Բախմուտի համար մղված մարտերում Ռուսաստանի կողմից զոհվել և վիրավորվել է մոտ 100 000 մարդ. Սպիտակ տուն 

Երկուշաբթի օրը Սպիտակ տան կողմից հրապարակված հետախուզական տվյալների համաձայն, նախորդ հինգ ամիսներին՝ Բախմուտի համար մղված մարտերում Ռուսաստանի կորուստները կազմել են շուրջ 100 000 մարդ՝ զոհեր ու վիրավորներ:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին լրագրողներին հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետախուզության գնահատականների վրա հիմնված թվերը ներառում են ավելի քան 20 000 զոհվածներ, որոնց կեսը «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունից են՝ ռուսաստանյան բանտերից հավաքագրված դատապարտյալներ:

«Ռուսաստանի փորձը՝ հիմնականում Բախմուտի ուղղությամբ հարձակման անցնել Դոնբասում, ձախողվել է», - նշել է Քիրբին՝ հավելելով․ «Ռուսաստանը չի կարողացել գրավել ռազմավարական նշանակություն ունեցող որևէ տարածք»։

Նրա խոսքով, թեև ռուսական ուժերը Բախմուտում որոշակի հաջողության են հասել, սակայն «սարսափելի, սարսափելի գին» են վճարել, և տարածաշրջանում ուկրաինական պաշտպանությունը շարունակում է ամուր մնալ:

«Ռուսաստանը սպառել է իր ռազմական պաշարները և ուժերը: Մեր գնահատմամբ, միայն դեկտեմբերից ի վեր Ռուսաստանի կորուստները կազմում են 100 000 մարդ՝ ներառյալ մարտերում սպանված 20 000 հոգին, որոնցից կեսը «Վագների» զինյալներն են», - հավելել է Քիրբին:

«Այս թվերն ապշեցուցիչ են»,- նշել է նա՝ շարունակելով, որ Բախմուտում ռուսական կորուստները երեք անգամ ավելին են, քան ամերիկացիների զոհերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գվադալկանալի ճակատամարտում։

Ըստ Ջոն Քիրբիի, շուտով կհայտարարվի Ուկրաինային ամերիկյան սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման մասին։

Սույն հոդվածի հիմքում «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հրապարակումն է: