«[Այսօր Ռուսաստանում] պատկերը հետևյալն է՝ հիմնական անկախ լրատվամիջոցները ոչնչացված են, սակայն սա չի նշանակում, որ այդպիսով կյանքն ավարտված է, որովհետև դիմադրության ինչ-որ փորձեր կան որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք, ի դեպ, նախկինում, ամենևին էլ ընդդիմադիր չէին։ Օրինակ, Собеседник շաբաթաթերթը։ Նրանք պարբերաբար խնդիրների են բախվում, սակայն հերոսաբար դիմադրում են, գրում են ազնիվ և սուր»,- ասում է Ռուսաստանից դուրս գործող Новая Газета Европа պարբերականի մեկնաբան, Յան Շենկմանը:
Յան Շենկմանը Երևանում է գրեթե մեկ տարի։ Կրեմլի հասցեին սուր քննադատություններով աչքի ընկած մոսկովյան Новая Газета պարբերականին տևական ժամանակ թղթակցած լրագրողը պատմում է, որ նախորդ ամիսների ընթացքում Ռուսաստանը լքած հարյուր հազարավոր ռուսաստանցիների նման ինքն էլ հանկարծակի գիտակցեց, որ երկիրը փոխվել է, և այն ազատությունները, իրավունքններն ու հեռանկարը, որ մարդկանց բերել էր Խորհրդային Միության փլուզումը, արագորեն չքվում են։
«Աղետը շարունակվում է։ Այն դեռ չի ավարտվել և հետագայում ինչ ասես կարող է տեղի ունենալ։ Ուստի երկարաժամկետ ծրագրեր ոչ ոք չի կառուցում», հավելում է Շենկմանը:
Շենկմանն այսօր Երևանում ապրող ու աշխատող ռուսաստանցի միակ լրագրողը չէ։ Նրա գնահատմամբ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում Հայաստան են տեղափոխվել ռուսաստանյան տարբեր լրատվամիջոցների շուրջ հարյուր ներկայացուցիչներ։ Հնարավոր է՝ իր դերն է ունեցել տարածաշրջանում ամենից ազատ մամուլն ունեցող երկրի կարգավիճակը, որը Հայաստանն ունի անցած տարվանից։
Հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Sans Frontières - RSF) կազմակերպության կողմից ամեն տարի հրապարակվող Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի (World Press Freedom Index 2022) համաձայն, լրատվամիջոցների ազատության գծով Հայաստանը առաջ է անցել իր բոլոր հարևաններից՝ Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից ու Իրանից, զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը։
Հայաստանն անգամ ավելի լավ դիրքում է, քան Եվրամիության որոշ երկրներ՝ Սլովենիան, Ռումինիան, Իտալիան։
Երևանում գործող Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ, Media.Am-ի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքերով, Ռուսաստանից Հայաստան ժամանած լրագրողների հետ համագործակցությունը սկսեց ընդլայնվել:
Your browser doesn’t support HTML5
Արդեն 27 տարի գործող Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայաստանյան լրագրողական ազդեցիկ կազմակերպություններից մեկն է։ Նախորդ ամիսներին կենտրոնի շնորհիվ ռուսաստանցի շուրջ երկու տասնյակ լրագրողներ կարողացան աշխատանքի անցնել՝ գտնվելով Հայաստանում։ Կենտրոնի ներկայացուցիչ, Media.Am-ի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքով, Ռուսաստանը թողած լրագրողների համար Երևանում սկզբանական շրջանում դյուրին չէր։ Մի մասը մնաց, մյուս մասի համար Հայաստանը ժամանակավոր հանգրվան էր՝ գլխավորապես Եվրոպա տեղափոխվելու համար։
Ուկրաինական պատերազմից շատ չանցած նաև Երևանում բացվեց Կրեմլին ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած Ковчег կազմակերության գրասենյակը։ Ковчег-ը մեկ նպատակ ունի՝ աջակցել պատերազմի պատճառով իրենց երկիրը թողած ռուսաստանցիներին։ Երևանյան գրասենյակի համակարգող Դարինա Մայացկայան պատմում է, որ Ռուսաստանից հեռացած լրագրողների համար ամենից մեծ խնդիր աշխատանք գտնելն է։
«Լրագրողները մեկնում են Ռուսաստանից՝ պատժիչ օրենքների խստացման, պարզապես իրենց սովորական աշխատանքը կատարելու համար հետապնդումների ենթարկվելու, ինչպես նաև այն պատճառով, որ այլևս հնարավոր չէ օբյեկտիվ գրել Ռուսաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- ասում է Ковчег կազմակերության երևանյան գրասենյակի համակարգող, Դարինա Մայացկայան:
Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի համաձայն, նախորդ հինգ տարիներին Ռուսասատանը միայն վատացրել է իր ցուցանիշը՝ գլորվելով 155-րդ հորիզոնական։ Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, ներկայում Ռուսաստանում ճաղերի հետևում է առնվազն 21 լրագրող: