Նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, առաջին անգամ տեսանյութի միջոցով դիմելով ընտրողներին, հայտարարել է իր ալեւի կրոնական ինքնությունը։ Նման խոստովանությունները հազվադեպ են թուրքական քաղաքականության մեջ, քանի որ ալևիզմը դարեր շարունակ ենթարկվել է խտրականության սուննի մուսուլմանների մեծամասնության կողմից:
Թուրքական կրոնի և պետական հարաբերությունների փորձագետ Իսթար Գոզայդին կարծում է՝ «Դա իսլամի տարբեր մեկնաբանություն է: Ծեսերը տարբեր են, մեկնաբանությունը տարբեր է, փիլիսոփայությունն այլ է: Այնպես որ, թունդ սուննիները դա ընկալում են որպես հերետիկոսական մեկնաբանություն»։
Ալևիներն աղոթում են ոչ թե մզկիթներում, այլ Ջեմևիսում՝ երկրպագելով պարի միջոցով: Ի տարբերություն իսլամի մեկնաբանությունների մեծ մասի, աղոթքի ժամանակ տղամարդկանց և կանանց բաժանում չկա, և կանայք պարտավոր չեն կրոնական գլխաշոր կրել:
Ալեւիները բազմիցս դարձել են աղանդավորական բռնությունների զոհ:1993 թվականին կրոնական ամբոխը այրեց հյուրանոցը, որտեղ անցկացվում էր ալեւիների մշակութային փառատոն:
Բռնությունները շարունակվում են մինչ օրս։ Ստամբուլի Kartal Cemevi-ի ղեկավար Սելամի Սարիտասը անցյալ տարի հարձակման էր ենթարկվել աղանդավորական ամբոխի կողմից:
Նա ողջունում է Քըլըչդարօղլուի տեսանյութը։ «Այս տեսանյութը մեծ թեթևացում է բերել մեր հասարակությանը: Գոնե հիմա բանը հասել է նրան, որ մարդիկ կարող են ավելի բաց խոսել իրենց ալեւի ինքնության մասին: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները ապահով ապրեն այս երկրում. մենք ուզում ենք, որ մեր երեխաներն այս երկրում հավասարը հավասարի ապրեն»,-ասել է նա։
Սակայն Քըլըչդարօղլուն ենթարկվել է հարձակման և սպառնալիքների սոցիալական ցանցերում՝ մեղադրվելով երկիրը պառակտելու մեջ:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ քողարկված հարձակումներ է կատարում Քըլըչդարօղլուի ալևիական ինքնության վրա:
Մինչ այժմ Քըլըչդարօղլուի կրոնական ինքնությունը շատ ընտրողների շրջանում լայնորեն համարվում էր ընտրական արատ: Այնուամենայնիվ, քանի որ նա գլխավորում է կրոնական և ազգայնական կուսակցությունների դաշինքը, որոշ դիտորդներ ասում են, որ թուրքական հասարակությունը փոխվում է:
Panorama TR Research ընկերության տնօրեն Օսման Սերտն ասել է. «Դա շատ կարևոր էր երկրում։ Բայց մեր օրերում, եթե նայեք «Միլլեթ Իթթիֆակի»-ին` ընդդիմության դաշինքին, ապա գիտեք, որ իսլամիստներն ու ազգայնականները, աշխարհիկները, ալևիներն ու սուննիները բոլորը միասին են, և դա նշանակում է, որ դա այնքան էլ կարևոր չէ, որքան միգուցե 10 տարի առաջ էր»:
Քըլըչդարօղլուի տեսահոլովակը դիտվում է որպես քաղաքական խաղ, սակայն ավելի քան 100 միլիոն դիտումներով այն ազդեցություն է ունեցել:
Իսթար Գոզայդինի խոսքով՝ «Մտածելով այն խարանների մասին, որոնց բախվել է ալևի հասարակությունը մինչ այժմ, սա շատ, շատ խիզախ և շատ կարևոր քայլ է»։
Գնալով ավելի անհասկանալի է մնում, թե արդյոք Քըլըչդարօղլուի նախընտրական խաղն իր արդյունքը կտա: Բայց որոշ դիտորդներ ասում են, որ նա արդեն փոխել է երկրի քաղաքական լանդշաֆտը: