ խորացնում է տարակարծությունները։ Դիտորդները նախազգուշացնում են, որ այն կարող է վանել ընտրողներին, քան շահագրգռել նրանց՝ էլ ավելի սրելով նախընտրական բևեռացված իրավիճակը: